Նախկինները թե հեթարն էին, դուք բեթարն եք

Նախկինները թե հեթարն էին, դուք բեթարն եք

Վաղարշակ արքայի, որ գահակալել է 31 տարի ու Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանում է գահակալությունն ընդունել, առաջին հրամանը հետևյալն է եղել․ 
Իր թագավորությանը կից ստեղծել օպոզիցիոն կառույց, որը կնստի իր շենքում։ Հանձնարարել ընդդիմադիր կառույցին՝ իր և ընտանիքի, հարազատների վարած կյանքը բացահայտել։

Հենց առաջին հրամանից հետո երկրում ամեն ինչ իր տեղն ընկավ։
Ինչ եմ ուզում ասել։ Դարեր են իրար վրա գլորվել, բայց ամեն ինչ նույնն է մնացել։ Եթե որևէ պետության ղեկավար ուզում է երկրում բարեփոխումներ անել, պետք է սկսի իրենից։ Ընդդիմությունը, դիմադրության ուժը այն հայելին է, որը կարող է՝ ցույց տալով նրա, իր ընտանիքի իրական դեմքը, սանձել նրան։

Ի՞նչ է կատարվում այսօր մեզ մոտ։ Իշխանությանն ընդդիմությանն ամենավերջին քայլերով հալածում, հեռացնում է երկրում կատարվող բուն գործընթացներից։ Ստեղծում է կեղծ ընդդիմություն՝ աշխարհին ցույց տալու, որ ժողովրդավար է ու աշխատում է ընդդիմության հետ։ Նախկին իշխանությանն արատավորում է ամենամռայլ գույներով, իսկ ինքն անում է ավելի խայտառակ քայլեր, քան նախկինների մասին իր պատմություններն են։ Սա ի՞նչ է նշանակում։ Որ երկիրը տանում է կործանման, որ երկիրը վերածում է ճահճի։ Իր ընտանիքին, հարազատներին վերաբերվող գործերն անհետևանք են մնում։ Մարդիկ խոսում, մամուլն աղմկում, փաստեր են ներկայացնում, բայց ձայն բարբառո անապատի։ Բանը հասել է այնտեղ, որ գրում են, թե 50 հազար դրամով վարչապետի եղբորն է անցնում Մարց գետի վրա կառուցված հիդրոկայանը, որ չորս ընկերության սեփականատեր է, մյուս բարեկամների բարգավաճումներից են խոսում, բայց ինչպես ամեն ինչ, դա էլ է լռության մատնվում։ Ու եթե այդ կերպ են որոշել կոռուպցիա վերացնել՝ ուրիշներից խլեն որ իրենք վերցնեն, դոփելու ենք նույն տեղում՝ մինչև մի ուրիշը գա ու իրենց ձեռքից խլի ունեցած- չունեցածը։ Մնում է ասել՝ նախկինները թե հեթարն էին, դուք բեթարն եք։