«Տնտեսական հեղափոխության» հակասոցիալական արդյունքները

«Տնտեսական հեղափոխության» հակասոցիալական արդյունքները

Գծապատկերից երեւում է «տնտեսական հեղափոխության նվաճումների» ցուցիչներից մեկը․ գնաճը 2021 թվականի սեպտեմբերին՝ 2018 թվականի հուլիսի նկատմամբ, կազմել է 110.7% (գծապատկեր 1): Այսինքն, այդքանով թանկացել է մարդկանց կյանքը՝ թավշյա, ոչ բռնի իշխանափոխությունից ի վեր: 

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի հուլիսին կազմել է 212.4 հազար դրամ, այդ թվում՝ պետական հատվածում՝ 190.2 հազար դրամ, ոչ պետականում՝ 226.7 հազար դրամ, իսկ 2021 թվականի հուլիսին համապատասխանաբար՝ 197.9, 171.1 եւ 210.3 հազար դրամ: Այսինքն, 2021 թվականի հուլիսին՝ 2018 թվականի հուլիսի նկատմամբ, միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 6.8%-ով, այդ թվում՝ պետական հատվածում՝ 10%-ով, ոչ պետականում՝ 7.3%-ով, իսկ գնաճի հաշվառմամբ, նվազումը կազմել է համապատասխանաբար՝ -16.9%, -20.8% եւ -18% (գծապատկեր 2): 

2022 թվականի հունվարի 1-ից որոշակի խմբի կենսաթոշակները նախատեսվում է բարձրացնել 7.9%-ով: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են: Խոսքը վերաբերում է նրան, որ 40 հազար դրամ կենսաթոշակն ուղղակի արհամարհանք է այն սերնդի հանդեպ, որը ստեղծել է երկրի տնտեսական ներուժը: Նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին կենսաթոշակների միջին մակարդակը փոփոխության չի ենթարկվել, դրանց բարձրացման հիմքում պետք է լիներ գնաճը, այսինքն, առնվազն 10.7%-ը՝ մինչեւ 100 հազար դրամ սահմանված կենսաթոշակների համար: Պետք է լիներ…

Անշուշտ, գնաճի վրա ազդում են նաեւ արտաքին, ազգային կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից անվերահսկելի գործոններ: Պետական այդպիսի հաստատություններն էլ նրա համար են, որպեսզի մեղմեն այդպիսի արտաքին շոկերը, բնակչությանը եւ ձեռնարկատիրությանը պաշտպանեն դրանցից: Դե, իսկ սոցիալ-տնտեսական մյուս «նվաճումների» մասին խոսելն ավելորդ է, անիմաստ. «նավաբեկության» ենթարկված տնտեսական եւ սոցիալական կյանք:

ՀԳ. Հարց ճանապարհային ոստիկանությանը. «Եթե հարբած ու հաբրգած մեկը վարում է ավտոմեքենան՝ չպահպանելով երթեւեկության կանոնները, արհամարհական վերաբերմունք է դրսեւորում երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ավելին՝ վրաերթի է ենթարկում մարդկանց, իր ճանապարհին ապականում ամեն ինչ, չի կատարում ոստիկանի օրինական պահանջը, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի ճանապարհային ոստիկանը»: 
Պատասխանի տարբերակներ. 
Ա. Պետք է զգաստ կանգնի ու պատիվ տա 
Բ. Պետք է տեղում տուգանի 
Գ. Ավտոմեքենան պետք է տանի տուգանային հրապարակ, իսկ վարորդին՝ ոստիկանության բաժին:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր