Ես չէի պատրաստվում ընտանիք կազմել Արման Բաբաջանյանի հետ, որ հետաքրքրվեի՝ ով է ինքը

Ես չէի պատրաստվում ընտանիք կազմել Արման Բաբաջանյանի հետ, որ հետաքրքրվեի՝ ով է ինքը

Տեսչական մարմինների գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանը` ազգային հերոս Վիտյա Այվազյանի որդին, որին 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից իրեն քննադատելու, իր որոշումներին ընդդիմանալու համար, մոտ երկու տարի անց որոշեց մտնել քաղաքականություն՝ Արման Բաբաջանյանի հետ հիմնադրելով «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը։

Դրանով մասնակցեցին նաեւ 2021 թվականի արտահերթ ընտրություններին, խորհրդարան չանցան, իսկ կուսակցությունը կարճ ժամանակ անց փլուզվեց, խնդիրներ առաջացան ներսում, եւ Հայկ Այվազյանը, համարելով, որ կուսակցությունը շեղվել է իր հռչակած սկզբունքներից ու կանոնադրությունից, լքեց կուսակցությունը։

Մեզ հետ զրույցում Այվազյանն ասաց, որ քաղաքականություն մտնելու իր մոտիվը եղել է երկրում գործընթացների վրա ազդեցություն ունենալը, եւ ինքը համոզված է, որ իր մտածած տեսլականը շատ ավելի լավն է, քան գործող իշխանությանը։ «Իսկ թե ինչ վիճակում է այսօր կուսակցությունը, ցավոք սրտի, չեմ կարող պատասխանել, ես սահմանափակ տեղեկություններ ունեմ կուսակցության վերաբերյալ։ Միայն տեղյակ եմ, որ օգոստոսին պետք է ինչ-որ նիստ լիներ, թե ինչ եղավ էդ նիստը, տեղյակ չեմ»,-ասաց նա։

- Այսինքն՝ որեւէ կապ չունե՞ք կուսակցության, այդ թվում՝ Արման Բաբաջանյանի հետ։ Դուք հուլիսի 28-ին գրել էիք, որ կուսակցության անունից շարունակում են տարածել ինքնահռչակ հայտարարություններ, դա ապօրինի է, քանի որ կուսակցության ղեկավար մարմնի 15 անդամից 6-ն անդամությունից հրաժարվել է, ինչի հետեւանքով ղեկավար մարմինը դարձել է ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում։ Ի՞նչ էր դա նշանակում։

- Այդ պահին գործող ղեկավար մարմին չկար, ըստ կուսակցության կանոնադրության՝ կուսակցության անունից հայտարարություններ անելու իրավունք ուներ բացառապես ղեկավար մարմինը։

- Իսկ ինչի՞ց առաջացավ այդ պառակտումը, խզումը անդամների միջեւ։

- Չկա պառակտում, խզում։ Կուսակցությունն էլ, իմիջիայլոց, վերացած, կազմաքանդված չէ։ Անձամբ իմ խնդիրները, որ եղել են, սկզբունքային տարբերություններն են եղել, ինձ համար կուսակցության կանոնադրությունը կամ էն բոլոր իրավական ակտերը, կամ էն բոլոր պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք անփոփոխ են ու անփոփոխ պիտի լինեն։ Ես դուքյանությունը տանել չեմ կարող, ցանկացած տիպի կազմակերպություն մեկ անձի ցանկություններին ծառայեցնելն անընդունելի է։

- Արման Բաբաջանյանի անձի՞ն էր ծառայում այդ կուսակցությունը։

- Իմ՝ էնտեղ եղած ժամանակ՝ ոչ։

- Եթե ասում եք, որ մեկ անձի էր ծառայում, եւ դուքյանությունը տանել չեք կարողանում, ուրեմն ականատես եղել եք նման դրսեւորումների։

- Փորձեր եղել են, իհարկե։

- Իսկ ի՞նչ հիմնական տարաձայնություններ կային, գուցե պրոիշխանական կեցվածք ունեին ոմանք, որին Դուք դեմ էիք։

- Չէ, դա ընդհանրապես կապ չունի, նորմալ կարող է լինել, երբ կուսակցության մեջ մեկն իշխանությանը համակրի, մյուսը՝ ոչ։ Ես ասացի արդեն, օրինակ՝ սկզբունք, որ կանոնադրությունը չպետք է խախտվի կուսակիցների կողմից։ Երբ դու գտնվում ես մի միջավայրում, որը չի համապատասխանում քո սկզբունքներին, արժեքներին, ձգտում ես այլեւս չգտնվել այդ միջավայրում։

- Իսկ ինչո՞ւ որոշեցիք հենց Բաբաջանյան Արմանի հետ քաղաքական ճանապարհ անցնել, Դուք չգիտեի՞ք, թե ով է Բաբաջանյան Արմանը, ինչ քաղաքական անցյալ ունի, ինչպիսի հայացքներ՝ քաղաքական եւ ոչ միայն։ Դուք կարծում էիք, որ նրա հետ կարելի՞ է հանուն հանրապետության որեւէ բան անել։

- Արման Բաբաջանյանին ճանաչել եմ կուսակցությունը հիմնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ, առաջին շփումս էդ ժամանակ է եղել, չեմ ճանաչել նրան ընդհանրապես, բացի եթերներում տեսնելուց։ Անձնական գնահատականներ, անկեղծ ասած, չեմ էլ փորձել փնտրել, որովհետեւ երեւի թե ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ ու ճիշտ լինել էդ կարծիքի մեջ։ Բացի դրանից, Արման Բաբաջանյանը եղել է կուսակցության 100 հիմնադիրներից ընդամենը մեկը, եւ ինձ համար նորմալ է, որ կարող են տարբեր հայացքների, թեկուզ տարբեր բարոյական արժեքների տեր մարդիկ լինեն, ես կարեւորում եմ համակարգը, որը պիտի ծառայի ինչ-որ նպատակի։ Եթե էդ համակարգը սկսի ծառայել ինչ-որ մեկ անձի, էդ ժամանակ կդառնա, որ էդ համակարգը կամ կազմակերպությունը պետք է նույնացնել էդ անձի բարոյական կերպարին, անցած ճանապարհին եւ այլն, եւ այլն։

- Բայց կուսակցության լիդերը, ըստ էության, ինքն էր։ Ձեզ համար կարեւոր չէ՞ր՝ ճշտել, թե ինչ բարոյական նկարագիր ունի նա։

- Ես էդպիսի թեստ չունեմ, որ կարողանամ բարոյական նկարագիր հասկանալ։

- Կարելի էր համացանցում որոնել կենսագրական տվյալներ եւ հասկանալ կամ հարցուփորձ անել․․․ մարդուն ճանաչելու բազմաթիվ տարբերակներ կան։

- Ըստ իս, մենք արդեն քաղաքականության մասին չենք խոսում, ես չէի պատրաստվում ընտանիք կազմել Արման Բաբաջանյանի հետ, որ հետաքրքրվեի՝ ով է ինքը․ ընդամենը մեկ կազմակերպության անդամներ ենք եղել, հարյուրից մեկը՝ ես, մեկը՝ ինքը, եւ, բացի դրանից, այդ կազմակերպությունը դրանից հետո պետք է աճեր։ Եվ նորից եմ ուզում շեշտել անպայման, որ կար համակարգ, որն ընդհանրապես տեղ չէր տալիս այն ծառայեցնելու մեկ անձի ցանկություններին։ Նույն սկզբունքով ես պիտի մյուս բոլոր անդամների թեստերն անցկացնեի ու տեսնեի՝ էդ մարդիկ, իմ կարծիքով, բոլորը մաքրամաքո՞ւր են, թե՞ ոչ։ Ես լսել եմ Արման Բաբաջանյանի հայտարարությունները, իսկ նորմալ մարդը, նորմալ քաղաքական գործիչը առնվազն իր հայտարարությունների համար պիտի պատասխանատու լինի եւ պահի էն գիծը, որը որ հայտարարել է։ Արման Բաբաջանյան անձն առավելագույնը 1/100 ազդեցություն է ունեցել իմ որոշումների կայացման վրա։ Ինձ համար ավելի ցավալի է լինում, երբ շրջապատն է ավելի թուլակամ ու ծառայելու ցանկություններով տոգորված լինում, քան ինչ-որ մեկը, որը փորձում է մնացածին ծառայեցնել։