«Հրապարակ». Ստուգումներին ըմբռնումով եմ մոտենում․ դա մեր ազատության գինն է

«Հրապարակ». Ստուգումներին ըմբռնումով եմ մոտենում․ դա մեր ազատության գինն է

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի պաշտոնավարմանը մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որից հետո տեղի կունենան ընտրություններ։ Խումարյանը նախկինում «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է կրկին առաջադրվել ու հաղթել։ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցից հետո Խումարյանը կարծես իշխանությունների աչքի փուշն է դարձել, որովհետեւ հրապարակավ Փաշինյանի հարցազրույցն անվանել էր հակալրագրություն, ինչից շատ էին նեղվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները։ Այսինքն՝ ենթադրվում է, որ Ռադիոյի տնօրենի պաշտոնին իշխանություններն իրենց թեկնածուին կառաջադրեն եւ կփորձեն ամեն ինչ անել, որ նա ընտրվի: Թեմայի առնչությամբ զրուցել ենք Գարեգին Խումարյանի հետ։

- Արդեն հայտնի՞ է, թե երբ է տեղի ունենալու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը, ի՞նչ կարգով, ովքե՞ր են լինելու տնօրենին ընտրողները։

- Ըստ գործող օրենսդրության՝ մրցույթը պետք է հայտարարվի ընթացիկ պայմանագրիս ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ ապրիլի 9-ին: Անցկացման կարգը, ընտրիչների կազմը որոշում եւ հրապարակում է Հանրային հեռարձակողի խորհուրդը:

- Ձեզ հայտնի՞ է արդեն, թե ովքեր են լինելու Ձեր մրցակիցները, հնարավո՞ր է, որ Ռադիոյից լինեն մրցույթին մասնակցողներ։

- Մրցակիցների վերաբերյալ առայժմ տեղեկություններ չունեմ: Համենայնդեպս, մցույթին մասնակցելու հետաքրքրության վերաբերյալ հրապարակային որեւէ հայտարարություն աչքովս չի ընկել: Ռադիոյի մեր գործընկերներից էլ նման բան չեմ լսել: Ներկայում, այս հարցի հետ կապված, իսկապես որեւէ տեղեկություն չունեմ:

- Օրերս Ռադիոյի աշխատակազմը փակ քվեարկություն էր անցկացրել՝ կապված Ձեր՝ ընտրություններին մասնակցելու հարցի հետ։ Կպարզաբանե՞ք, թե առիթը որն էր, եւ ի՞նչ արդյունք է եղել։

-  Այո, մարտի 7-ին իսկապես մեծ ժողով էինք արել՝ ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում ուզում էի հասկանալ՝ ինչպես են գործընկերներս վերաբերվում ինձ հետ եւս հինգ տարի աշխատելու հեռանկարին: Կուզեի՞ն, որ մնայի, թե՞ այլ ղեկավար կուզեին տեսնել: Փակ-գաղտնի քվեարկությամբ ստացել եմ 99,3% աջակցություն, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ Ռադիոյի մարդկանց եւ հիրավի երջանիկ եմ, որ նրանցից մեկն եմ: Ապագայի հարց լինելուց զատ, ինձ համար սա նաեւ որպես վերջին հինգ տարիների աշխատանքի գնահատական էր կարեւոր: Իսկապես աջակցության երջանկացնող աստիճան էր, ինչի համար երախտապարտ եմ:

- «Հրապարակը» գրեց, որ այս ընթացքում Ռադիոյում պետական մարմինները ստուգումներ են անում։ Մասնավորապես աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը, մեր տեղեկություններով՝ նաեւ ՊՎԾ-ն է ստուգումներ կատարել։ Ի՞նչ են փնտրում Ռադիոյում, ի՞նչ են կարողացել գտնել։ Ձեր պաշտոնավարման ընթացքում հաճա՞խ են ստուգողներ եկել։

- Հանրային ռադիոյում հիմա իսկապես ստուգումներ են, բայց որեւէ բացառիկ բան չկա: Մեր ընկերությունը դեռ 2022 թվականից զանազան ստուգումների կիզակետում է, այդ թվում՝ եւ ՊՎԾ-ի կողմից: Ինչ-որ իմաստով ստուգումների մասով մենք ռեկորդակիր հաստատություն ենք, բայց ես էդ խնդրին ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ դա մեր ազատության գինն է: Համարենք, որ աշխատավարձ նաեւ այդ բանի համար եմ ստանում:

- Մտահոգություններ չունե՞ք, որ ընտրություններում հաղթելու դեպքում այդ ստուգումները կարող են ավելի սաստկանալ, դառնալ քրեական գործեր, ինչպես պետական շատ պաշտոնյաների դեպքում է լինում։

- Ինչպես նշեցի, այս իրավիճակն ինձ իսկապես չի կաշկանդում: Աշխատանքիս մի մասն է: Ես ի պաշտոնե Հանրային ռադիոընկերության խմբագրական ազատության եւ գործընկերներիս մասնագիտական արժանապատվության երաշխավորն եմ: Եվ տեսչական ու իրավապահ մարմինների հետ շփումը համարում եմ աշխատանքիս բաղադրիչներից մեկը։