Սերժ Սարգսյանի կիսատ-պռատ անկեղծությունն ու «մտահոգությունները»

Սերժ Սարգսյանի կիսատ-պռատ անկեղծությունն ու «մտահոգությունները»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկար ժամանակ իր շուրջը խորհրդավորություն էր պահպանում՝ ասելով, թե երբ կգա ժամանակը, կմեկնաբանի իր խոսքը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»: Կխոսի՞, չի՞ խոսի․ հարցադրումները երկար ժամանակ մնում էին օդում կախված: Թեեւ Սերժ Սարգսյանին չսիրողների մեծ բանակի համար միեւնույն էր, թե ե՛րբ եւ ի՛նչ կխոսի նա: Օրերս ՀՀ երրորդ նախագահը վերջապես խոսեց, բայց իր խոսքը հնչեցրեց ոչ թե Հայաստանում, հայ հասարակության համար, այլ՝ ԵԺԿ համաժողովում: Նրա խոսքում կային ճիշտ դիտարկումներ, տեղին մտահոգություններ: Ելույթի տեքստը լավ էր մշակված, եւ առաջին հայացքից այնպիսի տպավորություն էր, թե երրորդ նախագահը փորձել է անկեղծանալ, քանի որ խոսել է նաեւ «իրենց» սխալ լինելու մասին: Դա միայն՝ առաջին հայացքից: Իրականում, այն շինծու անկեղծության դրսեւորում էր, որով երրորդ նախագահը փորձում էր արդարանալ։

Դժվար է չհամաձայնել Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ մտահոգությունների հետ. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը:

Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ»: Այստեղ, եթե Սերժ Սարգսյանն անկեղծ լիներ, պետք է ասեր, որ դատական իշխանություններն ինչպես իր օրոք, այնպես էլ հիմա, իշխանությունների կամակատարն են, մի տարբերությամբ, որ նախորդ իշխանությունների օրոք դատարանների վրա ազդում էին զանգերով, իսկ Փաշինյանը, լինելով անփորձ ու բնավորությամբ հախուռն, հրապարակավ հրահանգում է շրջափակել դատարանների շենքերն ու մուտքերը: Իրենք դատարանների վրա ճնշում գործադրում էին անձայն՝ «տակից», Փաշինյանն ինչ անում է, բացահայտ է անում: 

Այն, որ Հայաստանում պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների ու ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը հասել են վտանգավոր չափերի, ինչի մասին նշեց նաեւ Սարգսյանը՝ ԵԺԿ ամբիոնից, իրենց մաշկի վրա զգում են շատ լրատվամիջոցներ, ընդդիմադիրներ, իշխանության բացթողումների մասին բարձրաձայնող անհատներ: Անգամ հարձակվում են իշխանությանը քննադատող լրատվամիջոցի վրա, ձվեր նետում ու մնում անպատիժ: Սակայն Սերժ Սարգսյանն այստեղ էլ չանկեղծացավ եւ չասաց, որ իր իշխանության տարիներին եթերը վերահսկվում էր Բաղրամյան 26-ից, եւ առանց վերին ատյանների թույլտվության որեւէ հեռուստաընկերություն չէր կարող իշխանության հասցեին որեւէ քննադատական ռեպորտաժ հեռարձակել, չէր կարող իշխանության համար որեւէ անցանկալի մարդու եթեր բերել: Իսկ այսօր կա առնվազն 3 հեռուստաընկերություն, այդ թվում նաեւ՝ Սերժ Սարգսյանի ընտանիքին պատկանող, որոնք օրնիբուն քննադատում են գործող իշխանություններին: 

ՀՀ երրորդ նախագահն ընդունեց, որ Հայաստանում կատարվածի մեջ կա նաեւ իրենց մեղքը. «Վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային եւ կենսական են եղել անվտանգության եւ խաղաղության հարցերը, եւ այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»։ Այստեղ պետք է ասել, որ Սերժ Սարգսյանն իր մեղավորության տրամաչափը բավականին նվազեցրեց եւ չխոսեց այն մասին, որ իշխող ՀՀԿ-ն, որը ժամանակին ամուր գաղափարական հենք ունեցող կուսակցություն էր, շատ հանցագործների համար դարձավ քաղաքական թաքստոց, եւ քրեաօլիգարխիան արդեն խեղդում էր հասարակ քաղաքացուն: Իսկ կոռուպցիոն համակարգը բրգաձեւ բարձրանում էր ներքեւից վերեւ: Այս եւ շատ այլ սխալների մասին չխոսեց երրորդ նախագահը։

Այն, որ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով, Սարգսյանը ճիշտ է ասում: Նա նշեց, թե իր նպատակը մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեին, եւ պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Այո, Սարգսյանը թույլ չտվեց, որ մարդկային զոհեր լինեն: Այնպիսի տպավորությունն է, թե ինքը՝ Սարգսյանը, կառչած չէր աթոռից եւ առաջին իսկ պահանջի դեպքում պատրաստակամորեն հրաժարական տվեց: Բայց նա չհիշատակեց, որ հենց մարտի 1-ի զոհերով է ի սկզբանե եկել իշխանության, անկախ այն բանից, թե այդ օրը ով սադրեց, ով առաջինը կրակեց, ով դիպուկահար բերեց։ Ուստի երկրորդ արյունահեղություն ինքը պարզապես չէր կարող թույլ տալ: Սարգսյանը չանկեղծացավ ու չասաց, որ 2013 թ․ ԿԸՀ-ն հազիվ կարողացավ իրեն նորից նախագահ կարգել: Նա չասաց, որ այլեւս անհնար էր ղեկավարել մի իրավիճակում, երբ իրենից դժգոհում էին անգամ իր թիմի ներսում, շարքային գյուղապետերից, մարզպետներից մինչեւ օլիգարխներ։ Եվ հատկապես հոգնել էին ընտրությունից ընտրություն իրենց համագյուղացիներին, մտերիմներին, ենթականերին, առհասարակ, հասարակությանը ՀՀԿ-ի օգտին քվեարկել պարտադրելուց:

Էլ չենք խոսում ֆինանսական աստղաբաշխական ծախսերի մասին, որոնք բաժանում էին տարածքային ֆեոդալները՝ Սարգսյանի պահանջած թվերը «խփելու» համար… Սերժ Սարգսյանը չանկեղծացավ ու չասաց, որ ինքն այդքան հեշտ իշխանություն տվողը չէր, որ հենց իր իշխանությունը երկարաձգելու համար նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքները նույնպես նկարվեցին: Իսկ դրանից առաջ խաբեց հասարակությանը՝ վստահեցնելով, թե ինքը չի առաջադրվելու երկրի վարչապետի պաշտոնում։ Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից չխոստովանեց, որ ինքն իր իշխանությունը երկարաձգելու համար խաբեց ոչ միայն հասարակությանը, այլեւ Կարեն Կարապետյանին, որին 2017 թ․ ԱԺ ընտրություններից առաջ կանչեց-բերեց Մոսկվայից, որպեսզի ընտրության ժամանակ վերջինս գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը եւ ապահովի ՀՀԿ-ի դրական իմիջը, քանի որ կուսակցությունում նոր, երեսատեղի մարդիկ էին պետք, որոնցով քաղաքական թիմը կարողանար մարդամեջ դուրս գալ եւ քվեներ ստանալ: Կարեն Կարապետյանն իր դրական իմիջով, թարմացված ցուցակով կարողացավ որոշակիորեն մեղմել հասարակության բացասական վերաբերմունքը կուսակցության հանդեպ: Հասարակությունն էլ մտածեց, որ Սերժի ժամանակը լրացել է, կուսակցությունն արդեն նոր ու թարմ դեմքերով կշարունակի ղեկավարել երկիրը: Հասարակությունը վստահում էր Կարեն Կարապետյանի կառավարությանը: Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից չասաց, որ հասարակությունը չներեց իր այդ «բլեֆը», եւ մի փոքր կայծը բավական եղավ իրեն մերժելու համար:

Եթե Սերժ Սարգսյանն այդքան մտահոգ էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, ապա ինչո՞ւ մի կեսբերան միայն խոսեց երկրում իրականացվող քաղաքական հետապնդումների վերաբերյալ եւ չխոսեց Ռոբերտ Քոչարյանի մասին: Չէ որ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է, իր՝ Սերժ Սարգսյանի ընկերը, եւ վերջապես՝ այսօրվա իշխանությունների օրոք թիրախավորվել է Մարտի 1-ի գործով, որի գլխավոր շահառուն ինքն է: Ասել է թե՝ եթե Քոչարյանն ինչ-որ բան էլ արել է, ապա արել է Սերժին նախագահ դարձնելու համար: Սարգսյանն ուրացա՞վ Քոչարյանին, թե՞ քաղաքական խանդը թույլ չտվեց, որ ԵԺԿ ամբիոնից բարձրաձայնվեր նրա անունը: Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից չանկեղծացավ եւ չասաց, որ երախտապարտ է այսօրվա իշխանություններին, քանի որ չնայած ընդդիմադիր եղած ժամանակ նրանք իրեն էին վերագրում աշխարհի մեղքերը, բայց ինքը, զարմանալիորեն, չի հետապնդվում այսօր եւ ազատության մեջ է՝ հասարակության որոշ շերտերի մոտ կասկած առաջացնելով 2018-ի «հեղափոխության» թատերականացված լինելու մասին: Չէ որ դեռ հեղափոխություն ժամանակ խոսում էին, որ իշխանության խաղաղ հանձնումը տեղի է ունեցել մի պայմանով, որ Սերժ Սարգսյանը չի հետապնդվելու, եւ Փաշինյանը հետագայում նույնքան խաղաղ իշխանությունը փոխանցելու է Սարգսյանի նախընտրած մարդուն…

Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոնից չասաց նաեւ, որ իրենք այնքան վատն էին, որ ներկայիս իշխանություններն ինչքան էլ կոպիտ սխալներ են թույլ տալիս, հասարակության մի ստվար զանգված ներողամտաբար է վերաբերվում դրանց, քանի որ վախենում են Սերժի վերադարձից, իսկ իշխանության քննադատներին էլ հակադարձում են. «Բա լա՞վ էր Սերժի վախտ…»: Սերժ Սարգսյանը չասաց, որ իր անունն անգամ խանգարում է, որ երկրում ստեղծվի ճիշտ, առողջ ընդդիմություն, որ իրենք այնքան վատն էին, որ Նիկոլ Փաշինյանը շատերի մոտ կիսահերոս ու կիսաաստված է դարձել… իր բոլոր վտանգավոր հետեւանքներով հանդերձ։

Եվ, առհասարակ, որքանո՞վ է ճիշտ, որ պետական այրերը դրսում վատաբանում են իրենց երկրի իշխանություններին: Եթե ասելիք կա, դա կարելի է ասել երկրի ներսում, ոչ թե բամբասել դրսում… Մանավանդ Սերժ Սարգսյանը, ով երկար ժամանակ եղել է ՀՀ առաջին դեմքը, պետք է վեր կանգներ քաղաքական բամբասանքների մակարդակից:

Միայն Սերժ Սարգսյանի ելույթի վերջին հատվածն էր բավականին դիպուկ եւ տեղին. «Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Սա արդեն պետական գործչի խոսք էր, ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հնչեցված, որպեսզի արտաքին ուժերն իմանան, որ, անկախ ներքին հակասություններից, վտանգի դեպքում բոլորը համախմբվելու են եւ թույլ չեն տալու, որ սասանվեն Արցախի անկախությունն ու անվտանգությունը: