Ղեկը ստանձնելու է հենց Մեհրիբանը

Ղեկը ստանձնելու է հենց Մեհրիբանը

Անցյալ շաբաթ Ադրբեջանի առաջին տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հանդիպումը Պուտինի հետ լայնորեն լուսաբանվեց ռուսական մամուլում։ Սա Ալիեւայի առաջին պաշտոնական այցն էր Մոսկվա, որտեղ նրան այնքան ջերմ ընդունեցին, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե Ալիեւան Մոսկվայում իրեն զգաց՝ ինչպես տանը։ Առհասարակ, Մեհրիբան Ալիեւան վերջերս, կարծես, առաջին պլան է բերվում։ Ադրբեջանական վերնախավում սա ինչ-որ տեղաշարժերի մասի՞ն է խոսում, թե՞ ոչ, եթե նկատի ունենանք, որ այդ երկրի սահմանադրությունն այնպես է գրված, որ իշխանությունը մնա այդ նույն ընտանիքի ձեռքում։

Մեր հարցին պատասխանելով՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան պատասխանեց․ «Մեհրիբան Ալիեւան ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է իր փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր։ Այդ մասով որեւէ արտասովոր ակտիվություն չէ, բնականոն է»։ Իսկ հնարավո՞ր է, որ մինչեւ Հեյդար 2-րդի պատրաստ լինելը իշխանության Մեհրիբանը դառնա երկրի իրական ղեկավար, Իլհամը մնա, էսպես ասած, Անգլիայի թագուհու կարգավիճակում, որովհետեւ, ասում են, ինչ-որ հիվանդություն ունի։

Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիեւայի՝ Ադրբեջանի նախագահ դառնալու հավակնությունների մասին լուրերը նոր չեն։ Ադրբեջանի նախագահի 2013 թվականի ընտրություններից առաջ էլ մի պահ դրանք ակտիվորեն տարածվում էին։ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Մեհրիբան Ալիեւային պատվավոր Լեգեոնի շքանշան տվեց, մինչդեռ նրա ամուսինը ոչինչ չստացավ։

«Իսկապես, վերջին շրջանում իշխանության ներսում վերադիրքավորումները վկայում են առաջին տիկնոջ թիմի դիրքերի ամրապնդման եւ ներիշխանական կլանային պայքարում գերակշռող դիրքը գրավելու մասին։ Մեհրիբան Ալիեւան՝ որպես պետական գործիչ, ավելի բարձր եւ դրական վարկանիշ ունի, քան ամուսինը, եւ հենց նրան են վստահվել սոցիալական ոլորտը եւ լոբբիստական գործունեությունն արտերկրում։ Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հիվանդությանը, ապա այդ մասին լուրերն ասեկոսեների մակարդակում են եւ որեւէ փաստարկված ապացույց չունեն։ Բայց ի պաշտոնե իր պաշտոնավարման անհնարինության դեպքում ղեկը ստանձնելու է հենց Մեհրիբանը։ Այս պահին նման զարգացում դեռ տեսանելի չէ, այնուամենայնիվ»,- պատասխանեց վերլուծաբանը։