Դատախազությունը հիացած է իրենով, իսկ փաստաբաննե՞րը

Դատախազությունը հիացած է իրենով, իսկ փաստաբաննե՞րը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մի բոցաշունչ հաղորդագրություն է տարածել՝ գովաբանելով ինքն իրեն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Ըստ ուսումնասիրության՝ ՀՀ դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտին անցկացված հարցման համեմատ, 8%-ով բարելավել է դիրքերը:
2023 թվականի դեկտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 11%-ը նշել է, որ լիովին գոհ է դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 7%-ը), 28%-ը` ավելի շուտ գոհ է դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 24%-ը): Ավելի շուտ գոհ չի եղել հարցվածների 17%-ը (2023 թվականի մարտին՝ 24%-ը), ընդհանրապես գոհ չի եղել 26%-ը (2023 թվականի մարտին՝ 26 %-ը)։ Հարցման մյուս մասնակիցները դժվարացել կամ հրաժարվել են պատասխանել: Իսկ թե իրականում ինչ է փոխվել բազմաթիվ քաղբանտարկյալներ ու քաղհալածյալներ ունեցող երկրի դատախազության աշխատաոճի մեջ, այդ թեմայով զրուցել ենք փաստաբաններ Միհրան Պողոսյանի եւ Վահե Եփրիկյանի հետ:

Միհրան Պողոսյան

«Ընդհանուր առմամբ եթե դիտարկենք առկա պատկերը, ապա այդ առումով ոչինչ չի փոխվել: Այնպես, ինչպես 2021 թվականին կային քաղաքական հայացքներով պայմանավորված քրեական հետապնդման տակ մարդիկ, այնպես էլ 2022-ին կային, կային 2023-ին եւ կան նաեւ հիմա` 2024-ին: Կան մեղադրանքներ, որոնցով մարդկանց են կալանավորում, դրանց հեղինակը դատախազությունն է: Ընդհանուրի մեջ չեմ կարող ասել՝ նման դեպքերն ավելացել են, թե ոչ, սակայն որպես արատավոր փաստ կարող ենք արձանագրել, որ նման երեւույթ կա: Ինչքան էլ որ դատախազությունն ասի, որ այդ մեղադրանքներն օրինական են եւ այլն, եւ այլն, սակայն այդ ամենը որոշ ընդդիմադիրների՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը չի փոխում: Այս առումով ոչ մի փոփոխություն փաստացի չկա: Դատախազության աշխատանքում փոփոխություն կարող ենք արձանագրել միայն այն դեպքում, երբ հանրային դիսկուրսից վերանա «քաղբանտարկյալ» բառը: Բայց այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կային նախորդ տարի, կային 3 տարի առաջ եւ այլն: 2021-ի ընտրություններից հետո ուղղորդված գնացին համայնքապետերի ետեւից, 2022-ին անգամ ընտրված համայնքապետերին հերթը հասավ եւ այլն.... ինչ վերաբերում է քրեական արդարադատությանը, ապա գուցե տեխնիկական առումով ինչ-ինչ խնդիրներ լուծվել են, օրինակ՝ գուցե դատախազներն այլեւս դատական նիստերից չեն բացակայում, բայց, մեծ հաշվով, խնդիրներն այդպես չեն լուծվում: Երբ դատախազությունն իրականացնելով սպեցիֆիկ ֆունկցիա` պետության մեջ ավելի շատ փիար միջոցառումներ իրականացնելով է զբաղվում, այն շատ վատ տեղ է տանում: Ասենք, կառավարության նիստերի ժամանակ գլխավոր դատախազի՝ ակնհայտ քաղաքական ուղղվածություն ունեցող հայտարարությունները: Օրինակ` մենք գնում ենք նախկիններից ինչ-որ բան վերադարձնելու ճանապարհով եւ այլն: Ապօրինի գույքերի բռնագանձման վարույթներով նույնպես որեւէ տեղաշարժ չկա: Այստեղ եւս իրավունքը չի պահպանվում, ինչն ինձ համար խնդրահարույց է: Քաղաքական հայտարարություններին համահունչ են դատախազության հայտարարությունները: Այդ ամենն արվում է հասարակության աչքին թոզ փչելու համար: Հանրության աչքին էլ թոզ են փչում, որովհետեւ ցանկանում են աշխատանքի իմիտացիա ստեղծել»:

Վահե Եփրիկյան

«Հաշվի առնելով դատախազության սեւեռումները ոչ մեծ ու միջին ծանրությամբ գործերով մարդկանց կալանավորելու միջնորդություններին, կարող եմ ասել, որ դատախազության այս հայտարարությունն առնվազն չի համապատասխանում իրականությանը: Դատախազությունը հեքիաթային ժանրից հաղորդագրություն է տարածել: Դուք կարող եք պարզապես տեսնել, թե հանրային հետաքրքրություն ունեցող գործերում ինչ տեսակ կեցվածք է ընդունել դատախազությունը: Առհասարակ՝ որ խափանման միջոցն է հիմնականում ընտրում եւ ինչի համար»: