Ինչո՞ւ ուսանողները չեն կարողանում օգտվել եկամտային հարկից

Ինչո՞ւ ուսանողները չեն կարողանում օգտվել եկամտային հարկից

Հարկային օրենսգրքում 2020-ի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն, նույն ուսումնական տարվանից սկսած՝ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:

Աշխատող ուսանողը կամ ասպիրանտը ուսման վարձի փոխհատուցման իրավունքից կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար, որի ուսման վարձը կփոխհատուցվի ուսումնական տարվա ավարտից հետո: Միաժամանակ, կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի 1125-N որոշմամբ սահմանվել է «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը», համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է՝ տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում։ Պարզվում է` այս անգամ եւս իշխանություններն «առուն չթռած»՝ որոշել են «հոպ» գոռալ:

Բանն այն է, որ մեզ պատմեցին, թե այս տարվա եկամտային հարկից օգտվող ուսանողների գումարը դեռեւս չի փոխանցվել: Մենք փորձեցինք նախ ՊԵԿ-ից ճշտել, թե ինչու են թերանում, ինչու վերոնշյալ գումարը չի փոխանցվել, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին: Իսկ այդպես վարվում են այն դեպքում, երբ, որպես կանոն, պատասխան չեն ունենում: Մենք փորձեցինք հարցի պատասխանը գտնել ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ կարգը նախատեսում է եկամտային հարկի գումարը փոխանցել ուսումնական տարվա ավարտից հետո` եռամսյա ժամկետում, կամ որոշակի գործընթացներից հետո` վեց ամսվա ընթացքում: «ՊԵԿ-ում ուսումնական տարին դիտարկվել է ավանդաբար ուսումնական տարվա կտրվածքով` սեպտեմբերից մայիս, սակայն մենք փորձել ենք քննարկել, որ տարբեր բուհեր ուսումնական տարվա սկիզբը եւ ավարտը կարող են սահմանել տարվա ցանկացած ժամանակահատվածում: Հաշվի առնելով խնդիրները` ԿԳՄՍ նախարարությունը ՊԵԿ-ի հետ մշակում է փոփոխություններ, որպեսզի կարողանանք աշխատանքը համադրել:

Այսպիսով ուսանողները ոչ թե դիմելու են ՊԵԿ, այլ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի մենք կարողանանք ամբողջական ինֆորմացիան փոխանցել ՊԵԿ-ին»,- նշում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է այն հարցը, որ կրթության եկամտահարկից դուրս գան հստակ սահմանված ժամկետները: «Օրինակ` հիփոթեքային եկամտահարկը հստակ սահմանված ժամկետ չունի, քաղաքացին երբ ցանկանում, դիմում է ներկայացնում եւ ստանում իրեն հասանելիք գումարը»,- նշում է մեր զրուցակիցը: Այն հարցին, թե քանի ուսանող է օգտվում եկամտային հարկից, եւ, վերջապես, փոխանցվող գումարի ընդհանուր թիվը որքան է կազմում, մեր զրուցակիցը նշեց, որ եկամտային հարկից օգտվում է ավելի քան 400-600 ուսանող, իսկ, ահա, գումարի չափի մասով նշեց, որ չի կարող տրամադրել ինֆորմացիա, քանի որ այն պարունակում է ուսանողի աշխատավարձի չափը, ինչը համարվում է անձնական տվյալ: ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալը մեզ վստահեցրեց, որ մինչեւ ուսումնական տարվա ավարտը ուսանողները կստանան իրենց հասանելիք գումարը, եւ եկամտահարկից օգտվող որեւէ ուսանող չի տուժի: