Ես պիտի գամ, որ բոլորին ասեմ՝ պապա եմ դառնալու

Ես պիտի գամ, որ բոլորին ասեմ՝ պապա եմ դառնալու

Անին 4 տարվա սպասումից հետո վերջապես հղի էր, երբ 5 օր անց սկսվեց պատերազմը, որտեղ երիտասարդ կինը կորցրեց ամուսնուն՝ Հովհաննեսին, իսկ ամուսնու հուղարկավորության օրը զոհվեց նաեւ եղբայրը՝ Թաթուլ Հակոբյանը:

Ինչո՞ւ էդպես որոշեց

«Անընդհատ հարցնում եմ ու պատասխան չունեմ՝ ինչո՞ւ էսպես արեց՝ տեսնելով, որ երեխա պիտի ունենանք, որ մեր երազանքը վերջապես կատարվում է, երբ ինքն այդ օրերին աշխարհի ամենաերջանիկ տղամարդն էր,- Անին պատմում է իր երիտասարդ կյանքի ծանր պատմությունն ու այդ կսկիծի մեջ նաեւ հպարտության զգացում է ապրում։- Հովոյի մարմինն ախպերս է բերել Ջրականից մինչեւ Գորիս, ասել է՝ ես իր երեսը պարզ պիտի հասցնեմ քրոջս, որ քուրս իր ամուսնուն երեսը բաց տեսնի»: Պատմում է ու ինքն էլ չի հասկանում՝ ինչպես այդ ամենի միջով կարողացավ անցնել:

Կամավորը

«Սեպտեմբերի 27-ից Հովհաննեսը կամավորագրվել էր ու սպասում էր, որ կանչեն, սակայն քանի որ ինքը տան միակ զավակն էր, հայրը մահացած էր, իսկ տանը տարեց պապիկ ունեինք, առաջնագիծ չէին տանում: Բայց այդ ընթացքում այնքան շատ գնաց-եկավ զինկոմիսարիատ, մինչեւ հոկտեմբերի 13-ին ուղարկեցին առաջնագիծ.
- Եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞նց կլինի, թուրքը հասնի մեր տների՞ն, մեր էրեխեքի՞ն: Ես գնում եմ, որ մեր էրեխեն խաղաղ երկնքի տակ ապրի: 
- Ես չեմ կարողանա առանց քեզ, մե՛նք չենք կարողանա առանց քեզ:
- Ա՛ն, ես գիտեմ՝ դու շատ ուժեղ ես, դու կարաս: Բայց ես 2 օրից հետ եմ դառնալու: Գալու եմ, որ բոլորին ասեմ՝ պապա եմ դառնալու:
Բայց երկու օրից չեկավ… երկու օրից զոհվեց…»:

Հովոն էլ չկա

Հովհաննեսի զոհվելու լուրն Անիին հայտնում են 2 օր անց՝ անհանգստանալով Անիի հղիության համար: Այդ 2 օրվա ընթացքում Անին շատ անհանգիստ է լինում, քանի որ լուր չի ունենում ամուսնուց. «Մենք իրար ահավոր շատ էինք զգում, մեր ներքին կապը շատ ուժեղ էր: Ես զգում էի, որ իր հետ ինչ-որ մի բան եղավ, բայց չէի պատկերացնում, որ էլ չկա: Քանի որ հղի էի, այդ ընթացքում շատ-շատ էի քնում, բայց այդ մի քանի օրն աչք կպցնել չէր ստացվում, շատ տագնապած ու անհանգիստ էի: Անընդհատ ինքն էր ուղեղումս:
Ես մամայենց տանն էի, ինձ տարել էին այնտեղ, որ մարդկանց հոսքից չհասկանամ, թե ինչ է կատարվում: Երբ վերադարձանք տուն, մարդկանց բազմությունն ինձ սարսափեցրեց.
- Ի՞նչ ա եղել:
- Ա՛ն, Հովոն էլ չկա:
Ես էլ ոչինչ չեմ հիշում, միայն սա եմ հիշում՝ Հովոն էլ չկա, Հովոն էլ չի գալու: 

Ես մենակ էի…

Հղիության ընթացքում անընդհատ բժշկի հսկողության տակ էի, բայց հոգեբանական շատ ծանր վիճակում էի: Հիմա էլ, թեեւ մի տարի անցել է, բայց չեմ համակերպվում: 
Ծննդաբերելիս բոլոր հարազատներս հիվանդանոցում էին, բայց, մեկ է, ես մենակ էի, ես առանց Հովոյի էի, ես առանց ինձ էի:

Այսօր մեր աղջիկը՝ Միլան, դարձավ 5 ամսական

Ես իրեն հաճախ եմ ասում, որ ինքը հերոսի աղջիկ է, պապան իրեն շատ է սիրում ու դրա համար է այդ քայլին գնացել: Շատ ուշադիր նայում է իր պապայի նկարներին, անթարթ աչքերով: 
Մենք չհասցրինք երկար ժամանակ գոնե խոսել մեր բալիկի մասին, վայելել այդ վիճակը: Թեեւ ինքն այդ երկու շաբաթն աշխարհի ամենաերջանիկ մարդն էր: 

11 տարի գիտեինք իրար

Ես ինձ չեմ հիշում առանց Հովոյի, ինձ թվում է՝ ինքը միշտ եղել է իմ կյանքում… Հիմա իմ ամբողջ էներգիան, մտքերը, ջանքերը Միլային են ուղղված: Ես իր համար ամեն բան անում եմ, որ ոչնչի կարիք չունենա: Պիտի ե՛ւ իմ, ե՛ւ ամուսնուս փոխարեն լինեմ իր կյանքում: Թեեւ հասկանում եմ՝ իր պապայի տեղը երբեք չեմ լրացնի… Երբեմն թուլանում եմ, ու նույնիսկ Միլան ինձ ուժ չի տալիս, բայց հիշում եմ, որ ինքն ասում էր՝ դու ուժեղ ես, դու ամեն ինչ կարաս, ու փորձում եմ շարունակել ապրել: Իր այդ խոսքերն ինձ սթափեցնում են»,- պատմում է ու հանկարծ լռում, սրբում արցունքները, կուլ տալիս հուզմունքը ու իրեն հավաքելու համար երեւի նորից հիշում է ամուսնու խոսքերը՝ դու ուժեղ ես, դու ամեն ինչ կարաս… լռում ենք երկուսս էլ, սպասում այնքան, մինչեւ նորից կարողանանք հաստատուն ձայնով խոսել: Այդ լռության, արցունքաշող աչքերի, դողացող ձայնի մեջ պատերազմն է… պատերազմի ամբողջ արհավիրքը:

Երբ մենակ եմ, ես նրա հետ եմ

«Որ թողնեն, ամեն օր կգնամ գերեզմանոց: Թեթեւանում եմ, երբ գնում եմ: Երբ ես մենակ եմ, ինձ ավելի լավ եմ զգում, քանի որ այդ ժամանակ ես ու ինքը մենակ ենք: Ես իր հետ կարող եմ ամեն ինչից խոսել, բացատրել, պատմել, թե ինչ կուզեի անել, որ չի ստացվում, խորհուրդ հարցնել: 
Ուզում եմ՝ գոնե այսքանից հետո ոչ ոք չզգա այն ամենը, ինչ մենք ապրեցինք… այն անտանելի կարոտը, որը ոչնչով չի փարատվում: Ուզում եմ Հայաստանում խաղաղություն լինի, որ գոնե մեր էրեխեքը խաղաղ երկնքի տակ մեծանան, որ իրենց պապաների թափած արյունն անիմաստ ու անտեղի չլինի»:

ՀԳ. Մարկոսյան Հովհաննես Արմենի (1994-2020). ռազմաճակատ մեկնել է հոկտեմբերի 13-ին՝ որպես կամավոր: Ադրբեջանական 3 անսարք զենքից երկու զենք է հավաքել ու մարտական ընկերների հետ այդ զենքերով 2 ժամ կռվել է 400 հոգանոց խմբի դեմ: Զոհվել է հոկտեմբերի 15-ի երեկոյան՝ Ջրականում, դիպուկահարի կրակոցից:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ