Փաշինյանը հաղթում է Ռուսաստանին` պահելով իր իշխանությունը, եւ պարտվում է Ադրբեջանին` հանձնելով Հայաստանը

Փաշինյանը հաղթում է Ռուսաստանին` պահելով իր իշխանությունը, եւ պարտվում է Ադրբեջանին` հանձնելով Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի խորաթափանցությունը զարմացնում է, մտքի ու լեզվի արագաշարժությունը՝ հիացմունք առաջացնում: Ահա, տեսեք, թե ինչ հմտությամբ նա մի ասուլիսի միջոցավ 2021 թ. մայիսին Սեւ լճի հատվածում, հետո նույն թվականի նոյեմբերին` Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքի գրավումը «չերեզ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան, գցեց ռուսների ջեբը»: Մինչ այդ բոլորը դրա համար մեղավոր ու պատասխանատու էին համարում Փաշինյանին, ով հրամայել էր զորքին՝ ոչ մի պարագայում չկրակել ադրբեջանցիների վրա, տարվա մեծ մասը ձյան տակ գտնվող Սեւ լճի համար կռիվ չտալ, ու մեկ էլ 3 տարի անց պարզվում է, որ խեղճ Նիկոլն ինչ կապ ունի այդ տարածքային զիջումների հետ, նա վստահել է Արշակ Կարապետյանին, որ նա ռուսների հետ լավ հարաբերություններ ունենալով` կկարողանա ավելի արդյունավետ կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը, էն էլ, դու մի ասա, ռուսներն Արշակ Կարապետյանին հրահանգել են՝ հանձնել Հայաստանի տարածքները, բանից անտեղյակ Փաշինյանին էլ զեկուցել, որ ամեն ինչ նորմալ է:

Լավ է` Փաշինյանը ժամանակին է տեղեկացվել, որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք, ու Արշակ Կարապետյանին անմիջապես ազատել է աշխատանքից, թե չէ մի քանի օր էլ որ նա մնար պաշտպանության նախարար, հաստատ առանց Փաշինյանի գիտության Տավուշի մարզի գյուղերը կհանձներ Ադրբեջանին: 

Փաշինյանի տակ գտնվող քաղաքական գործիչներն էլ մի սրտաճմլիկ ախուվախ են դրել՝ բա ո՞նց է Փաշինյանն այդքան միամիտ գտնվել, վստահել օտարի շահը սպասարկողին: Եվ իրականում բոլորովին էլ ոչ «ազատ» Ազատ Արշակյանը եթերում ասում է. «Փաշինյան, ո՞նց ես ուրիշի շահ սպասարկողին պաշտոն տվել», եւ պահանջում է, որ Փաշինյանը բացահայտի, թե արդյոք դա դավաճանությո՞ւն է: Փաշինյանն Արցախի մի կեսը տվեց Ադրբեջանին, մեղքն ու պատասխանատվությունը գցեց նախկինների վրա, նրանց միջոցով էլ՝ ռուսների․ ո՞վ չգիտի, որ նախկինները սպասարկել են ռուսական շահեր: Հետո հանձնեց Արցախի մնացած մասը եւ էլի մեղավոր ու պատասխանատու հռչակեց Ռուսաստանին` ռուսները հանձնեցին Արցախը եւ դատարկեցին հայերից, որ իր դեմ իշխանափոխություն անեն, բայց դե ինքը նորից հաղթեց ռուսներին` իշխանությունը պահեց: Հիմա էլ Հայաստանի տարածքների հանձնման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա գցելու հարցն է լուծում: Փաշինյանը կարող է ամբողջ Հայաստանը հանձնել Ադրբեջանին եւ Թուրքիային ու դրա պատասխանատվությունը գցել Ռուսաստանի գրպանը, Ռուսաստանը մեծ տերություն է, մեծ գրպաններ կունենա, դրանց մեջ ինչ ասես, կարելի է գցել, Հայաստանի կործանման պատասխանատվությունն ի՞նչ է, որ չտեղավորվի: Միայն թե Ռուսաստանին ի՞նչ, թե Փաշինյանն ու նրա կողմից կերակրվողներն ինչ են խոսում, ինչ գալակտիկական կամ տիեզերական մեղքեր են իր վրա գցում, դրանից Ռուսաստանը չի տուժում, չի ոչնչանում, այդ երկրի շահերը չեն տուժում: Նախորդ դարասկզբին էլ Հայաստանի դաշնակցական կառավարիչները Հայաստանի Հանրապետության պարտության եւ ոչնչացման մեղքն ու պատասխանատվությունը գցեցին «Ռուսաստանի ջեբը», հայտարարեցին, որ Ռուսաստանը զինել է Թուրքիային, ու երկուսով պայմանավորվել են կիսել Հայաստանը: Իրենք ի՞նչ մեղավոր են, որ իրենց փոխարեն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Ընդհանրապես, Հայաստանի իշխանավորների մեծամասնությունն աչքի է ընկնում անմեղսունակությամբ` անմեղսունակները որեւէ բանում մեղավոր չեն, իմաստ չունի նրանց որեւէ բանում մեղադրելը եւ դատելը:

Փաշինյանը հիմա պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի այն տարածքները, որոնք ԽՍՀՄ որոշ տարիների պատկանել են Ադրբեջանին: Ժամանակին այդ գյուղերի հանձնումը Փաշինյանն ուզում էր գցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջեբը: Ասում էր` Պուտինն ուզում էր, որ ինքն այդ տարածքները հանձնի Ադրբեջանին, բայց դե ես հերոսաբար դիմադրեցի, հրաժարվեց դրանք հանձնել: 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելով, Փաշինյանն այդ թեմայով ասել էր. «Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ, ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից, ի վերջո, բարդ, տեւական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որը, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»: 

Հետո մի առիթով էլ Տավուշում ակնարկել էր, որ անկլավների վերադարձն իրեն առաջարկում էր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, բայց դե ինքը, որպես սկզբունքային եւ հայրենասեր գործիչ, մերժել է: «Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են եւ այլն, եւ այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է` ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին: Կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետեւ եւ այլն, եւ այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել, եւ այդ կետն ընդհանրապես հանվել է»,- 2021 թվականին ասել էր Փաշինյանը: 

Ստացվում է՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահն ու Հայաստանի ԳՇ պետն առաջարկել են անկլավների վերադարձի հարցը մտցնել եռակողմ հայտարարության մեջ, բայց ինքը ո՞նց կարող էր նման անարդար փաստաթուղթ ստորագրել: Իսկ հիմա Ալիեւի պահանջով` առանց որեւէ թուղթ ստորագրելու հանձնել այդ տարածքները, եւ ինքը խելոք կատարում է Ալիեւի հրահանգը: Չնայած պետք է հապշտապ եզրակացություններ անել, հաստատ՝ դրա տակ էլի ռուսական հետք կա թաքնված, հաստատ՝ մի քանի ամիս կամ տարի հետո բացահայտվելու է, որ այդ տարածքները ոչ թե Փաշինյանն է հանձնել, այլ Ռուսաստանի պահանջով ինչ-որ մեկը: Նիկոլ Փաշինյանի մոտ պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանը կամ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը թող պատրաստվեն, վաղը կարող է ասել, որ իրենց էլ էր նշանակել` նկատի ունենալով Ռուսաստանում ունեցած կապերը, բայց վերջում նրանք իրենից թաքուն հանձնեցին Տավուշի գյուղերը: Մի օր կարող է ասել, որ ինքն ընդհանրապես Հայաստանի վարչապետ չի էլ աշխատել. կվերացնի բոլոր տեսագրությունները եւ կասի՝ դե բերեք մի տեսագրություն, որտեղից երեւում է, որ ես Հայաստանի վարչապետ եմ աշխատել, եթե նման տեսագրություն չկա, ուրեմն վերջ` ես վարչապետ չեմ եղել:

Ավետիս Բաբաջանյան