Վահագն Ալեքսանյանը եւ Ծովինար Վարդանյանը` պերսոնա նոն գրատա՞
Երեկ ՀՀԿ երիտասարդական թևի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի և Ծովինար Վարդանյանի մուտքը Ռուսաստան արգելվել է: Ժամեր անց Վարդանյանն իր այդ գրառումը հեռացրել է ֆեյսբուքյան էջից: Մենք փորձեցինք մեր աղբյուրներից ճշտել տեղեկատվությունը եւ ռուսական շրջանակներից ստացանք հաստատում` այո, այս երկու անձը հայտարարվել են պերսոնա նոն գրատա եւ նրանց մուտքն արգելվել է Ռուսաստան: Թերեւս, սա համարժեքության սկզբունքով, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել` հայելային սկզբունքով իրականացվող քայլերից է. Հայաստանն արգելել է Մարգարիտա Սիմոնյանի, Անդրանիկ Միհրանյանի, Զատուլինի եւ ուրիշների մուտքը Հայաստան, փակել է Սոլովյովի հաղորդումը, Ռուսաստանն էլ ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ է նույնը արել` հակառուսական ելույթների համար:
Իշխանական շրջանակաները որևէ կերպ չեն արձագանքել այս լուրերին: Որտեղի՞ց այս տեղեկությունները ՀՀԿ-ական երիտասարդին և ինչո՞ւ է նա գրառումը հեռացրել ֆեյսբուքյան իր էջից:
Մենք կապվեցինք Տիգրան Վարդանյանի հետ, նա ասաց. «Այդ տեղեկության մասին գրել են մի քանի տելեգրամյան ալիքներ, ես տեղադրեցի իմ էջում, բայց հետո մտածեցի` ավելի լավ է կուսակցության միջոցով, կամ լրագրողների օգնությամբ դիմենք Ռուսաստանի դեսպանատուն, հասկանալու համար, թե ինչ է կատարվել իրականում: Ուզում եմ ամեն ինչ հստակ լինի, որպեսզի հետո չասեն` ֆեյք լուր եք տարածում: Լրագրող Սյուզի Բադոյանը դիմել է դեսպանատուն, սպասում ենք պատասխանին»- , նշեց նա:
Կարծիքներ