Ինչո՞ւ է լռում Հայաստանի վարչապետը

Ինչո՞ւ է լռում Հայաստանի վարչապետը

Հարգարժան խմբագրություն, հարցը, որ ուզում եմ Ձեր թերթի միջոցով հայ հասարակության քննարկմանը մատուցել, մոտ մեկուկես տարի առաջ ներկայացրել եմ հանրապետության վարչապետին, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել:  Իսկ հարցը շատ առաջնային է եւ մեծ ազդեցություն է ունենալու Հայաստան այցելող տուրիստների ճիշտ աշխարհընկալման եւ, ինչու չէ, Հայաստանի Հանրապետության վարկի բարձրացման վրա: 

Ինչպես տեսնում եք, հարեւան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անընդհատ հորջորջում է, որ Հայաստանի Հանրապետությունը 1918-ին ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա, որ Զանգեզուրը պատմականորեն Ադրբեջանի տարածք է, որ...

Չգիտեմ, թե ինչու մեր հանրապետության ղեկավարը ոչ մի անգամ լուրջ չի պատասխանել այդ տգետ ադրբեջանցու վայրահաչություններին, որոնք արտերկրում (առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնություն) լուրջ կասկածներ են առաջացրել Հայաստանի պատմականորեն ունեցած տարածքների մասին: Մինչդեռ ...  

...Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ենք: Քայլում ենք Քոլիզեումին կից փողոցով: Վերջինից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, թանգարանային շենքի ճակատին, մանրասալիկներով արված ցուցանակ (≈ 7x15 մ չափերի) կա, որտեղ 3 առանձին քարտեզներով նշվում են Հռոմեական կայսրության ստեղծման (մ.թ.ա 2-րդ դար), ծաղկման (մ.թ.≈ 215թ.) եւ քայքայման (մ.թ. 395թ.) մասին սահմանազատումները:

Այդ քարտեզներում երեւում են Հռոմեական կայսրությունը, Իրանը եւ Հայաստանը: Էլ ոչ մի ուրիշ պետություն: 

Մի՞թե այսքանը բավարար չէ, որ հավերժ քաղաքի՝ Հռոմի կենտրոնում ծվարած այս խոսուն քարտեզով փակենք հարեւան պետության լպիրշ ղեկավարի բերանը:
Իսկ դրան հասնելու կարճ ճանապարհը հետեւյալն է.

Երեք հոգանոց հանձնախումբ (1 ճարտարապետ, 1 իրավաբան-միջազգայնագետ, 1 օպերատոր) է ուղարկվում Հռոմ, որը տեղում իրականացնում է նկարահանում, հետո՝ չափագրում՝ դրանք նախապես համաձայնեցնելով քաղաքապետարանի համապատասխան բաժնի հետ: Վերջինիս իմացությունը կարեւորում եմ նրանով, որ Հռոմի քաղաքապետարանը տա համապատասխան փաստաթուղթ, որ Երեւանում («Զվարթնոց» օդանավակայան, Հանրապետության հրապարակ) եւ այլ վայրերում (Սեւանի լճափ, Գառնի-Գեղարդ, Գյումրու օդանավակայան, Լոռի, Սյունիք, Տավուշ եւ այլ մարզեր) տեղադրվելիք ավելի փոքր ցուցանակ-քարտեզներն ունենան Հռոմի քաղաքապետարանի հավաստագիրը: 

Այս ցուցանակ-քարտեզների տեղադրումից հետո Հայաստան այցելող տուրիստները (առանց գիդի բացատրության) կիմանան, որ այցելել են համաշխարհային քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը՝ միջազգայնորեն ճանաչված, Հայկական բարձրավանդակի միայն մի մասը կազմող ՀԱՅԱՍՏԱՆ-ARMENIA։

Սեւադա Հայրապետյան
Քաղաքաշինարար,
II դասի պետական խորհրդական