Կանխագուշակել էր մահը․․․

Կանխագուշակել էր մահը․․․

Արձակագիր Սուրեն Այվազյանը՝  «Ճակատագիրն հայոց» գրքի հեղինակը, 
իմ հայրենակիցն է։ Մի հետաքրքիր դեպք եմ հիշում նրա կյանքից։ 

Գորիսի Գետափնյա թաղամասում էր ապրում՝ մի փոքրիկ սենյակում։ Մահից ամիսներ առաջ, հանկարծակի մահացավ։ Երբ Ամանորին նրա տուն գնացինք՝ շնորհավորելու տոնը, ուսանողներով հաճախակի էինք այցելում նրան, մի արտասովոր փոփոխություն զգացի։ Տան մեջ՝ առաստաղից,  մի այնպիսի խոշոր լույս էր կախել, որ անպատկերացնելի էր նրա չափն ու արձակած ճառագայթների ուժը։ Փոքրիկ տունն ամբողջովի կորել էր այդ լույսի մեջ ու ինձ թվում էր, թե բաց երկնքի տակ արևն է ցած իջել ու մեզ վառում։ Երբ ուշքի եկա լուսավորությունից, հարցրի․
-Որտեղի՞ց եք գտել այդքան մեծ լամպը և ինչու՞ եք դա կախել։ 
-Կհասկանա՞ք, եթե բացատրեմ, չգիտեմ,- ասաց նա։ 
- Կփորձենք,- ժպտացի։ 

Նա նստեց լույսի կողքին մատնաչափիկի չափ փոքր թվացող բազկաթոռին ու ասաց․
-Ինձ լու՜յս է պետք, շա՜տ լույս․ սովորական լույսերից լույս չեմ զգում։ Ես սա Երևանում եմ պատվիրել (Այն ժամանակ լապտերների հզոր գործարան ունեինք)։ Ես մոտալուտ մահս եմ զգում, ամեն ինչ այնպես խավար է թվում, որ ամենախոշոր լույսից անգամ մի շող չեմ զգում։ 
-Արևն էլ է այդպես․ մայրամուտից առաջ ավելի ուժեղ է լույս տալիս՝ տարբեր երանգներով, բայց դա իր լույսն է։ 
- Դու ինձ հասկացար,-ասաց,- մահվանից առաջ պետք է զորացնել սեփական լույսերը։ 

Մի քանի ամիս անց նա անսպասելի մահացավ։ Մեծ չէր այդքան՝ մոտ 65 տարեկան ու շատ առույգ։ Մինչև հիմա էլ ինձ համար առեղծված է իր մահվան կանխագուշակումը՝ լույսի, շատ լույսի տեսքով․․․ 
Երեկ առաջին անգամ գնացի հրապարակ՝ հասկանալու, թե ինչու են մարդիկ այդքան շատ խոսում տոնածառի ու այլ թեմաների մասին։ Ես ապրեցի այն նույն զգացումը, ինչ ապրել էի 1981-ին։ Կառավարության շենքը պատված էր հազարավոր լույսերով։ Շրջակայքը, ամեն ինչ հասկացա, բայց կառավարության շենքը, ապակիները ինչու՞ էին լույսով փակել։ Դա պաշտպանական նոր զրա՞հ է, որ մարդիկ չկարողանան նայել անգամ շենքին։

Դա կանխագուշակու՞մ է․․․ Փորձեցի ինձ համոզել, որ դա արվել է փոքրիկներին ուրախացնելու, ներսի մղձավանջը քողարկելու համար, բայց մի բան չգտա, որով կարող էի դա հիմնավորել։ Շուրջս «թալանչի Ձմեռ պապիներ էին» ,գետնին փռված ինչ որ կին 3000 դրամով  ֆռիկներ էին վաճառում ու ինչ որ մի խղճուկ կարուսել էր՝ վճարովի․․․ Անընդհատ լսում էի ֆռռիկի, ձմեռ պապիների մոտով անցնող ծնողների ձայնը՝ թանկ է, մենք արդեն գնել ենք․․․