ՀՖՖ-ն գործի է անցել

ՀՖՖ-ն գործի է անցել

ՀՖՖ ներկայացուցիչները տարբեր հարթակներում առիթ ունեցել են ասելու, որ Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար, սակայն ինչպես հայտնի է՝ ֆուտբոլիստի որոշումը անփոփոխ է։ Հայտնի է, որ   Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հայաստան ժամանելուն պես փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց ապարդյուն։ Այս մասին նա հայտնել է հրավիրված ասուլիսներից մեկում։

Մարզիչը հայտարարել է, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։ «Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ ու հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի, բայց Մխիթարյանը Բերեզովսկուն ասել է, որ արդեն կայացրել է իր որոշումն ու չի պատրաստվում փոխել այն։ Կարծում եմ՝ պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ»,- ասել է Պետրակովը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն առանձին հանդիպում է խնդրել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց Մխիթարյանը չի ցանկացել։ «Պատրաստ էի մեկնել Միլան, որպեսզի պարզապես զրուցենք, սակայն նա չցանկացավ հանդիպել»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։

«Բրավո՛, Հենո՛»,- քիչ առաջ գրել են ՀՖՖ ֆեյսբուքյան էջով՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։ Բնականաբար առանց ֆեդերացիայի ղեկավարության համաձայնության ՀՖՖ մամուլի ծառայությունը չէր կարող նման քայլի գնալ, ուստի սա կարելի է դիտարկել Մխիթարյանին «հետ բերելու» հերթական փորձի համատեքստում։

Հենրիխ Մխիթարյանը, հիշեցնենք,երեկ դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Նա նաև ճանաչվեց «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ»։