Ծերուկ Հայաստանն ու նրա մահճի մոտ հավաքված խորթ զավակները

Ծերուկ Հայաստանն ու նրա մահճի մոտ հավաքված խորթ զավակները

Շատ տրագիկ ժամանակներ է ապրում Հայաստան աշխարհը, եւ հույս չկա, որ մենք կարող ենք այս ամենից պատվով դուրս գալ։ Խնդիրը միայն գունագեղ տոնակատարության, թուրքերի հետ քիրվայության, անգամ՝ պատերազմում կրած պարտության մեջ չէ, շատ ավելի խորն է, եւ այն մեր՝ բոլորիս մեջ է։ Շատերն են փորձում հասկանալ, թե ինչ կատարվեց մեզ հետ, թե ինչու սկսեցինք ատել մեկմեկու, ատել անգամ մեր հայրենիքը։ Այո, ազնվորեն պետք է խոստովանել, որ այն, ինչ հիմա կատարվում է մեզանում, լոկ անտարբերություն չէ։ Անտարբերությունն առօրեական երեւույթ է, եւ ամբողջ աշխարհում են մարդիկ անտարբեր` գրեթե չեն հետաքրքրվում այլոց խնդիրներով, ցավով, կյանքով։ Միեւնույն ժամանակ, որքան էլ մարդիկ անտարբեր են միմյանց նկատմամբ, նրանցից շատերն անտարբեր չեն իրենց պետության եւ հայրենիքի նկատմամբ։

Մենք այդ սահմանն էլ կարողացանք «հաղթահարել» եւ դարձանք անտարբեր մեր պետության եւ հայրենիքի նկատմամբ։ Մենք այնքան ենք անտարբեր մեր հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ, որ այն, կարելի է ասել, նվիրել ենք գնելներին, լոսիքիսոներին, ռուստամներին, պետրոսներին, լալաներին, յոժերին, աղազարյաններին, բաբաջանյաններին, շիրինյաններին, զարեհսինանյաններին եւ այլ՝ նորաթուխ հայրենասերների։ Բառացիորեն նրանց ենք նվիրել մեր պետությունը, իսկ ինքներս շարունակում ենք ինչ-որ անհատական ելքեր որոնել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, հմուտ խոհարարի նման, պարզապես արագ պատրաստում է այն ուտեստը, որը պատվիրել է ժողովուրդը: Ես կասկած չունեմ` եթե նա այլ ճաշատեսակի պատվեր ստանար, նույն արագությամբ դա կպատրաստեր, որովհետեւ նա իրոք «իզմ»-եր չունի։ Այլ բան է, որ այդ պատվերի գաղափարը բնական ճանապարհով չի առաջացել մեզ՝ հայաստանցիներիս մոտ, այդ ուղղությամբ տեւական գաղափարական աշխատանք է տարվել: Փորձենք հասկանալ, թե ով եւ ինչպես ներդրեց այն տրամադրությունները, որոնք այժմ առկա են մեզանում։ Իսկ այս պահին  թունելի վերջում լույս չի երեւում, հակառակը՝ մթությունը գնալով թանձրանում է, եւ մտավախություն կա, որ սպասվելիք լույսը կլինի ոչ թե կենարար արեւի շողերի, այլ՝ դժոխային կրակի տեսքով։ Ցավալի է, բայց մեր Հայաստանը հիմա նման է անօգնական, անդամալույծ ծերուկի, ով ժամանակին զայրացավ եւ տնից դուրս վռնդեց արժանավոր, բայց հղփացած հարազատ զավակներին, իսկ հիմա հիվանդացել է՝ կաթվածահար, անօգնական վիճակով գամված է անկողնուն, մահճի մոտ էլ հավաքվել են խորթ զավակները, որոնք ոչ թե փորձում են ամոքել ծերուկին, այլ պարզապես հետեւում են, որ արագ չմահանա, շատ տանջվի ցավերից։

Խորթ զավակներն ամեն օր հիշեցնում են նրան, որ ծերուկը միշտ անտեսել է իրենց՝ նախապատվությունը տալով հարազատ զավակներին, սահմանափակել է իրենց, պահել երկրորդական դերերում։ Խորթ զավակներին ամենից շատ զայրացնում է այն, որ իրենք այնքան երկար են նստել պահեստայինների նստարանին, որ այսօր, երբ խաղի մեջ են, միեւնույն է` չեն հաղթահարել երկրորդական դերերի կոմպլեքսը եւ ծերուկին երբեք չեն ներելու։ Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ տանջանքների մեջ է ծերուկ Հայաստանը:

Անվտանգային խնդիրներ քննարկող յոժերն ու պետրոսները, բանակաշինության նրբությունները վերլուծող քիսոներն ու ալինաները, պատմության եւ տրադիցիաների մասին դատողություններ անող գնելներն ու հովոները, պետականությունից ու պետականաշինությունից խոսող շիրինյաններն ու բաբաջանյանները, միջազգային հարաբերությունները կարգավորող աղազարյաններն ու դիջեյներն ասես չեն հագենում անդամալույծ ծերուկին տանջելուց եւ ամեն օր իրենց հրապարակային ելույթներով եւ դատողություններով ասես շշնջում են նրա ականջին. «Դու մեզ միշտ արհամարհել ես, նսեմացրել եւ անտեսել, հիմա ստիպված ես այս ամենն ամեն օր լսել եւ լուռ համակերպվել։ Դու ոչինչ անել չես կարող, դու անդամալույծ ծերուկ ես, ով գտնվում է մեր տիրապետության տակ։ Վռնդեցիր քո հարազատ զավակներին՝ կարծելով, որ նրանք հղփացել են, իդեա՞լ էիր փնտրում, խնդրեմ՝ սա է այլեւս քո իդեալը, մենք ենք այլեւս քո իդեալը՝ այն տխմարները, որոնց դու չես կրթել, այն ավերիչները, որոնց չես սովորեցրել կառուցել, այն դաժան մարդատյացները, որոնց դու ես այդպիսին դարձրել, եւ դու հիմա պետք է վայելես քո ստեղծած թունավոր պտուղների ողջ դառնությունը, տասնամյակների ընթացքում մեր ներսում կուտակված ողջ  թույնը պետք է ըմբոշխնես մինչեւ վերջին կաթիլը»։ Անդամալույծ ծերուկն այդ ամենը լուռ լսում է եւ արտասվում, նա անգամ բղավելու հնարավորություն չունի, միայն նրա գիտակցությունն է դեռ արթուն, եւ նա Աստծուց աղերսում է միայն մեկ բան, որ վերջապես հայտնվի մեկը՝ մի անծանոթ, թեկուզ թշնամի, եւ մեկ դիպուկ կրակոցով վերջ տա իր տանջանքներին։ Նա այլեւս անկարող է լսել այդ հեգնանքն ու կշտամբանքները, ծաղրն ու տգիտությունը։

Ցավոք, ճակատագիրն այստեղ էլ բարեհաճ չէ ծերուկի նկատմամբ, եւ ոչ ոք չի շտապում վերջ տալ նրա տանջանքներին։ Իսկ նրա անօգնական վիճակը որքան խորթ զավակներին է հրճվանք պատճառում, նույնքան էլ թշնամիներին է բավականություն պատճառում։ Ծերուկի  այս տանջանքները միայն նրա հարազատ զավակներին են ցավ պատճառում, որոնք տանջվում են ծերուկի տառապանքները տեսնելով, Աստծուց դատաստան են պահանջում իրենց ծնողին տանջողների համար։ Նրանք ամեն ինչի պատրաստ են` հանուն ծերուկի փրկության, անգամ իրենց կյանքն են պատրաստ զոհաբերել՝ հանուն Հայաստան աշխարհի, բայց, ավաղ, այդ ամրոցի դարպասներն ամուր կողպված են, իսկ պարիսպները հսկող զինվորները ենթարկվում են միայն ծերունու դահիճներին՝ նրա խորթ զավակներին։ Եվ այս տեսարանից ամբողջ աշխարհն է զարհուրած, անգամ թշնամիներն են զարմացած խորթ զավակների դաժանությունից: Իսկ ծերունու տանջանքները շարունակվում են։ Ասես Աստված պայման է դրել ծերունու առաջ, որ միայն նրա հարազատ զավակները կարող են նրա տանջանքները դադարեցնել, ասես բոլորին արգելել է մոտենալ եւ օգնել տանջվող ծերունուն։

Գուցե այս նկարագրությունը շատերին չափազանցված թվա, բայց մեր պետությունը, իրոք, մահամերձ է, գուցե`արդեն մահացած։ 

Եթե հաջողվի իրականացնել պրոթուրքական եւ պրոադրբեջանական Հայաստան պրոյեկտը, ապա դա շատ ավելի սարսափելի կլինի մեզ`հայերիս համար, քան գրավված կամ ֆիզիկապես ոչնչացված լինելը, որովհետեւ այդ պարագայում մենք ստիպված ենք լինելու տեսնել, թե ինչպես է մեր աչքի առաջ դանդաղ ոչնչանում մեր պետությունը։ Պանթուրքիստական Հայաստանի պարագայում անգամ կուլտուր-ազգային ավտոնոմիան երազանք կդառնա մեզ՝ հայերիս համար։ Մտածելն անգամ սարսափելի է, թե այս ծրագրի իրականացման պարագայում ինչ տեղի կունենա Արցախի հետ: Մի հույս կմնա` որ Ռուսաստանը ցանկանա ու կարողանա պահպանել գոնե հայկական Արցախը` որպես հայկական միակ անառիկ ամրոց։


Պողոս Պողոսյան