Հաագայի դատարանը չի կարող Պուտինի դեմ գործ հարուցել․ WP

Հաագայի դատարանը չի կարող Պուտինի դեմ գործ հարուցել․ WP

Հաագայի միջազգային քրեական դատարանը չի կարող գործ հարուցել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի մյուս ղեկավարների դեմ՝ Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ասվում է «The Washington Post»-ի հոդվածում։

«Քանի որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն վավերացրել Հռոմի ստատուտը (միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը-խմբ․), ՄՔԴ-ն չի կարող դատական կարգով քննել ագրեսիայի հանցագործությունը: Այն նաև չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել այնպիսի պետությունների ղեկավարների, ինչպիսին Պուտինն է, կամ հեռակա դատավարություններ անցկացնել նրա բարձրագույն նախարարների նկատմամբ»-ասվում է հրապարակման մեջ:

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, օտարերկրյա իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հավաքագրված ապացույցների մեծ մասն ուղարկվում է հենց միջազգային քրեական դատարան, որտեղ դրանք կարող են անիմաստ մնալ դարակներում։

Ընդորում, Ուկրաինան նույնպես չի ընդունում դրանք, քանի որ տեղական օրենսդրությունն արգելում է ոչ ուկրաինացի քննիչների կողմից հավաքագրված ապացույցների քննարկումը։
Այդ իսկ պատճառով Ուկրաինան քարոզարշավ է իրականացնում Ռուանդայի և նախկին Հարավսլավիայի հարցերով նախկինում հիմնված տրիբունալի oրինակով հատուկ նոր դատարանի ստեղծման համար: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ արդեն ունի 627 կասկածյալ, այդ թվում՝ պատերազմի օգտին քվեարկած ռուս նախարարներ, գեներալներ և Պետդումայի պատգամավորներ։

Բայց հատուկ տրիբունալը պետք է հաստատի կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ Ռուսաստանն ունի վետո, կա՛մ Գլխավոր ասամբլեան, որտեղ պարզ չէ, թե արդյոք Ուկրաինան կարող է մեծամասնություն ստանալ:

Եթե Եվրամիությունը հակված է՝ պաշտպանելու տրիբունալի գաղափարը, ապա Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել այս հարցում։ Մինչ այժմ Բայդենի վարչակազմը համաձայնել է աջակցել միայն միջանկյալ լուծմանը՝ նշանակել ժամանակավոր դատախազ՝ հանցագործությունների ապացույցներ հավաքելու համար: 

The Washington Post-ը նշում է նաեւ, որ «ուկրաինական հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության մասին դեռեւս հաղորդումներ չկան»։

Միևնույն ժամանակ, 250 ռուսաստանցիներից միայն 18-ը, որոնց դեմ մեղադրանքներ առաջադրելու համար բավարար ապացույցներ են հավաքվել, գտնվում են Ուկրաինայում կալանքի տակ։ Մնացածին պատրաստվում են դատել հեռակա կարգով։