«Քֆուրը» դրած է, տեսնեմ ոնց եք ստորագրում

«Քֆուրը» դրած է, տեսնեմ ոնց եք ստորագրում

Արցախն ուրացողը դավաճան է՝ այս արտահայտությունը վիճարկելի չէ: Եթե կան ցանկացողներ, խնդրեմ, կարող եք հավաքվել Հ 1-ում եւ բանավիճել այս հարցի շուրջ: Չմոռանաք հրավիրել նաեւ Վիգեն Խաչատրյանին, որի գլխին կոտրվեց կուժնուկուլան: Ի՞նչ էր ասել մարդը: Ասել էր` Հայաստանի հարցն է կարեւոր, Արցախը չի կարելի դնել Հայաստանից առաջ:

Միով բանիվ, ոչ պակաս էշություն է 100 տարվա պատգամավորի դուրս տվածը, բայց, ամեն դեպքում, նույնիսկ Վիգեն Խաչատրյանը չի կարող ապացուցել, որ Արցախն ուրանալը դավաճանություն չէ: Գեղամ Մանուկյանի հայտարարությունն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխում կարճ միացում էր առաջացրել, ինչն էլ պատճառ դարձավ, որ նրան թվար, թե Գեղամ Մանուկյանը դավաճան է ասում Վիգեն Խաչատրյանին: Ինձ թվում է, որ Գեղամ Մանուկյանը պատրաստվում էր բացատրել, թե ինչու ամբիոն բարձրանալուն պես նման հայտարարություն արեց, բայց, ինչպես բոլորը տեսան, Ռուբեն Ռուբինյանի ուղեղում տեղի ունեցած կարճ միացումն իր գործն արեց, եւ Գեղամին, մեղմ ասած, հավաքեցին ԱԺ գլխավոր ամբիոնի մոտից:

Թե ինչ էր ասում կամ, ավելի ճիշտ, ինչ էր ուզում անել Գեղամ Մանուկյանն այդ օրը, ես կբացատրեմ ստորեւ, բայց մինչ այդ երկու խոսք ՀՀՇ գեղի կլուբի, կլուբի դիրեկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ բազմաչարչար Վիգեն Խաչատրյանի մասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, այդ կլուբում են ծնվել Արցախի խնդրից ձերբազատվելու եւ առանց Արցախ Հայաստան շինելու տիեզերական սոփեստությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանն ինձ թույլ չի տա ստել, ոչ էլ Սերգոն, որ վատ է ապրելու, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Քիչ մնաց, Սերգո ջան, մի քիչ էլ համբերիր ու լավ կապրես: Մեկ էլ ինձ հուշեք, խնդրեմ, թե ում շուրթերն են բարբառել. «Դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս…»:

Այո, 44-օրյա պատերազմից էլ առաջ, այո, վարչապետի աթոռին Նիկոլի հայտնվելու առաջին օրերին: Էլի՞ Լեւոն Տեր-Պետրոսյան… Բա էլ ի՞նչ եք կպել էն բիձուն՝ Վիգեն Խաչատրյանին: Նա էլ մի իրեն կարեւորած, գեղի կլուբի պանրահոտը շալակին՝ բարձրանում է ամբիոն ու ինչ-որ բան է ուզում ասել ի արդարացումն նախապես դուրս տված ապուշությունների: Դե թող արդարանար, ինչո՞ւ ծպտուն անգամ չհանեց Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին: Իսկ ծպտուն չհանեց, որովհետեւ 44-օրյա պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ առանց Արցախ չկա Հայաստան, որ Սերգոյին հիմարեցրել են, թե լավ է ապրելու Արցախը տալուց հետո, որ գեղի կլուբի շարժվող մումիաներով նոր Հայաստան երբեք չես կառուցելու:

Իսկ հիմա՝ գլխավորի մասին․ ի՞նչ էր ուզում ասել Գեղամ Մանուկյանը: Մի քիչ ճիշտ չի լինի, եթե ես ինձ իրավունք վերապահեմ մեկնաբանել Գեղամ Մանուկյանին: Ուստի կփորձեմ ասել միայն այն, ինչ ես եմ մտածել այդ կապակցությամբ: Օրերս լուրեր տարածվեցին, որ մեր կապիտուլյանտը գնում է Մոսկվա՝ երկու թուղթ ստորագրելու, մեկը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման, իսկ մյուսը՝ Ադրբեջանին դեպի Նախիջեւան եւ Թուրքիա Սյունիքով անցում (անցումներ) տրամադրելու մասին: Հայությունը, բնականաբար, խառնվեց իրար: Արցախի կարգավիճակի հետ կապված հարց չի քննարկվելու, բայց Հայաստանը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կգնա՞ Նիկոլն այդ քայլին:

Կարծիքները բաժանվում են այստեղ: Մեծամասնությունը, իհարկե, մտածում է, որ այդ կիսախելագարը կգնա եւ դուխով էլ կստորագրի այդ փաստաթուղթը, որով մենք կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա հետ միասին էլ երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեղած Արցախից հրաժարումը՝ ուրացումը: Արցախն ուրացողը դավաճան է՝ ասաց Գեղամ Մանուկյանը: Ով ականջ ուներ, լսեց, ով մի փոքրիկ ընկույզի չափ ուղեղ՝ հասկացավ, թե ուր էր ուղղված Գեղամ Մանուկյանի կրակոցը: Եթե կուզեք՝ ավելի հասկանալի բացատրեմ՝ Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 9-ից առաջ «քֆուր դրեց» կապիտուլյացիա-2-ը ստորագրողի վրա՝ Արցախն ուրացողը դավաճան է: Այս դաժան ճշմարտության առաջ ԼՏՊ-ն ստիպված եղավ հրաժարական տալ:

Վիգեն Խաչատրյանը չկարողացավ անգամ ծպտուն հանել ի պաշտպանություն սեփական անիմաստ գոյության: Սրա առաջ չընկրկել չի կարող նաեւ Նիկոլի նման «բեսբաշեննի» արկածախնդիրը, որովհետեւ ստորագրել այդ թուղթը՝ նշանակում է ստորագրել սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ընտանիքի մահվան դատավճիռը: