44-օրյա պատերազմի մասնակիցների են դատում

44-օրյա պատերազմի մասնակիցների են դատում

Վերջերս ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ այլևս Հայաստանից ժամկետային զինծառայողներ չեն զորակոչվելու Արցախ։ Մինչ Արցախից պաշտոնապես կհեռացնեն ժամկետայիններին, Երևանում քրեական գործեր են հարուցում 44- օրյա պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների նկատմամբ։ «Հրապարակին» դիմել է զինծառայողներից մեկի ծնողը, ով խնդրեց իր տղայի տվյալները չհրապարակել, տեղեկացրեց, որ որդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայությունից խուսափելու, զորամասը լքելու համար, մինչդեռ իրենց որդին ծառայելով Արցախի N զորամասում, մեկնել է արձակուրդ, ապա իրեն տեղափոխել են Սյունիքի մարզի N զորամաս և արձակուրդից հետո ծառայում է Սյունիքում։ Ըստ ծնողի` տղայի ծառայությանը մնացել են հաշված օրեր, սակայն Երևանի առաջին ատյանի դատարանում քննվում է վերոնշյալ քրեական գործը։ Զինվորի ծնողը նշեց, որ իր որդին միակը չէ, որ նման քրեական գործով է անցնում:

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունում գրված է, որ վերոնշյալ զինծառայողի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, գտնվելով արձակուրդի մեջ, արձակուրդի ժամկետը լրանալուց հետո չի ներկայացել ծառայության վայր, այլ ինքնակամ ներկայացել է ՌՈ բաժին և բացահայտ հրաժարվել N զորամասում զինվորական ծառայությունից: Թեպետ զինծառայողի ծնողները շարունակում են պնդել, որ արձակուրդի ավարտից հետո Արցախի ճանապարհին համապատասխան մարդիկ են որդուն տեղեկացրել, որ չի կարող վերադառնալ Արցախ, ՀՀ-ում պիտի ծառայի: Մեզ տեղեկացրին նաև, որ զինծառայողներին արդեն ՀՀ վերադառնալիս են հայտնել, թե ՊՆ որ զորամաս են տեղափոխում:

Հատկանշական է, որ զինծառայողը 2021 թվականի ապրիլի 29-ին է ինքնակամ ներկայացել ռազմական ոստիկանություն, սակայն դեպքից գրեթե մեկ տարի անց է նա ներգրավվել որպես մեղադրյալ:

«Անկեղծ ասած ես այդ գործից ոչ մի մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ գործը դատարանում է, ոչ մի ապացույց դեռ չի հետազոտվել, գործը դեռ նոր է տեղափոխվել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց զինծառայողի հանրային պաշտպանը, որը սակայն այլևս չի զբաղվում այս գործով, քանի որ գործը տեղափոխվել է Երևան:

Քննչական կոմիտեից մեր դիտարկումներին ի պատասխան գրավոր հարցում պահանջեցին: Զինծառայողի գործն այստեղ քննելու է Աննա Դանիբեկյանը: