Սխալ էլ կա, սխալ էլ

Սխալ էլ կա, սխալ էլ

Իշխանության մեջ գտնվող մարդիկ էլ, այսպես ասած, մարդ են՝ հանգստանալու, զվարճանալու, սելֆի անելու-լայվ մտնելու, նաեւ սխալվելու իրավունք ունեն, մանավանդ՝ մեր երիտասարդ ու անփորձ իշխանությունները։ Բայց սխալ էլ կա, սխալ էլ։ Սխալներ ու վրիպումներ կան, որոնք, այսպես ասած, անհետեւանք՝ անմեղ բաներ են, եւ դրանց վրա կենտրոնանալը ձվի մեջ մազ փնտրելու նման մի բան է։

Թե Նիկոլ Փաշինյանն ինչ է հագել, ինչպես է շարքային լրագրողի նման ռեպորտաժ անում Գյումրիի փողոցներից, ինչպես է հյուրասիրությունների ժամանակ ախորժակով ուտում, ինչու է ամեն տեղ կնոջը տանում՝ անգամ այնտեղ, որտեղ պետք չէ, քանի թիկնապահով է իրեն շրջապատում, ինչ լեքսիկոն է նախընտրում, ինչու է այդքան սիրում հանրահավաքները եւ այլն, գուցե կարող են հանրային մակարդակում քննարկման թեմա դառնալ, բայց դրանց մեջ «կրիմինալ» չկա։ Անշուշտ, մեկին այդ պահվածքն ու գործելաոճը կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ, բայց դա ճաշակի հարց է, եւ դրանք վտանգավոր հետեւանքներ երկրի համար չեն պարունակում, ուստի հանրության մտածող հատվածը դրանց վրա չպետք է սեւեռվի։ Քննարկման ու սեւեռումների առարկա պետք է դառնան այն քայլերն ու գործողությունները, որոնք իրենց մեջ վտանգներ են պարունակում՝ հետեւանքներ առաջացնում։

Ասենք՝ դատական համակարգի եւ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որոնք կարող են վերջնականապես խորտակել իրավական երկիր եւ անկախ դատական համակարգ ունենալու հույսերը։ Ասենք, քրեական հետապնդումները գործարարների ու ներդրողների նկատմամբ, որոնք կարող են վերջնականապես ի չիք դարձնել մեր տնտեսության աճի եւ ներդրումների հույսերը։ Օրինակ, կրթական չպատճառաբանված բարեփոխումները, արտաքին հարաբերություններում վրիպումները, էկոլոգիական սխալ քաղաքականությունը։