Ինչ է պատմել Վլադիմիր Վարդանյանը քննչականում
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին երեկ կոնիտեն հաղորդագրությամբ էր հանդես եկել, որում մասնավորապես նշել էին, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն նկատողություն է արել Վլադիմիր Վարդանյանին, ապա հարվածել։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին, քանի որ վերջինս ձայնի տոնայնությունը բարձրացրել է, ապա վրա եկել, իսկ Սահակյանն էլ կարծել է, որ վրա է գալիս հարվածելու նպատակով, ինչը ՔՊ-ականները բազմիցս արել են, և առաջինը ինքն է հարվածել։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է․
«2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Այդ կերպ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել է նիստի բնականոն ընթացքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի ( {Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով )և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության բաժին։
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Վերջինս վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մ. Սահակյանի հետ։
Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները՝ պատգամավորի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը»։
«Հրապարակի» հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ Քննչական կոմիտեից այս հաղորդագրության վերաբերյալ պարզաբանում է պահանջել․
«Երեկ ես գրառումով հանդես եմ եկել այդ հայտարարության հետ կապված, հետո արդեն, երբ ուշ երեկոյան քննչականում էի, ես իրենց հարցրի, թե ինչո՞ւ են այդպիսի հայտարարություն տարածել։ Պարզվեց, որ այդ հայտարարության առաջին մասը, որին Դուք հիմա հղում եք անում, դա Վլադիմիր Վարդանյանի հաղորդումն է, այսինքն՝ թե ինչ հաղորդում է ինքը տվել։ Ես իրենց հարցրի, թե ինչո՞ւ չեք նշում, որ դա Վլադիմիր Վարդանյանի հաղորդումն է, ինքը ինձ ցույց տվեց ամբողջական տեքստը, որտեղ գրած է, որ Վարդանյանը եկել է քննչական, այսպիսի բաներ է ասել։ Ես իրենց այդպես էլ ասացի, որ միանշանակ տոնով պնդում եք, որ դա արդեն կատարված փաստ է, ու իրենք այդ պարզաբանումը տվեցին, որ դա բոլորովին դա չի նշանակում, և դա ընդամենը Վլադիմիր Վարդանյանի հաղորդումն է»,- պատասխանեց Նազարյանը։
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, թե Մհեր Սահակյանը ինչ-որ առարկայով է հարվածել, անդրադարձել է Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»,- գրել է Մելիքյանը։
Կարծիքներ