«Հրապարակ»․ Կարմիր խաչը դեռ չի այցելել արցախցի գերիներին, եւ հարազատների հետ կապ չի հաստատվել

«Հրապարակ»․ Կարմիր խաչը դեռ չի այցելել արցախցի գերիներին, եւ հարազատների հետ կապ չի հաստատվել

Հոկտեմբերի 3-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը գերեվարվեց Ստեփանակերտում։ Նույն օրը ազերիներն ապօրինի ձերբակալեցին նաեւ Արցախի մյուս նախկին նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին եւ ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Նրանք կալանավորված են 4 ամսով։ Գերի են տարվել նաեւ հայտնի զինվորականներ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ու տեղակալը։

Համացանցով մեկ տարածվում են ադրբեջանական մեդիայի տեսանյութերը, որոնցում նախկին նախագահներին, Արցախի համար կռված զինվորականներին՝ նվաստ դիրքում, հրելով տեղափոխում են Ադրբեջանի պետանվտանգության ծառայության մեկուսարանի խուց, ձեռնաշղթաներով, տագնապի զգացումն աչքերում։ Այդ նյութերը ծայրահեղ հուզիչ են, Արցախի նախկին ղեկավարների ամենամոլի քննադատներին անգամ դրանք ստիպում են՝ վերանալով անձերից, սահմռկել, վրդովվել ու կարեկցել։ Նախագահն իր երկրի խորհրդանիշն է՝ հաճախ անձեռնմխելի, եւ հարգանքի ու գնահատանքի է արժանի, քանի դեռ իր իսկ երկրի անաչառ եւ ապաքաղաքական դատարանը նրա մեղքը չի ապացուցել, իսկ այս դեպքում գործ ունենք թշնամի երկրի վրիժառու եւ վայրագ իրավապահների կեղծ մեղադրանքների հետ։ Եվ շատերի մոտ այն զգացողությունն է, թե ձեռնաշղթաներով տանում են ողջ Արցախը։ 

Հիմա յուրաքանչյուր բանական հայ միայն ամենավատն է պատկերացնում, թե ինչ վիճակում են մեր ռազմագերիներն Ադրբեջանի բանտերում, ինչ վերաբերմունքի են նրանք արժանանում։ Կա՞ պաշտպանության ռեալ ձեւ, ինչ-որ միջազգային ատյաններ ու նորմեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը զերծ պահի դաժան վերաբերմունքից ու այլ սարսափներից, ի՞նչ է արվում նրանց պաշտպանության, իրավունքներն ապահովելու համար։ Այս հարցերի շուրջ խոսել ենք Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ։ 

- Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ միջազգային դատական ատյաններում ներկայացուցիչը համալրել է Ադրբեջանի դեմ գանգատը՝ հրատապ միջոցներ կիրառելու որոշման վերաբերյալ, եւ պահանջել, որ ապահովեն նրանց իրավունքները։ Կարմիր խաչի միջոցով նաեւ փորձ է արվում նրանց հետ կապ հաստատել։ Այստեղ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բոլոր հոդվածների խախտումներ կան՝ անձնական ազատության, անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքի։ Այդ մարդիկ իրենց կողմից ընտրված փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքից են զրկված։ Մի խոսքով, այդ մարդկանց բոլոր իրավունքները խախտված են։ Հայաստանը փորձում է միջազգային պաշտպանության մեխանիզմները գործարկել։ 

- Բայց իրենք պահանջե՞լ են հայ կամ միջազգային փաստաբաններ, ու իրենց թույլ չե՞ն տվել։ Նախագահների մասին ինչ-որ տեղեկատվություն՝ բացի Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հաղորդագրություններից, մենք ունե՞նք այս պահին։ 

- Նախադեպեր կան այդ ուղղությամբ։ Ես եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն արել ենք այդպիսի փորձեր։ Անօգուտ զբաղմունք է՝ Ադրբեջանին ներկայացնել փաստաբան։ Ես փորձել եմ գնալ Ադրբեջան եւ պաշտպանել մեր վստահորդներին, գերիներին։ Ադրբեջանը չի ապահովել այդ իրավունքը։ Գերիների, ձերբակալվածների հարազատները կարող են վարձել փաստաբան, որպեսզի այդ մարդիկ գնան եւ Բաքվում պաշտպանեն։ Բայց դա անիրագործելի առաքելություն է Ադրբեջանի դեպքում։ 

- Հրատապ միջոցի կիրառմանն ի՞նչ ժամկետում կարող ենք սպասել։ 

- Այս օրերի ընթացքում պետք է սպասենք դրա արդյունքները։ 

- Կարո՞ղ է Ադրբեջանն ասի՝ չեմ կատարում, գնացեք, ինչ ուզում եք, արեք։ 

- Մենք ունենք մի քանի տասնյակ նման որոշումներ, որոնք Ադրբեջանը չի կատարում, եւ դրա նկատմամբ հսկողությունը Եվրոպական դատարանը վերապահել է Արտաքին գործերի նախարարների կոմիտեին, որպեսզի նրանց հսկողության տակ իրականացնեն։ Դա էլ կախված վիճակում է։ Նախարարների կոմիտեում՝ այդ վճիռների կատարման մասով շատ լուրջ անելիքներ կան, բայց ես չգիտեմ, թե դրա վիճակը ոնց է։ 

- ՀՀ ԱԳ նախարարը կարո՞ղ է ինչ-որ կերպ ներազդել կամ երկրի վարչապետը․․․ կոչ անեն, չգիտեմ, ինչ-որ դիվանագիտական խողովակներով ներազդեն։ 

- Արվել են։ Այդպիսի կապեր հաստատվում են դիվանագետների հետ, արվում է։ 

- Ձեր կարծիքով, նախագահներին խոշտանգման կենթարկե՞ն։ 

- Միայն այն հանգամանքը, որ նրանք գտնվում են ադրբեջանական բանտում, դա արդեն խոշտանգում է։ Միայն այնքանը, որ նրանց վերաբերյալ գործ կա Եվրոպական դատարանում, եւ այդ գործի վերաբերյալ նրանք իրազեկված չեն, դա արդեն անմարդկային վերաբերմունք է՝ անորոշության մեջ պահելը, եթե ուրիշ բան չասեմ՝ հոգեբանական, ֆիզիկական բռնություններ, հարկադրանքի միջոցներ։ 

- Կարմիր խաչն ինֆորմացիա տալի՞ս է նախագահների մասին։ 

- Ես որքան գիտեմ, դեռեւս Կարմիր խաչն իրենց չի այցելել։ Այսինքն՝ թույլ չեն տվել, որ Կարմիր խաչն իրենց այցելի։ Եթե նկատել եք, երբ որ ադրբեջանցիներ են հայտնվում մեզ մոտ՝ հայկական կողմում, շատ արագ ապահովում ենք նրանց իրավունքները, շատ արագ ապահովում ենք նրանց հնարավորությունը՝ կապվելու իրենց ընտանիքի անդամների հետ։ Առաջինը ես եմ դա արել, երբ արդարադատության նախարար էի, եւ դա ընդունված պրակտիկա է Հայաստանում։ Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ մարդն իր ընտանիքի անդամների հետ ազատորեն հեռախոսով կապվի ու խոսի՝ սկայպի միջոցով, եւ այլն։ Իսկ ադրբեջանցիները պահում են անորոշության մեջ։ Բոլոր դատավարական ժամկետներն այնպես են անում, որ դրանք գումարվեն, բազմապատկվեն, հետո բարձրացվեն քառակուսի, որ ֆորմալ առումով տեղավորվեն ընթացակարգերի ժամկետներում, բայց միեւնույն ժամանակ հասցվի հնարավորինս մեծ նվաստացում եւ ընկճում։ 

- Ոչ մեկի հարազատները նրանց հետ չե՞ն կապվել։ 

- Էս վերջին գերեվարվածները՝ նախագահներ, վարչության պետեր, հրամանատարներ, ոչ մեկի։