Աղվան Հովսեփյանը ուշագնաց է եղել․ դրանք կոմայի մեջ ընկնելու նախանշաններ են

Աղվան Հովսեփյանը ուշագնաց է եղել․ դրանք կոմայի մեջ ընկնելու նախանշաններ են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում կայացրեց։

«Նախորդ դատական նիստի ընթացքում մենք ներկայացրին միջնորդություն, առողջական վիճակի հետ կապված նոր հանգամանքներ ներկայացրին, սակայն դատարանը դրանք որպես նոր չընդունեց։ Իսկ այսօրվա դատական նիստի ժամանակ մենք ներկայացրել ենք լիովին նոր միջնորդություն, նախորդ միջնորդության մեջ նշված փաստարկներին զուգահեռ այսօր ներկայացրինք նաև պրն Հովսեփյանի օրեր առաջ ուշաթափվելը՝ որպես հանգամանք»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։ «Նաև համապատասխան բժշկական փաստաթուղթ ենք ներկայացրել, թե այդ ուշաթափությունը ինչի հետ է կապված։ Բժիշկները գտել են, որ այդ ուշաթափությունը կոմայի նախանշան է։ Այն նախանշանները, որոնք ունի պրն Հովսեփյանը, կարող է հանգեցնի անդառնալի հետևանքների։ Դրանցից մեկը՝ կոմայի մեջ հայտնվելն է»,- հավելեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին ուշագնաց է եղել, որի պատճառը Հովսեփյանի մոտ այդ պահին արյան մեջ գլյուկոզայի բարձր ցուցիչն է եղել՝ 29 մմոլ/լ։