Մենք կանչերի այսպիսի քանակ չենք ունեցել․ Թագուհի Ստեփանյան

Մենք կանչերի այսպիսի քանակ չենք ունեցել․ Թագուհի Ստեփանյան
Թագուհի Ստեփանյան

Դատելով մամուլի հրապարակումներից՝  շտապօգնության համակարգում բավականաչափ ծանր  վիճակ է․ որոշ բժիշկներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ նշելով, որ այլևս վիճակն անտանելի է և բժիշկները  սոցիալական բեռի պատճառով, քայքալելով իրենց առողջությունը, այլևս չեն կարողանում աշխատել՝ ամեն մի հերթապահության համար դիմաց ստանալով 17 հազար դրամի չափ գումար։ Այսինքն՝ ամսական մոտ 70 հազար, եթե հաշվի առնենք, որ միջինում՝ ամեն բրիգադը 4 հերթապահություն է ունենում։

Իսկ  պատճառներից առաջինը գերծանրաբեռնվածությունն է: Կանչերի ահռելի քանակի պատճառով, ինչպես նշում է բժիշկը, չի կարողանում ապահովել պատշաճ որակ։ Այս առնչությամբ Hraparak.am-ը զրուցել է «Շտապ օգնության»  տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։

-Տիկին Ստեփանյան, Ձեր բժիշկներից Վահրամ Բուլղուդարյանի հիմնական դժգոհությունը, որ կանչերի ահռելի քանակ չեն կարողանում ծածկել։

-Էնպես չէ, որ մենք լարված աշխատանքի կամ ծանրաբեռնվածության մասին երբևէ չենք արձագանքել։ Երևի թե, եթե հետևեք մամուլին, կտեսնեք, որ մենք միշտ էլ ասել ենք, որ մեր կանչերը բավականին շատ են, որ հիվանդանոց տեղափոխված հիվանդները, այսինքն՝ զուտ անհետաձգելի կանչերի հետ կապված քանակը բավականին քիչ է՝ համեմատած մեր ընդհանուր կանչերի քանակի։ Որ այդ կանչերի մի մասը պետք է պոլիկլինիկաները անեն, մի մասը՝ բնակիչն ինքը պետք է հասկանա, թե որ դեպքերում են շտապօգնություն կանչում։ Ոչ ոք չի հերքում, որ մեր կանչերի թիվն այսօր ահավոր բարձր է, և մեր բոլոր բուժաշխատողներն այսօր աշխատում են ծանրաբեռնված։

-Ի՞նչ եք անում վիճակը թեթևացնելու համար։ 

- Նախ, օրական 800 կանչ մեզ մոտ ավելի ամրապնդվել է տարեվերջից առ այսօր։ Մինչ այդ մեր միջին կանչերի թիվը եղել է 600-650։

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Ինչ ասեմ, եթե մեզ անընդհատ կանչում են։

-Դե, գրիպի համաճարակ, ոտք կոտրել և այլն։

-Չէ, մեր կանչերի թիվը տարեցտարի, անընդհատ շատանում է։ Դա ավելի շատ պայմանավորված է որ մարդիկ․․․ Ստեղ և վստահության հարցն է՝ գերադասում են շտապօգնություն կանչել, քան դիմել իրենց ընտանեկան բժշկին կամ գնալ պոլիկլինիկա։ Կամ կանչել մեզ՝ դեղատնից իրենց դեղորայքն առնելու փոխարեն։ Ես կարող եմ խոսել ծառայության մասով, որ մեր կանչերի թիվը  բավականին բարձրացել է։ Կանչերն են՝ սիրտ-անոթային հիվանդություններ, սուր շնչառական, տարբեր տեսակի վնասվածքներ։

-Բա, լավ, բժիշկները հեռանում են, ի՞նչ լուծում եք տեսնում։

-Մենակ ես չեմ, բոլորը մտածում են, քննարկում են, թե ինչ անեն բժշկի, բուժաշխատողի  աշխատավարձը բարձրացնեն, ապահովագրության հարցն էլ է բարձրանում։

-Որքան կանչ է ամեն մի բրիգադ սպասարկում։

- Օրական 3035 կանչ՝ ամեն մի բրիգադը, որոնք հիմա, կարելի է ասել, հավասարեցված են վերակենդանացման բրիգադի կարգավիճակին։ Այսինքն՝ 33 բրիգադ, մեկ հոգեբուժական, երկու՝ ֆելդշերական։

-Իսկ նոր բժիշկների հրավիրելու հնարավորություն չկա՞։

-Այստեղ նոր բժիշկներ հրավիրելու հարցը չէ, բրիգադի ձևակերպման և ավել մեքենա աշխատացնելու, որը պետք է ֆինանսավորվի։

-Նախարարը խոսում է բժշկական պարտադիր ապահովագրության համակարգի մասին, ինչո՞ւ չեք ապահովագրում բժիշկներին։

-Դե մենք էլ ենք խնդրում նախարարին, քանի որ նույն անձնակազմն էլ  տեսել է, որ պոլիկլինիկան ծառայություններում կիրառվում է թե՛ այդ ապահովագրությունը, թե՛ աշխատավարձերն են բարձրացել։ «Շտապ օգնության»  էլ առաջնային օղակ է և իրենք էլ են ուզում հասկանալ, թե ինչու իրենց տարբերակում դա չի կիրառվել։ Կարծում եմ՝ էդ հարցը լուծում կստանա և կկիրառվի։

-Թորոսյանը նման խոստում տվե՞լ է։

-Դա երեկ է եղել, այսօր մեր հիմնադիրը՝ քաղաքապետարանը, տեղյակ է պահվել և քաղաքապետարանում այդ բանակցությունները կվարվեն, և երևի ինչ-որ մի ընդհանուր հայտարարի կգանք։ Չեմ կարծում, որ մի համակարգի ղեկավարը ցանկություն ունենա, որ ինչ-որ մի բան համակարգում վատ լինի։ Ու մեկ հոգի է գնացել։  Երկորդ դիմումի գրողը այսօր աշխատում է։ Տարոնի մասին է խոսքը։ Եթե ցանկություն չուներ աշխատելու, երևի թե չէր աշխատի։

-Նաև նախարար Արսեն Թորոսյանն էր դժգոհում, թե մեքենաները չեն զիջում «Շտապ օգնության»  մեքենաներին։ Ինչպե՞ս պետք է այս հարցը կարգավորվի։

- Մենք միշտ  տարբեր դասընթացներ ենք անցկացրել, Ճանապարհային ոստիկանության հետ միասին ժողովներ ենք անցկացրել, ոստիկանության աշխատակիցները բացատրել են մեր աշխատակիցներին, որ դեպքերում և ոնց կարող են վարել մեքենան և այլն։ Ուղղակի, լինում են իրավիճակներ, երբ նման դեպքեր են տեղի ունենում։