Դավիթ Սանասարյանը հրաժարվել է դիմել դատարան՝ իր պաշտոնավարումը կասեցնելու վերաբերյալ

Դավիթ Սանասարյանը հրաժարվել է դիմել դատարան՝ իր պաշտոնավարումը կասեցնելու վերաբերյալ

Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն, հնարավոր է, այն շուտով ավարտվի։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Նա չցանկացավ ասել, թե ինչ քննչական գործողություններ են տեղի ունեցել Սանասարյանի մասնակցությամբ․ «Գիտեք, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով մենք այդ տեղեկությունները չենք կարող տալ, բայց մենք ենթարդում ենք, որ քրեական գործը շուտով կավարտվի, քանի որ արդեն ահագին երկար ժամանակ է։ Նախաքննությունը, որ ավարտվի, մեծ սիրով հարցերին կպատասխանենք, մեկ ամիս, երկու ամիս, այնուամենայնիվ, հուսով ենք, որ կավարտվի՝ քրեական հետպանդումը դադարեցնելով։ Անկախ նրանից կդադարեցվի՞, թե՞ կուղարկեն դատարան գործը, նախաքննության գաղտնիքի խնդիր մենք այլեւս չենք ունենալու։ Եվ կարող ենք մանրակրկիտ խոսել»։

Հարցին, թե ակտիվ կերպով նախաքննությունը ընթանո՞ւմ է, Սարդարյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող հստակ ասել, որ նախաքննություն չի իրականացվում, ակտիվություն չկա միայն նրա համար, որ ենթադրենք պարոն Սանասարյանի հետ գործողություններ չեն իրականացվում։ Հիմնական գործն այլ անձանց վերաբերյալ է, պարոն Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, այսպես ասած, ածանցյալ ինչ-որ բան է, եւ գործից անջատ էլ չի կարող լինել»։

Նա նաեւ նշեց, որ կարող էին այս փուլում դիմել դատարան՝ պաշտոնավարումը կասեցնելու վերաբերյալ, սակայն իրենց պաշտպանյալը թույլ չի տվել․ «Կարելի էր այս փուլում նույնիսկ դատարան գնալ՝ պաշտոնավարումը կասեցնելու հարցի շուրջ, հարկադրանքի միջոցի որոշումը բողոքարկել, բայց պարոն Սանասարյանն ասաց՝ չի ուզում։ Մի խոսքով՝ մենք գտնում ենք, որ մեղադրանքը առերեւույթ անհիմն մեղադրանք է, բայց, թե դա ինչով է պայմանավորված, կներկայացնենք նախաքննության ավարտին»։

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր․ «Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»։