Ինչ իմաստ կա ՏԻՄ ընտրությունները աժիոտաժի վերածելու․ երբ մեր պետական ավանդույթը լիարժեք տեղական ինքնակառավարում չի ենթադրում

Ինչ իմաստ կա ՏԻՄ ընտրությունները աժիոտաժի վերածելու․ երբ մեր պետական ավանդույթը լիարժեք տեղական ինքնակառավարում չի ենթադրում

Հայաստանում քաղաքական աշունը կարծես թե խոստանում է լինել բավական աշխույժ։ Պատճառը թերեւս առաջիկայում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններն են մի շարք համայնքներում։ Արդեն իսկ հնչում են գնահատականներ, որ գործող իշխանությունները կենաց մահու պայքար են մղելու ՏԻՄ սպասվող ընտրություններում, հատկապես Սյունիքի մարզի համայնքներում՝ տեղական իշխանության ներսում եւս մեծամասնություն ունենալու համար։ Դժվար է ասել, թե ինչու է իշխանությունը նման արմատական սկզբունքայնություն որոշել ցուցաբերել՝ ամեն ինչ իրեն վերցնելու տրամաբանությամբ, երբ իրականում դրա պատճառը բացարձակապես չկա։

Ամենայն հավանականությամբ իշխանությունը զուտ ընդդիմության հանդեպ ունեցած քինախնդրությամբ պայմանավորված է, որ որոշել է նման մոտեցում որդեգրել, կամ էլ վարչական ռեսուրսի վրա վերահսկողություն ունենալու ցանկությամբ, քանի որ մեծ հաշվով, եթե օրինակ ՏԻՄ-երում հաղթեն ընդդիմադիրները, դա մեծ բան չի փոխելու, քանի որ Հայաստանում վարչատարածքային կառավարման սիստեմն այնպես է կառուցված, որ տեղական իշխանությունը, որքան էլ ունենա ինքնավարության էլեմենտներ, մեծ հաշվով մեծապես կախված է կենտրոնական իշխանությունից առանցքային հարցերում, սկսած ֆինանսականից։

Չմոռանանք, որ համայնքները մեծ մասամբ կարողանում են ապրել եւ գործել շնորհիվ պետական դոտացիաների, կառավարության ծրագրերի, եւ տեղական սեփական ֆինանսական միջոցները այնքան չէ, որ համայնքը կարողանա լիարժեք ինքնավարություն դրսեւորել եւ հարկ եղած դեպքում հակադրվել կենտրոնական իշխանությանը։ Հատկապես ներկայիս հետպատերազմական ժամանակներում, երբ արդեն զգացնել է տալիս իրեն հետպատերազմական ֆինանսա-տնտեսական գրեթե ճգնաժամային ծանր վիճակը եւ անկախ իշխանությունների հրապարակած լավատեսական վիճակագրության տվյալներից, հասկանալի է ինքնին, որ տնտեսությունը մեղմ ասած՝ այնքան էլ լավ վիճակում չի գտնվում։

Եթե օրինակ ՏԻՄ ընտրությունների հետ կապված ներկայիս աժիոտաժը լիներ Միացյալ Նահանգներում կամ օրինակ Շվեյցարիայում, կարելի էր հասկանալ։ Ամերիկյան պետական մեքենան այնպես է կազմակերպված, վարչատարածքային կառավարման ավանդույթները այնպիսին են, կենտրոնական կամ դաշնային կառավարության եւ նահանգային եւ տեղական իշխանությունների միջեւ իրավունքների եւ պարտականությունների, պատասխանատվության չափաբաժինները այնպես է բաշխված եւ Միացյալ Նահանգներն ունի այնպիսի զարգացած դեմոկրատիա, որ նահանգային իշխանությունները շատ հարցերում կարող են առաջնորդվել ըստ սեփական նպատակահարմարության, եւ կախվածությունը կենտրոնից այն աստիճան մեծ չէ, որքան Հայաստանում։ Շվեյցարիայում էլ այնպես է ձեւավորված վարչատարածքային կառավարման ավանդույթը, որ իդեալականին մոտ է գործում օրինակ հանրաքվեների ինստիտուտը տեղական մակարդակում եւ շատ հարցեր կարգավորվում են այդ ինստիտուտի միջոցով։

Մեծ հաշվով Հայաստանի գործող իշխանությունները եւ ընդդիմությունը՝ լինի խորհրդարանական կամ արտախորհրդարանական, ՏԻՄ ընտրությունները կենաց մահու պայքարի վերածելով, ավելորդ ժամանակի, ռեսուրսների եւ նյարդերի վատնում է իրականացնում, քանի որ իշխանությունների դեմքում՝ «ամեն բան իմը պետք է լինի» տրամաբանությունը վտանգավոր կարող է լինել, քանի որ իշխանությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ ինկլյուզիվ իշխանությունը ենթադրում է ներկայացուցչական պատասխանատվություն հիմնված բոլորի մասնաբաժինների եւ բազմազանության հաշվառման վրա, իսկ եթե ներկայիս իշխանությունը ուզում է առաջ գնալ դրա բացառումով, ապա դա կարող է բերել «մենիշխանական պատասխանատվության»՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ, իսկ ընդդիմության համար էլ, մեծ առավելություններ չի տալու տեղական իշխանության մարմիններում մեծամասնություն ունենալը, քանի որ օրենասիր եւ գործադիր իշխանությունը այսպես թե այնպես ինկլյուզիվ չէ, եւ նման իրավիճակներում ուզեն կամ չուզեն գնալու են կենտրոնական գործող իշխանության հետ պայմանավորվելու ճանապարհով։

 

Կարեն Ենգիբարյան