Գնում ես Լիտվա, ի՞նչ անես

Գնում ես Լիտվա, ի՞նչ անես

Լիտվայի արդարադատության նախարարը ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս՝ համագործակցության հարցեր քննարկելու: 
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները. «Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ոստիկանության բարեփոխումներին, ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարին եւ այլն»։

Արդարադատության նախարարությունից տարածված հաղորդագրությունն ընթերցողները կարող են զմայլվել` ախ, ինչ լավ նախարար ունենք, դրսում գնահատում են` հրավիրում են համագործակցության, ինքն էլ ի՜նչ հրաշալի տիրապետում է խնդիրներին, ի՜նչ լավ առանձնացրել է համագործակցության թեմաները: Իհարկե, ամենակարեւորն էլեկտրոնային արդարադատության ներդրումն է, ոստիկանության բարեփոխումները, ընտանեկան բռնության դեմ պայքարը: Բա էն «սրիկա նախկինները», փոխանակ այս ուղղություններով գործ անեին, «լափել են» պետական բյուջեն` ո՛չ արդարադատության համակարգում են բարեփոխումներ արել, ո՛չ ոստիկանությունում, իսկ ընտանեկան բռնությունն էլ ուղղակի խրախուսել են:

Թողնենք ոստիկանության բարեփոխումները, չենք ուզում քննարկել, թե նորմալ ոստիկանության փոխարեն կիսագրագետ ու անփորձ պարեկների ներդրումն ինչ հետեւանքներ է ունենալու մեր երկրի համար, դա դեռ ապագայում կերեւա: Պարզ է, որ ԱՄՆ-ից ու Արեւմուտքից խիստ կարեւորում են պարեկային ծառայության ստեղծումը, դրա համար նաեւ ֆինանսական աջակցություն են տրամադրում, եւ այս իշխանությունը կյանքի գնով պետք է դա մինչեւ վերջ հասցնի: Չենք խոսում նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին, որի դեմ արդեն 10 եւ ավելի տարի «ականջներս մազոլ» են արել` տարբեր ՀԿ-ներ միլիոնների հասնող գրանտներ են ստացել, ընտանեկան բռնության զոհերի համար թեժ գիծ ու կացարաններ են գործել, սեմինարներ ու ակցիաներ են արվել:

Անդրադառնանք «էլեկտրոնային արդարադատության ներդրմանը»: Սա, որքանով հասկանում ենք, առաջին հերթին վերաբերում է դատական գործերի մակագրմանը, որովհետեւ համակարգչային ձայնագրառման համակարգը վաղուց է ներդրվել եւ մինչ օրս գործում է: Ժամանակին Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին ե՛ւ դատական համակարգի շենքերի հիմնական մասը վերանորոգվեց, ե՛ւ դատարանների համակարգչային սպասարկումն ապահովվեց: Բացի այդ` նաեւ էլեկտրոնային մակագրման համակարգ ներդրվեց, որ ոչ թե դատարանների նախագահները ձեռքով մակագրեն գործերը` իրենց ուզած գործն ուզած դատավորին մակագրելով, ապա իրենց ուզած վճիռը ստանալով, այլ համակարգիչն ինչ-որ հերթականությամբ մակագրի գործերը: Սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն էր ուղղված:

Իհարկե, լուրեր կային, որ «մեքենային» էլ են երբեմն խաբում, եւ ինչ-որ գործերի մակագրությունը, այնուամենայնիվ, անաչառ չէ, բայց հիմնականում համակարգը գործում էր: Մինչեւ որ այս տարվա հուլիսին ԱԱԾ-ն գործ հարուցեց դատական գործերի մակագրման համակարգի հետ կապված եւ այդ առիթն օգտագործելով` դատարաններից առգրավեց համակարգիչների սերվերները: Թվում էր` ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարելի է այլ համակարգիչների վրա ներբեռնել ծրագրերը, եւ էլեկտրոնային մակագրման համակարգը կգործեր, սակայն առայսօր համակարգիչները չեն վերադարձվել, եւ դատարաններն անցել են ձեռքով մակագրման նախնադարյան համակարգին:
Այս ընթացքում փաստաբանները շարունակ բողոքել են, որ սա կամայականություն է, որ սա կառավարվում է իշխանությունների կողմից եւ հատուկ է արվում, որ հատկապես քաղաքական գործերն ու խափանման միջոցները քննեն իրենց «սրտի դատավորները», բայց ոչ ոք, այդ թվում` նորանշանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, այդ բողոքները չի լսում: 
Փոխարենը` նախարարը պատրաստվում է էլեկտրոնային արդարադատության հարցերը քննարկել Լիտվայի արդարադատության նախարարի հետ:

Մի կասկածեք, որ Լիտվայի կառավարությունը մեր կառավարության ներկայացուցչին ընդունելուց առաջ մանրամասն ծանոթանալու է մեր երկրում տիրող իրավիճակին եւ անպայման հետաքրքրվելու է. «Պարոն Անդրեասյան, իսկ մենք ձեզ ինչո՞վ կարող ենք աջակցել, եթե դուք, ձեր կառավարությունը, ձեր անվտանգության մարմիններին օգտագործելով, առգրավել է դատարանների համակարգիչները եւ 3-4 ամիս շարունակ ո՛չ այդ գործի քննությունն է ավարտում, ո՛չ համակարգիչներն է վերադարձնում, ո՛չ նոր ծրագրեր է ներբեռնում այլ համակարգիչների մեջ, որ էլեկտրոնային մակագրման համակարգը նորից սկսի գործել»:

Ամեն ինչ իշխանական շահերին ծառայեցնելու այս միտումը, երբ բոլոր գործող համակարգերը քանդում են, մարդու իրավունքները տրորում, անօրինական քայլեր իրականացնում, բայց հետն էլ փորձում են դրսում հրեշտակ ներկայանալ, ուղղակի խայտառակ երեսպաշտություն է, որը տեսնում են ե՛ւ ՀՀ քաղաքացիները, ե՛ւ միջազգային հանրությունը:

Սվետա Մարտիրոսյան