100 տարի անց

100 տարի անց

Դառը, տխուր մտածումների տեղիք տվեցին արցախյան վերջին իրադարձությունները։ Ինձ հասկանալի դարձավ, թե ինչպես է տեղի ունեցել 1915 թվականը, ինչպես են նախ մեր մտավորականներին ապրիլի 24-ին սրի քաշել, ապա հազարավոր խաղաղ բնակիչներ քարավաններ կազմել ու ճամփա ընկել դեպի Դեր Զոր՝ մաս-մաս կամ խմբերով ենիչերիների սրից ընկնելով ու գաղթի ճանապարհին մահանալով։ Հասկացա, թե ինչպես է պատահել, որ հազարավոր հայ տղամարդիկ՝ իրենց կանանց ու զավակների հետ, հլու-հնազանդ, մի քանի տասնյակ զինված թուրք ասկյարների ուղեկցությամբ, թողել են իրենց տունուտեղը, հարստությունն ու բռնել գաղթի ճամփան։ 100 տարի անց մեր ազգը, փաստորեն, կրկնեց իր պատմության սեւ էջը՝ ցույց տալով, որ ինքը խաղաղությունն այնքան է գնահատում եւ պատերազմի վտանգն ու թշնամուն այնքան է գերագնահատում, որ պատրաստ է զիջել, արտագաղթել, շուտափույթ հեռանալ իր տնից, որ աշխարհի մի խաղաղ վայրում հանգրվանի։

Ինչպե՞ս կարող էին հերոս արցախցիները, որոնք առյուծի նման կռվում էին եւ զոհվում, գլուխները կախ թույլ տալ, որ իր նախագահներին ու գեներալներին հրեշավոր թշնամին գերի տաներ։ Պատրաստ է իր մեջի լավերին զոհել, թողնել, որ բարբարոսները գերի տանեն, պատրաստ է հաշտվել ցանկացած կորստի հետ, պատրաստ է ապօրինի անցակետում հերթ կանգնել ու թուրքի սրի տակով սահմանն անցնել՝ առանց կռիվ տալու։ Եվ պատճառն այն չէ, որ նա փափուկ կյանք է ուզում կամ չի սիրում իր հայրենիքը, չէ՞ որ մինչ այդ նա ամիսներով դիմացել է սովին ու զրկանքներին, ապացուցել է, որ հողն իր համար թանկ է։ Պարզապես մենք էմոցիոնալ ու փխրուն ազգ ենք՝ երբ մեզ կոտրում են, հուսահատություն են ներարկում, երբ մեզ նվաստացնում են եւ ներշնչում, որ մենք թույլ ենք, հետո դժվարությամբ ենք վերականգնվում։