Դետեկտիվի ինստիտուտը՝ որպես «ապարանցու լամպուշկա»

Դետեկտիվի ինստիտուտը՝ որպես «ապարանցու լամպուշկա»

Նախկին ոստիկանները, քննիչները, ոստիկանության եւ ԱԱԾ սպայական անձնակազմն այս օրերին մասնավոր զրույցներում քննարկում են ոստիկանության համակարգի մոտալուտ վերակազմավորումը: Հիշեցնենք․ ենթադրվում է ներքին գործերի նախարարության ստեղծում, որի կազմում է գործելու Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների բաժինը, «ոստիկանության զորքերի»՝ «ազգային գվարդիայի» վերանվանում,  նախաքննություն վարելու լիազորության վերադարձ ոստիկանությանը, դետեկտիվի ինստիտուտի ներդրում, նոր պարեկային ծառայության ստեղծում, քաղաքացիական պաշտոնների ընդլայնում, ոստիկանների ավելի բարձր վարձատրություն եւ այլն: 

Շատերն են կարծիք հայտնում, որ փոփոխություններն այս վարչապետին անհրաժեշտ են հավատարիմ, մեծ լիազորություններով օժտված ուժային սուպերկառույց ունենալու համար, որը հակակշիռ կլինի դատախազությանը, որտեղ նվիրյալ նիկոլականներ քիչ կան, եւ ԱԱԾ-ին, որը, ինչպես ցույց տվեցին Արթուր Վանեցյանի շուրջ զարգացումները, ամեն րոպե կարող է «պլստալ» իշխանության տակից: Պատահական չէ ոստիկանությանը տրվելու գաղտնալսումներ անելու իրավունքը: Նախկին ոստիկանները հիմնականում դեմ են արտահայտվում նոր ռազմավարությանը, որը հրապարակվեց փետրվարի 10-ին, թեեւ իրավական նախագծերի կայքի քվեարկության բաժնում մինչ այս պահը ընդամենը մեկ «դեմ» կա: 

Հրապարակավ չեն արտահայտվում անգամ ոստիկանության ստաժավոր գեներալները: Ոստիկանության ակադեմիայի նախկին ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ նախագծին եւ կարծիք հայտնել չի կարող: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասաց, որ հիվանդ է, թռուցիկ է ծանոթացել փաստաթղթին, բայց շատ ընդունելի կետեր է տեսել: Լավ, մի երկու խոսք ասեք, պե՞տք է նորից նախարարություն ստեղծել: «Շատ երկրներում կա այդ պրակտիկան, նույնիսկ իմ ժամանակ դա քննարկում էինք: Կարծում եմ՝ շուտ-ուշ, դա պետք է արվի: Իհարկե, կան վիճելի պահեր, շատ բան դեռ պետք է հղկվի, դրսի փորձը վերցնել ու ուղղակի ներդնելը Հայաստանում, չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասաց նա, խնդրելով այսքանով բավարարվել:  

Սակայն նեղ շրջանակներում նախկին ու ներկա ոստիկաններն ու քրեագետներն ավելի անկաշկանդ են արտահայտվում: Արդեն հնչում են առաջին մասնագիտական վերլուծությունները: Ընդհանուր մտավախությունն այն է, որ նոր ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը երիտասարդ «քայլողի» վրայով է «կարվելու», որի հիմնական զբաղմունքը լինելու է ոստիկանությունը: «Ոստիկանապետը «ֆուկ» ա լինելու, կատարելու է աբսուրդ հրամաններ, ինչպիսին սեւազգեստ մարդկանց, զինյալների կամ սատանայապաշտների հայտնաբերման հանձնարարականներն էին: Էդ քայլողն էնքան «էշ» հանձնարարություններ կտա, իսկ էսօրվա ոստիկանապետը չի կարա ասի՝ այ լակոտ, տեղդ նստի, սխալ ես ասում: Արդյունքում բազմաթիվ ապօրինություններ կլինեն, էսօրվանից 10 անգամ շատ, դուք կգրեք, իսկ կուժն ու կուլան կկոտրվեն անձնակազմի գլխին»,- ասաց միջին սպայական անձնակազմի ծառայողներից մեր զրուցակիցը, որը 15 տարվա աշխատող է ու խիստ պրակտիկ մտածողություն ունի: 

Ըստ արդարադատության նախարարության պատրաստած նախագծի, ներքին զորքերի փոխարեն գործելու է ազգային գվարդիան: Առաջարկվում է օրենքով ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման եւ գործունեության կարգն այլեւս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն «ոստիկանության զորքերը» վերանվանվելու է «ազգային գվարդիա»: Ազգային գվարդիա ստեղծեցին Ռուսաստանում, սակայն այնտեղ այդ ստորաբաժանումն առանձնացված է եւ չի մտնում որեւէ այլ կառույցի մեջ: Մեր ազգային գվարդիան ՆԳՆ կազմում է գործելու, սակայն հզոր կառույց է լինելու, ներառելով նաեւ պահակային ծառայությունը, որը հարյուրավոր օբյեկտներ է պահպանում: Գվարդիան իշխանության հենարանն է լինելու համակարգում, անհրաժեշտության դեպքում, եթե հանկարծ նախարարը «խաղեր» տա, հակակշռելու է վերջինիս: Կուլիսներում խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ ազգային գվարդիան ղեկավարելու է ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, որը Փաշինյանի համադասարանցին է, նրա հավատարիմ «ուժայիններից»: 

Ամենախնդրահարույց կետերից է քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, կապ պահելով քննչական մյուս մարմինների հետ։ Սա արդարադատության նախարար Բադասյանի «նոու հաուն»  են համարում, որը, սակայն, հեծանիվ չի հորինել: «Դետեկտիվի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում, մի շարք այլ երկրներում, սակայն քրեական արդարադատությունն այդ երկրներում ունի առանձնահատկություն: Այնտեղ չկան քննչական մարմիններ, եւ ապացույցն այնտեղ ծնվում է դատարանում, մինչդեռ մեզ մոտ քննչական մարմինն է ապացույց ճանաչում,- բացատրեց ոստիկանության համակարգին մոտ իրավաբանը։- ԱՄՆ-ում օպերատիվնիկը, կոմիսարը, դետեկտիվը տանում են, օրինակ, դանակը դատական լսման, ու դատարանը ճանաչում է այն իրեղեն ապացույց: Մեզ մոտ եթե դետեկտիվը պետք է քննչական գործառույթներ կատարի, ապացույց ճանաչի, գործ քննի, էլ քննչականն ի՞նչ է անելու: Կամ էլ ամբողջ համակարգը պետք է փոխվի, օրենսդրությունը: Հակառակ դեպքում կստացվի ապարանցու պատմությունը, որը գալիս է քաղաք, լամպուշկա է առնում, տանում-կպցնում է երթիկին ու սպասում, որ լույս տա»: