Կարինե Աշուղյան․ «Ապրելու կամք» (Studium vivendi) շարքից

Կարինե Աշուղյան․ «Ապրելու կամք» (Studium vivendi) շարքից

ՏԱՏՍ, ՄԱՅՐՍ, ԵՍ

Գիտեի՝ տատս տատ է եղել միշտ՝
կաղնու կեղեւի պես կնճռոտ դեմքով
եւ կճիռների մեջ ծաղկող ժպիտով:
Գիտեի՝ մայրս հենց մայր է ծնվել՝
գեղուղեշ ծառի պես թարմ ու ջահել,
երբ պստիկ էի՝ կանաչ, մատղաշ ոստ:
Հիմա, երբ տատս արդեն վաղուց է,
որ ժպտում է մեզ իր դրախտներից,
իսկ մայրս, կքած թարմագեղության
վերհուշների տակ, վաղուց ինքն է տատ,
հիմա, երբ տղաս գուցե կարծում է,
թե ես հենց որպես իր մայր եմ ծնվել,
մայրս էլ հաստատ ի ծնե է տատ,
չհավատալով ոչ մի նկարի ու ապացույցի
կամ իր ողջախոհ դատողությանը -
հիմա ես գիտեմ, որ ժիր-հերարձակ,
տիկնիկը կրծքին մայրաբար սեղմած,
դեպի հորիզոն, դեպի ծիածան
ու դեպի կյանքը հրճվանքով վազող՝
մենք ճիշտ նույն եւ նույն աղջիկն ենք թիթիզ՝
տատս,
մայրս,
ես։

ԵՐԱԶ

Արթնացա այնքա՜ն երջանիկ,
ձեռքերիս՝ գույնզգույն հազար թել,
կծկում եմ՝ դառնում են հեքիաթներ
ցնորքի մասին մեն-միակ,
աչքերս, կես-բաց ու կես-փակ,
ծանր արցունքի փոխարեն՝
քեզանով, քեզանով լեփ-լեցուն...
Հապաղի թող մի քիչ նոր օրը,
կրկնվի այն անցած երանին.
խելքից դուրս, թովչական սիրո մեջ՝
այն ո՞վ է վախենում մահվանից:
Գրկում եմ երազիս ծվենը
ու խաղաղ ժպտում եմ նոր օրվան:

ՄՇՈ ԱՂՋԻԿ

Իմ հորատատը
ուրախ ժամանակ
սեւ խաղողահատ,
քաղցր աչքերով
նայում էր վրաս
եւ իր իմացած
մեն ու մի հատիկ
երգն էր երգում՝
«Մշո աղջիկը»,
իր բառով ասած՝
«ուղիղ քառսուն տուն»:
Տնից տուն, սակայն,
կարոտն էր ծփում
առ Մուշ, առ Էրգիր,
եւ ծովանում էր
արցունքն աչքերում:
Եվ ամեն անգամ
ես խնդրում էի՝
տատ, էլ մի երգիր,
կեսն էլ՝ այլ անգամ:
Ինչ իմանայի,
որ տատս վերջին
Մշո աղջիկն է՝
հորից ժառանգած
մեն-միակ գանձով՝
իր անգիր երգով՝
«Մշո աղջկա»
քառասուն տնով:
«Մշո աղջիկը»
սեւ խաղողահատ,
քաղցր աչքերով
իմ ափսոսանքն է
ուղիղ քսան տուն:

ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ

Գիշեր-գիշերի ետեւից անվերջ
եւ ցերեկները ինձ հետապնդող,
կրկին կրկնվող մղձավանջի մեջ՝
երբ ստորգետնյա ինչ-որ սարսափում
հանկարծ հայտնված՝ ելքն էի փնտրում,
կույր-կույր խարխափում նենգ բավիղներում,
տեսնում՝ ինչպես են հեշտ անցուդարձում
ինձ չնկատող անցորդներն ուրիշ,
նրանց ետեւից վազում խելահեղ,
որ գետնի տակից նրանց հետ ելնեմ,
սակայն հայտնվում նորից փակուղում-
արդեն գիտեի` որդուս լուսերես
պատկերն այլեւս երբեք ու երբեք
չտեսնելու վախն ու վտանգը սուր,
եւ նրա աստղոտ աչքերի լույսով
այլեւս երբեք չողողվելը՝
բոլոր անհնար ու հնարավոր,
գրված-չգրված սոսկանքների մեջ
ամենադժոխք դժոխքն է դժնի…

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ

Նմանակների
ձույլ նույնության մեջ՝
տարբերություններ,
հակոտնյաների
տարբերության մեջ՝
նմանություններ,
ամենամեծում՝
ամենափոքրը
եւ աննշմարում՝
ամենամեծը,
անգունությունը
որպես ծիածան
գույն-գույն կռահող,
համրության մեջ՝ ձայն
եւ ձայների մեջ՝
լռության քարը,
հրճվանքների մեջ՝
վհատության սաղմ,
ողբի մեջ՝ հույսի
անակնկալ ծիլ,
խաղաղության մեջ՝
պատերազմի հեւք,
պատերազմի մեջ ՝
խաղաղության շունչ,
ատելության մեջ՝
սիրո բողբոջը
եւ անսիրության
քամին՝ սիրո մեջ,
կյանքի մեջ՝ մահվան
հալածանքը սեւ,
մահվան մեջ՝ կյանքի
ժպիտ ծիկրակող-
այս ամենայնը
(եւ շատ առավելն
ու մնացյալը)
տեսնող հայացքս
շաղվում է մեկ-մեկ,
շլանում եմ ես,
ու պատռվում է
պատյանը տգեղ
հրավառության
մեջ Գեղեցիկի:
Եվ քիչ է մնում՝
էլ չսարսափեմ
մեն-մի վայրկյանից,
երբ սայթաքելով
Անմահությունն ես
կորցնում հավերժ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ

Փոքրիկ աղջիկ,
ներիր, որ մենք
չգնացինք
ճամփաներով
քո երազած,
այլ կույր-անզոր՝
հանձնվեցինք
ճակատագրի
պտտահողﬕ ն,
եւ ջուրն ընկանք,
եւ կրակը:
Ներիր, ներիր
քո պսպղուն
եւ շողշողուն,
լույս-պատկերի
աղավաղումը
օրեցօր,
աղճատումը
տարեցտարի,
ներիր սիրուն
սիրտդ՝ անզեն
եւ դուռը բ աց
թողնելն անփույթ,
ներիր, որ քեզ
չփրկեցի
ներս սողոսկող
աﬔ ն չարից,
վրիպանքից,
հոգսից, ցավից:
Տես, իմ խորքում
քեզ փայել եմ
ու փայփայել,
եւ նույնն ես դու,
մեկ-մեկ լացկան,
իմ լավ աղջիկ,
մի արտասվիր,
մենք ճանապարհ
կընկնենք մի օր
դեպի յոթ ծով,
յոթ սար այն կողմ
եւ, իմ արեւ,
դեռ կլինենք
շատ երջանիկ,
փոքրիկ Կարիկ:

ԻՆՁ ԴԵՆ ՄԻ ՆԵՏԵՔ

Ինձ դեն մի նետեք,
տեսեք՝ խոսում եմ
եւ դեռ շարժում եմ
եղած ու չեղած
ոտուձեռքս ես,
դեռ գցելու չէ
հագուկապուստս,
դեռ կան մազերս,
թեկուզ եւ՝ նոսր:
Ես՝ միոտանի
ու կաղին տալով,
ես՝ կռնատ-կռնատ
ու մի աչքանի,
մի անգամ փախա,
երբ տանում էիք
աղբամանի մոտ…
Հիմա սուսուփուս
կընկնեմ-կմնամ
ձեր աչքից հեռու
մի խուլ անկյունում:
Թեկուզ ՝ կոտրված,
բայց տիկնիկ եմ դեռ:

ԵՎՍ ՄԻ ՏԱՐԻ, ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ

Քանի հմայիլ
նետեցի ջուրը
եւ քանի հուռութք՝
անխոհեմ-անփույթ՝
քամիներին զուր-
արբշիռ կյանքն էի
կրում իբրեւ զարդ:
Դառնամ, ներեմ ինձ
ու ներում հայցեմ
ինքս ինձանից.
ես չդողացի
երբեք քեզ վրա,
չգուրգուրեցի,
չպաշտպանեցի,
իմ փխրուն մարմին՝
իմ հոգու խեցի՝
տրված, որ լցվես
խինդ ու բերկրությամբ:
Ես՝ կույր, անվրդով,
ամեն սխալի,
ամեն մեղքի հետ
դուռը բացեցի
տառապանքի դեմ,
ու ցավն անսփոփ
մարմինս լցվեց:
Բայց հոգիս, հոգիս
(երեւի, գուցե )
վազող ջրերի
անտակ ծոցերից
եւ քամիների
հազար ձեռքերից
հմայիլներ է
փրկել ինձ համար…
Տեր, հրաշափառ
այդ շշուկներով
թող Առավոտը
շնորհի ժպիտ,
հետո ձեռքերով
իր լուսացնուղ
մեկ կամ մի քանի
հուռութքներ շարի
իմ պարանոցին:
Տեր, մեղա, մեղա,
բայց Դու բոլորից
լավ գիտես՝ ինչու:

ԱՊՐԵԼՈՒ ԿԱՄՔ

Անցնել խուլ խավարի,
կույր լռության ﬕջով՝
անհնարին սեւ, սեւ...
անցնել լուռ, անայլայլ՝
բազմաչարապատիկ
այս ձﬔռվա ﬕջով.
ահա, էլի կես քայլ-
փրկություն ու գարուն,
անցնել անգայթ, թեթեւ՝
բռնած ապառնիից
քեզ ﬔկնված ծառի
ձեռքը ծաղկափթիթ:

Լուսանկարը՝ «Անդին» ամսագրի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ