Կենտրոնական բանկը մեկին պաշտպանում է, մյուսին լիցենզիայից զրկում

Կենտրոնական բանկը մեկին պաշտպանում է, մյուսին լիցենզիայից զրկում

Կենտրոնական բանկը  «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին զրկել է լիցենզիայից, քանի որ ընկերությունը, ֆինանսական տվյալներ թաքցնելով, քողարկել է կապիտալի նվազեցման փաստը։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։

Գործընթացը սկսվել է նախորդ տարվա վերջում, շարունակվել է այս տարի, իսկ որոշումն ընդունվել երեկ բանկի խորհրդի նիստում: Այդուհանդերձ, ուշագրավ է, որ վարկային կազմակերպությանը լիցենզիայից զրկում են այն ժամանակ, երբ  Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիներ արշավ սկսեցին ընկերության դեմ, նրանց միացան նաեւ պատգամավորներից ոմանք:

Բանն այն է, որ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հայաստանյան բանկերը որոշակի «վարկային արձակուրդ»  հայտարարեցին, քաղաքացիները նույն պահանջով դիմում են նաեւ վարկային կազմակերպություններին եւ սպառնում չմարել վարկերը: «Վարկս ԷՅ ԷՄ»-ը այս առիթով  հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ պատրաստ են ընդառաջել ոչ բոլոր վարկառուներին. «Ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։
 Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»,-ասվում էր ընկերության տարածած հայտարարության մեջ:

Վերադառնալով ԿԲ որոշմանը. «Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը»,- տեղեկացնում է ԿԲ-ն:

Ուշագրավ է, սակայն, որ միեւնույն ժամանակ Կենտրոնական բանկը դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա «հասարակական ճնշումների» փորձերը: ԿԲ-ից այսօր հայտարարություն են տարածել, հիշեցնելով, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

«Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները»,- տեղեկացնում են Կենտրոնական բանկից:

ԿԲ խոսնակ Հարություն Կբեյանը մեր հարցին՝ ինչու հենց հիմա ԿԲ-ն նման որոշում ընդունեց, արդյոք բարձրացված աղմուկի պարագայում ԿԲ-ն  որոշեց դիվիդենտներ շահել, Բերբերյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը իրենց տարածած հաղորդագրության մեջ գտնենք:
Մինչ «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպությունից պարզաբանում ստանալը՝  նշենք, որ վարկային կազմակերպության լիցենզիայի լուծարումը չի նշանակում, որ վարկ ունեցող քաղաքացիների վարկերը կզրոյացվեն։

Խնդրին անդրադարձել է նաեւ տնտեսագետ Սուրեն Պարսյանը .«Վերջին ժամերի ընթացքում ծանոթներ և անծանոթներ դիմում են պարզաբանել՝ varks.am-ից վերցված վարկերը վերադարձվելու են, թե՞ ոչ։ Ցավոք, գործող իշխանությունները որևէ կերպ հանրությանը չեն բացատրում ստեղծված իրավիճակը, որն իրենց պարտականությունն է։ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով: «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխի 75-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի (վարկային կազմակերպության) դեբիտորական պարտքերն ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ: Այսպիսով՝ օրենսդրության համաձայն՝ ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը ժամկետից շուտ հավաքագրելու է varks.am-ի բոլոր վարկերը։ Հետևաբար, varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։ Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտրոնական բանկը և նրա դրամավարկային քաղաքականությունը»։

Մենք, իհարկե, varks.am-ի շահերի պաշտպանը չենք, բայց երկակի ստանդարտներն են աչքի զարնում եւ այս նեղ վիճակում որոշ գերատեսչությունների՝ անհասկանալի ջանքերը իբրեւ թե ոլորտը կարգավորելու։ Մինչդեռ այսօր դեռ դրա ժամանակը չէ։