Թումանյան էլ լավ չեն կարդացել

Թումանյան էլ լավ չեն կարդացել

Մեր իշխանությունները, պարզվում է, կրեատիվ քայլերի, այնուամենայնիվ, ընդունակ են։ Այսօր նրանք հայ հասարակությանը զարմացրին իրենց նախաձեռնությամբ՝ Հովհաննես Թումանյանի՝ Ազատության հրապարակում գտնվող հուշարձանի մոտ պատվո պահակ դրեցին՝ հիմնի հնչյունների ներքո, հանդիսավորութամբ, կարմիր գորգով օղակեցին արձանը, որն, ի դեպ, ոչ Թումանյանի գերեզմանն է, ոչ էլ նրանից որեւէ մասունք է իր մեջ պարունակում։ Պարզապես՝ գրքի օրվան նվիրված որոշել էին մի յուրահատուկ քայլ անել՝ արեցին։

Հայաստանի ներկա վիճակից, Արցախի շրջափակումից եւ Խաղաղության չարագուշակ պայմանագրի մոտալուտ կնքումից նյարդային դարձած հասարակությունը սրան վատ արձագանքեց։ Մարդիկ կամ ծաղրի ենթարկեցին, կամ՝ գեղցիության ու անմտության դրսեւորում համարեցին։ Թեեւ ավելի լավ ժամանակներում կարող էին անգամ չնկատել այս ակցիան։ Ուղղակի երբ մարդու տանիքը գլխին փլվում է, նա դաշնամուր չի նվագում, բանաստեղծություն չի կարդում, մտածում է փրկվելու մասին։

Բայց հարց է ծագում՝ ինչու է այս իշխանությունը հանկարծ այսպես թումանյանասեր դարձել, ինչու է «Երկիր Նաիրի» ընթերցում, ինչու է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» հիշում։ Նրանցից ոչ մեկի մասին չես կարող ասել, որ հայոց պատմություն կամ գրականություն գիտեն, կամ՝ հայկական մշակութային ու հոգեւոր ժառանգության կրողներն են։ Կիսագրագետ ու հիմնականում անկիրթ այս զանգվածը գուցե Գարի Փոթեր կարդացած լինի, բայց Թումանյանն ու Խորենացին նրանց էությանը խորթ են, այնպես ինչպես խորթ են ցանկացած եւրոպացուն։

Բայց Թումանյան կարդալու, նրա արձանի մոտ պատվո պահակ կանգնեցնելու, Խորենացուն ու Չարենցին հիշելու պատճառները բոլորովին այլ են։ Կոնկրետ Թումանյանի դեպքում՝ մի պատճառ կա միայն՝ հարեւանների հետ հաշտության սպիտակ դրոշի, պատերազմն ու անհաշտությունը դադարեցնելու քարոզը, որը Թումանյանն անում էր 20-րդ դարի սկզբին խիստ հոգեհարազատ է այս իշխանություններին։ Նրանք այս քայլերի ենթատեքստում ոչ թե հայկականություն, հայի խնդիր ու հոգս են քարոզում, այլ թուրքի ու ադրբեջանցու հետ բարեկամանալու մեսիջն են հանրությանը փոխանցում։ Նրանց համար Թումանյանը ոչ թե «Անուշ» պոեմն է, «Թմբկաբերդի առումը», խորիմաստ քառյակները, նրա մշակած հեքիաթները, օրինակ՝ «Անխելք մարդը» կամ «Մի կաթիլ մեղրը», այլ սպիտակ դրոշը ձեռքին ռազմաճակատ մեկնած մարդը։

Բայց Թումանյանը մտավորական էր եւ կարող էր նաեւ հաշտություն ու պացիֆիզմ քարոզել, պետության ղեկին կանգնած մարդկան կողմից սպիտակ դրոշը պարտություն է, թշնամու առաջ գլխիկոր խեղճություն, վախկոտություն, նահանջ, հայրենիքը հանձնելու եւ թշնամու բոլոր պահանջները կատարելու նվաստ պահվածք։