Միհրան Պողոսյանի գրասենյակից առգրավվել են իրեր

Միհրան Պողոսյանի գրասենյակից առգրավվել են իրեր

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ավարտել են խուզարկությունը։ Ինչպես hraparak.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ և ԱԱԾ քննիչների կողմից կատարված խուզարկությունների արդյունքում կատարվել են խուզարկություններ եւ առգրավումներ։

Թե խոսքն ինչ իրերի մասին է, ՀՔԾ-ն նախաքննության շահերից ելնելով, չի կարող հայտնել։ 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկություն էր իրականացվում Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն  այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չներկայացավ՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: