Գաղտնիության մասին հիշում են, երբ իրենց պետք է

Գաղտնիության մասին հիշում են, երբ իրենց պետք է

Մի քանի օր առաջ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պատասխանել մի խումբ հարցերի։ Բանն այն է, որ մենք այդ թեմաներով մեր ներքին աղբյուրներից տարբեր ինֆորմացիաներ էինք ստացել եւ դրանք ճշտելու նպատակով դիմել էինք իրավասու մարմնին, որպեսզի դրանց հրապարակումից հետո մեզ չմեղադրեին չճշտված տեղեկատվություն հրապարակելու մեջ։ Այդ տեղեկատվության հիմնական մասը վերաբերում է քրեական քննվող գործերին, իսկ մենք հարյուրավոր փաստեր գիտենք՝ երբ դատախազությունը քրեական գործի հարուցման որոշման վրա թանաքը դեռ չչորացած, քրեական գործի ողջ նյութերը հրապարակել է։

Անգամ բազմաթիվ դեպքեր կան՝ երբ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, հաղորդագրությունը տարածել են, լրագրողը կապվել է նշված անձի հետ եւ մեղադրյալը մեր լրագրողի զանգից է իմացել իր դեմ հարուցված քրեական գործի մասին։ Ավելին՝ կան դեպքեր, երբ գործը հարուցել են, հաղորդագրությունը տարածել, սակայն մարդուն հարցաքննության չեն կանչել, նրա բացատրությունը չեն լսել, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը նրան չեն հանձնել։ Ըստ այդմ, մենք ուզում էինք տեղեկատվություն ստանալ քաղաքական աղմկահարույց գործերի մասին, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում։

Դախազությանը հետեւյալ հարցերն էինք ուղղել․

1. Գլխավոր դատախազությունում արդյոք կա՞ իրավական որևէ գործընթաց՝ կապված «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի հետ։ Եթե այո, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ գործընթաց է, քրեական գործ հարուցվե՞լ է (ի՞նչ հոդվածով, ի՞նչ փաստի առթիվ և այն)։

2. Ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող վարույթների շրջանակներում արդյոք քրեական գործ կա հարուցված, որով անցնում է գործարար Սամվել Մայրապետյանը։ Խնդրում եմ ներկայացնել գործի մանրամասները։

3. Ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող քրգործ կա՞, որով անցնում է նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Խնդրում եմ ներկայացնել գործի մանրամասները։

4. Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հարուցված քրեական գործերը, որոնք վերաբերում են Մոնումենտում կառուցված առանձնատներին եւ որոնց հետ կապված պետության առաջին դեմքերը ժամանակին մի շարք հայտարարություններ են արել, ի՞նչ փուլում են, կա՞ն գործեր, որոնք ավարտվել են եւ ուղարկվել դատարան։ 

Մեր այս ծավալուն 4 հարցից եւ ոչ մեկին դատախազությունը չի պատասխանել։ Մեզ արձագանքել են ընդամենը մեկ նախադասությամբ․

«Ձեր հարցերին ի պատասխան ՀՀ դատախազության էլփոստին ուղարկված Ձեր՝ 31.08. 2021 թ․ հարցման՝ տեղեկացնում ենք․ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքի 9-րդ հոդվածը առ այն, որ ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրա արդյունքում ստացված տվյալները գաղտնի են, Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել»։

Մնում է զարամանալ, թե ինչու գաղտնիության հանգամանքը չի գործում, երբ խոսքը վերաբերում է Աղվան Հովսեփյանի, Առուշ Առուշանյանի եւ շատ ուրիշների գործերին։ Չէ որ այդ բոլոր գործերի քննության արդյունքում կարող են ծագել ապօրինի գույքի բռնագրավման հետ կապված խնդիրներ եւ առհասարակ՝ նախաքննության գաղտնիության դրույթը ոտնահարվում է համատարած եւ բացառապես՝ քաղաքական նկատառումներով։