ԼԳԲՏ-ն՝ հայկական, ավանդական ընտանիքի հույսը

ԼԳԲՏ-ն՝ հայկական, ավանդական ընտանիքի հույսը

ԼԳԲՏ թեմայի շուրջ հաճախակիացած սադրանքները, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը, հանրային չդադարող քննարկումը խոսում են այն մասին, որ ամենեւին էլ հեռու չէ օրը, երբ Հայաստանում նույնասեռական ամուսնություններ կկնքվեն։ Այնպես չէ, իհարկե, թե աշխարհը միայն այս ուղղությամբ է ընթանում, կան երկրներ, որոնք բոլորովին վերջերս քրեականացրել են նույնասեռական ամուսնությունները (Նիգերիան եւ Ուգանդան), երկրներ, որոնք սկզբում ընդունել, ապա չեղարկել են օրենքը (Բերմուդները), բայց հիմնական միտումը սա է։ 29 պետություն, որոնց բնակչության թիվն ավելի քան մեկ միլիարդ է, ընդունել է այս ամուսնությունները վավերացնող օրենք։ Դա պետք է պետությանը եւ նպատակահարմար է ժառանգության, խնամակալության եւ նմանատիպ հարցերի կարգավորման տեսանկյունից, եթե նույնիսկ մի կողմ թողնենք բարոյական հարցը։

Այս գործընթացն այլընտրանք չունի, Հայաստանն արեւմտյան քաղաքակրթության մասն է եւ ստիպված է շարժվել նրա հետ քիչ թե շատ համաքայլ։ Սա նաեւ հեղափոխության եւ դրան հաջորդած դեմոկրատական պրոցեսների տրամաբանական շարունակությունն է, քանի որ դեմոկրատիան ենթադրում է ոչ միայն մեծամասնության շահի պաշտպանություն, այլեւ զանազան փոքրամասնությունների։ Սակայն ԼԳԲՏ համայնքից բոլորը չէ, որ խանդավառված են այս հեռանկարով․ արեւմտյան երկրները հոմոսեքսուալիզմի հիմքով կդադարեն ապաստան տալ հայաստանցիներին, մինչդեռ օրենքը չի վերացնելու անհանդուրժողականությունը, ինչպես կարծում են նրանք։ 

Արդյոք մեր հասարակությունն այդքան հոմոֆո՞բ է։ Նախորդ իշխանությունների օրոք  պետական ամենաբարձր պաշտոններում մարդիկ էին, որոնց հոմոսեքսուալ վարք էր վերագրվում, եւ կարծես թե դա չէր մարդկանց զայրացնողը։ Իմ դիտարկումներով՝ բավականին հանգիստ են թեմային վերաբերվում նաեւ հասարակ, հատկապես գյուղացի մարդիկ։ Պայմանով, իհարկե, որ ինչ-որ մեկը նրանց չբզբզի եւ չհուշի, որ իրենք հետամնաց են ու պարտավոր են լինել անհանդուրժող։ Այդ դերը երբեմն իր վրա է վերցնում ԼԳԲՏ ակտիվիզմը։ Դա է թերեւս պատճառը, որ ԼԳԲՏ անձանցից շատերն անվստահությամբ են վերաբերվում ԼԳԲՏ ակտիվիզմին։ Ազդեցությունը ծնում է հակազդեցություն, եւ հոմոֆոբիան սկսում է թափ հավաքել։

Ցավալի է նաեւ, որ այս գործընթացում ազգայնականությունը նույնանում է հետամնացության հետ, հոմոֆոբիան դառնում է հետամնացության դրսեւորում, իսկ ԼԳԲՏ ակտիվիզմը՝ առաջադիմության դրոշակակիր, թեպետ իրականում դրանք հակադրվող կամ մեկը մյուսին պայմանավորող երեւույթներ չեն։ Գուցե քեզնից տարբերվող մարդկանց գոյության իրավունքն ընդունելը հանդուրժողականություն եւ լայնախոհություն է պահանջում, բայց դա նույնական չէ առաջադիմությանը։ Առաջադիմությունը, հակառակը, կարող է շատ անհանդուրժող լինել։

Ավելին, եւ սա ճակատագրի ծաղր է, նույն, պահպանողական դիրքերում են թե՛ «հայկական ավանդական ընտանիքի» պաշտպանները, թե՛ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, որ պայքարում են ամուսնության եւ երեխայի որդեգրման իրավունքի համար։ Պատահական չէ, որ Արեւմուտքում այս արշավի լոբբիստները հենց աջ պահպանողականներն էին։  

Այս հետաքրքիր հակասությունը ես հայտնաբերել եմ շատ տարիներ առաջ, երբ ինձնից երկու սերունդ մեծ, ավանդապահ, հինգ երեխա ծնած սովետահայ մայրս, որին փորձում էի շոկի ենթարկել իմ գեյ ու լեսբի ընկերների առկայությամբ, ոչ միայն շոկի չէր ենթարկվում, այլեւ ասաց, որ ճիշտ կլինի նրանց ամուսնանալու ու երեխա որդեգրելու իրավունք ընձեռվի։ Շոկի մեջ ես հայտնվեցի, որովհետեւ ստացվում էր՝ իմ մայրը, որի համար ողբերգություն էր ազատ սեռական կյանքով ապրելու իմ ցանկությունը, ամուսնանալու եւ երեխա ունենալու ցանկության բացակայությունը, միանգամայն բավարարված կլիներ, եթե ես ամուսնանայի որեւէ կնոջ հետ եւ երեխա որդեգրեի։ Անգամ ինձ որդեգրման հարցը վիճահարույց էր թվում, ինչի համար ընկերներս ինձ համարում էին հոմոֆոբ։ Ինձ չէին տարհամոզում փաստարկները, որ, ըստ վիճակագրական տվյալների, այդ ընտանիքների որդեգիրներն ավանդական սեռական կողմնորոշում են ունենում, որ գեյ-զույգերն ավելի հաճախ որդեգրում են առողջական լուրջ խնդիրներ ունեցող  երեխաներին, այսինքն՝ կարեկցանքի ավելի մեծ պաշար ունեն։ Ես չէի կարողանում հասկանալ, թե նրանց ինչին է պետք երեխան։

Հոմոսեքսուալիզմն ինձ ներկայանում էր որպես դեւիանտությունը դրսեւորելու, առկա բարոյական համակարգերը մերժելու ու քանդելու հնարավորություն, որի մեջ ես հասարակությունը պայթեցնելու եւ վերափոխելու ուժ էի տեսնում՝ որոշ չափով նմանվելով գեյ-ակտիվիստի։ Մինչդեռ պարզվեց՝ մարդիկ պարզ մարդկային երջանկություն են ուզում՝ պսակվել եւ օջախ ծխեցնել։ Այս ցանկությունը միանգամայն իրականանալի է ներկայիս Հայաստանում, օջախապաշտ իշխանության օրոք, որ ազատական պահպանողական գիծն է բռնել։ Հայկական ընտանիքի պաշտպաններին կարելի է միայն հուշել, որ մեր պատմությունն ու մշակույթն ինքնության նույնականացման բազմաթիվ եւ արդյունավետ միջոցներ են տրամադրում, ամենեւին կարիք չկա այդ ինքնությունը կապել նուկլեար ընտանիքի պես համընդհանուր, ամենեւին ոչ ավանդական, խոր ճգնաժամ ապրող եւ աստիճանաբար վերացող երեւույթի հետ։ «Հայկական ավանդական ընտանիքը» կարիք չկա պաշտպանելու ԼԳԲՏ-ից, այն կարելի կլինի պահպանել ԼԳԲՏ-ի օգնությամբ։ 

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ