Խաղաղության պայմանգիրը կարող է առ ոչինչ համարվել

Խաղաղության պայմանգիրը կարող է առ ոչինչ համարվել

Ընդհանրապես երբ մենք խոսում ենք միջազգային պայմանագրերի մասին, պետք է հիշենք, որ կա միջազգային կոնվենցիա, որը կարգավորում է միջազգային պայմանագրային իրավունքը։ Խոսքը Վիեննայի կոնվենցիայի մասին է։ Մենք էլ ենք դրան անդամ, Ադրբեջանն էլ է անդամ, աշխարհի մի շարք պետությունների մեծ մասը ևս անդամ է։  Բացի այս կոնվենցիայից, գոյություն ունի միջազգային սովորութային իրավունք, որ էլի պայմանագրային հարաբերությունների հետ կապված կարգավորումներ ունի ու որոնք կիրառական են պրակտիկայում։

Այս մասին քիչ առաջ «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ԵՊՀ պետության ու իրավունքի ամբիոնի դոցենտ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Այդ կոնվենցիան, եթե չեմ սխալվում, ստորագրվել է 1966 կամ 1969 թվականին։ Այն տալիս է այն մինիմալ կարգավորումները, թե ինչպեսին պիտի լինի միջազգային պայմանագիրը։ Եթե մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը կարելի էր միջազգային պայմանագրով պարտադրել մի պետության որոշակի վարքագիծ դրսևորել, ապա 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած միջազգային պայմանագրերը համարվում են պետությունների կամքերի որոշիակացման կարևոր գործիք, որտեղ պետության կամքը պիտի ազատորեն արտահայտվի ու կաշկանդված չլինի դիմացի կամ այլ պետությունների կողմից։  Հիմա եթե մեկ պետություն, դիմացի պետություն կամ աշխարհի որևէ այլ պետություն սպառնում է տվյալ պետությանը ու պարտադրում է, որ ստորագրի պայմանագիր, սա Վիեննայի կոնվենցիան համարում  է առոչնչության հիմք։ Միջազգային պայմանագիր կարող է ու պետք է ուժ ունենա միայն այն պարագայում , երբ որ դրանում արտահայտված է պետության ազատ կամքը։ Սպառնալիքի ներքո կնքված պայմանագրերը առ ոչինչ են։ Իսկ իրավաբանները շատ լավ գիտեն, թե առոչնչությունը ինչ է, դա պարզապես զրոյական մի փաստաթուղթ է»,- հավելեց Սիմոնյանը։