«Հիմա բանակցում եմ էս տարածքների շուրջ»․ նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից

«Հիմա բանակցում եմ էս տարածքների շուրջ»․ նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար, հանդիպել բնակիչների հետ։ «Հրապարակ»-ին հանդիպումից մանրամասներ հայտնի են դարձել։ Փաշինյանի հետ թույլ են տվել հանդիպել բացառապես Ոսկեպարի գյուղացիներին, անտանգության աշխատակիցները ստուգել են դահլիճ մտնողներին, հավաքել վերջիններիս հեռախոսները։ Հանդիպումը կարճ է տեւել՝ մոտ 1 ժամ։ Մի քանի հոգի է ելույթ ունեցել, Փաշինյանին հասկացրել են, որ խոսելու բան չկա, ասելիքը նույնն է՝ հող զիջելու չունեն, թուրքը չպիտի մտնի Ոսկեպար, տարածքը հայկական է, կզոհվեն, բայց գյուղը չեն լքի։ Դահլիճում իրավիճակը մի պահ լարվել է, երբ Փաշինյանը կրկին խոսել է Ոսկեպարի ճանապարհի մասին։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածի մի մասն ադրբեջանական է։ Նա կրկին հիշեցրել է այս մասին ու առաջարկել այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Վարչապետն ասաց, որ դեռ բանակցություններ են գնում, փորձելու է ժողովրդի պահանջը կատարել։ Հարց ուղղեցին՝ եթե մեր ուզածը անելու եք, կսպասենք։ Ասաց՝ սպասեք, նորից կգամ, իմացեք՝ ինչ պահանջում եք, անում ենք։ Մեր պահանջն այն է, որ հակառակորդը չգա մեր գյուղի գլխին նստի, տարածքներ չզիջենք։ Նա էլ թե՝ հիմա բանակցում եմ էս տարածքների շուրջ, փորձելու եմ ձեր ուզածով անեմ»,-նշեց նա։

Արժանահավա՞տ էր Փաշինյանի խոսքը, երկմտում է Մախսուդյանը․ «Ճիշտ  ասած՝ չեմ կարող ասել, սպասենք։ Մարդկանց մոտ զայրույթ առաջացավ, երբ ասաց՝ այլընտրանքային ճանապարհ սարքենք, մենք էլ ասացինք՝ դեմ ենք այդ ճանապարհին։ Կոնկրետ ես եմ այդ հարցը բարձրաձայնել, ասել եմ՝ դեմ ենք»։

Գյուղում թաղում է եղել, դրա համար է հանդիպումն այդքան կարճ տեւել, ժողովուրդն ասել է՝ թաղում են գնում, Փաշինյանն էլ հետներն է գնացել։ 

«Թաղում էր, մարդիկ շտապում էին, Փաշինյանն էլ ասաց՝ եթե թաղում է, արագ խոսենք։ Վարչապետն էլ մասնակցեց թաղմանը։ Իմ դասընկերոջ հայրն էր մահացել՝ Վանիկ Պապյանը»,-մանրամասնեց Մախսուդյանը։