120 հազար ադրբեջանցի միգրանտ հնարավոր է արտաքսվի Ռուսաստանից

120 հազար ադրբեջանցի միգրանտ  հնարավոր է արտաքսվի Ռուսաստանից

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյն ասել է, որ մինչեւ հունիսի 15-ը ԱՊՀ երկրներից Ռուսաստան մեկնած անօրինական միգրանտները պետք է վերադառնան իրենց երկրներ, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչեւ սահմանների փակում։ ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի ժամանակ նա ասել է, որ եթե անօրինական միգրանտները մինչեւ հունիսի 15-ը չվերադառնան իրենց երկրներ, ապա նույնիսկ հարկադրված կլինեն կազմակերպել արտաքսումներ եւ փակել սահմանները։ Հատկապես, որ անօրինական միգրանտների հետ կապված առկա է նախագահ Պուտինի հրամանագիրը, որ նրանց հարցը պետք է լուծվի։ Ադրբեջանական մամուլում այս առնչությամբ բավական անհանգիստ խլրտումներ են սկսվել։ Հայտնի է, որ Ռուսաստանում կա 120 հազար անօրինական ադրբեջանցի միգրանտ, որոնք եթե ինքնակամ չվերադառնան Ադրբեջան, ապա կարտաքսվեն։Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով մինչև 2021թ․-ի հունիսի 15-ը երկարացրել էր Ռուսաստանում ժամանակավոր բնակություն հաստատած միգրանտների՝ երկրում գտնվելու ժամկետը։ Այս որոշումն ընդունվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

***

Հայաստանից, Ռուսաստանում գտնվող անօրինական միգրանտների թիվը այս պահին 61 հազար է, ըստ ռուսական պաշտոնական վիճակագրության։