Ադրբեջանը 4 տարի փակ է պահում Վրաստանի հետ ցամաքային սահմանը

Ադրբեջանը 4 տարի փակ է պահում Վրաստանի հետ ցամաքային սահմանը

Covid-19 համավարակից հետո, կարանտինային ռեժիմի անցնելու պատրվակով, Ադրբեջանը 2020 թվականի մարտին փակեց Վրաստանի հետ ցամաքային սահմանը։ Քովիդը վաղուց է նահանջել, ողջ աշխարհը բացել է սահմանները, վերացրել սահմանափակումները, սակայն պարզվում է` վրաց-ադրբեջանական սահմանն առայսօր չի բացվել, ու կարծես նման հեռանկար էլ չկա։ Թբիլիսիի արձագանքը հստակ է․ երկիրը 1,5 միլիոն զբոսաշրջիկ է կորցրել եւ միլիոնավոր դոլարների վնաս կրել Բաքվի պատճառով։ Զրուցել ենք վրաց քաղաքագետ Գելա Վասաձեի հետ։

- Ադրբեջանն արդեն 4 տարի փակ է պահում բոլոր հարեւանների, այդ թվում՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանները՝ հարուցելով մի շարք խոչընդոտներ․ մարդկանց տեղաշարժի կենսական իրավունքի ոտնահարում, զբոսաշրջային եւ տնտեսական խնդիրներ եւ այլն։ Ըստ Ձեզ, ո՞րն է Բաքվի վերապահումը,  չէ՞ որ սահմանները փակելն ի սկզբանե բացատրվում էր կորոնովիրուսային համաճարակով։ 

- Ինչ վերաբերում է ցամաքային սահմանը փակելուն, ապա այս հարցը յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է, եւ այս իրավունքն ինչ-որ մեկին ձեռնտու չլինելու համատեքստում քննարկելը, կարծում եմ, կոռեկտ չէ։ 

- Բայց Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական վարկածին, ըստ որի՝ այս միջոցը պայմանավորված է Covid-ից պաշտպանությամբ, առայսօր քչերն են հավատում։ Ժամանակին կարծիք կար, որ փակ սահմաններն ինչ-որ կերպ պայմանավորված են ԼՂ-ի հետ կապված իրավիճակով, ոմանք էլ պնդում էին, թե Բաքուն վախենում է զորակոչից փախչող ռուսների հոսքից։

- Ես նման վարկածներին չեմ հավատում։

- Վրաստանում եւ Ադրբեջանում մարդիկ բողոքում են, որ զրկված են իրենց հարազատներին, ընկերներին տեսակցելու տարրական հնարավորությունից կամ ստիպված են չափազանց թանկ գին վճարել դրա համար։ Միմյանցից նույնիսկ 2 կմ հեռավորության վրա գտնվելու դեպքում՝ մարդիկ ստիպված են օգտվել ինքնաթիռներից, քանի որ գործում է միայն օդային հաղորդակցությունը։ Սա նորմա՞լ է։

 - Իհարկե, նորմալ չէ։ Բայց սա այլ խորաշերտեր ունի ու  երկու ժողովուրդների հետ կապ չունի։

- 2019 թվականին Ադրբեջանը Վրաստան այցելողների հարցում առաջատարն էր եւ առաջ էր ՀՀ-ից, ՌԴ-ից ու Թուրքիայից, մինչդեռ 2023-ին ընդամենը 5-րդ տեղում էր։ Ի՞նչ է ստացվում․ Բաքուն դե՞մ է Վրաստանի հետ զբոսաշրջային կապերի զարգացմանը։ Չմոռանանք նաեւ, թե սահմանամերձ շրջաններում որքան ակտիվ է եղել երկու երկրների միջեւ առեւտուրը։

 - Լավատես եմ։ Լավ է լինելու։ Ուղիներ միշտ էլ կգտնվեն։

- Հայտնի է, որ Վրաստանի զբոսաշրջության մեջ ավանդաբար ամենամեծ բաժինն ունեն հարեւան երկրները։ Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին հայտարարել է, որ երկիրն ավելի քան 1,5 միլիոն զբոսաշրջիկ է կորցրել Ադրբեջանի կողմից ցամաքային սահմանի փակ լինելու պատճառով։ Ըստ վրաց պաշտոնյայի՝ դա համարժեք է մոտ 400 միլիոն դոլարին։

 - Մեր պաշտոնյային խորհուրդ կտայի ավելի շատ ուշադրություն դարձնել բուն Վրաստանում զբոսաշրջության խնդիրներին, քան կորուստները հաշվել այն փաստից, որ ինչ-որ մեկը մեքենայով չի եկել հարեւան երկրից, հատկապես որ Ադրբեջանից եկողների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանի քաղաքացիներ են։

- Թբիլիսիի եւ Բաքվի միջեւ սահմանային այլ խնդիր էլ կա․ Ադրբեջանում պնդում են, որ «Դավիթ Գարեջի» միջնադարյան վանական համալիրը պատկանում է իրենց, մինչդեռ, ըստ վրացական կողմի, 6-րդ դարում կառուցված համալիրը Վրաստանի պատմական տարածքն է եւ վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Այս հարցում ի՞նչ լուծում եք տեսնում։

 - Ինչ վերաբերում է «Դավիթ Գարեջի» վանական համալիրի երկու տաճարներին, որոնք, ըստ խորհրդային վարչական սահմանների, եղել են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, ինչպես ոմանք են ասում, կամ եղել են Վրացական ԽՍՀ տարածքում, ինչպես մյուսներն են ասում, հարցը լուծված է շատ պարզ՝ ընդհանուր պատմամշակութային արգելոցի ստեղծմամբ։ Ի դեպ, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ կապված այլ վիճելի հարցերը պետք է լուծվեն այս ճանապարհով։ Ի վերջո, մենք՝ բոլորս, ունենք ընդհանուր պատմություն, որը չպետք է վիճաբանության առարկա լինի:

- Խաղաղասեր եք ու լավատես` լուծումները դրական լինեն․․․

- Կլինի՝ կտեսնեք․․․