Արեն Մկրտչյանը խաբել է «թեղուտցիներին»

Արեն Մկրտչյանը խաբել է «թեղուտցիներին»

Երեկ ռուսաստանյան հայտնի ««Русская медная компания» /РМК/ ներկայացուցիչները վարչապետի օգնական Արեն Մկրտչյանի հետ այցելել են Ալավերդի, Թեղուտ ընկերություն, որը այս տարվա հունվարի 15-ից փակ է։ Նրանք հավաքել են Թեղուտ գործազուրկ աշխատողներին և զգայացունց նորություն են հայտնել, որ հանքի սեփականատեր դարձած ВТБ բանկը համաձայնության է եկել РМК-ի հետ հանքը վերագործարկելու մասին։

ՀՀ կառավարությունն էլ հանդես է եկել որպես գործարքի «քավոր», որը տվել է իր համաձայնությունը։ «Թեղուտի» աղբյուրը հայտնեց, որ ձեռնարկություն է այցելել նաև «Русская медная компания»-ի փոխնախագահներից Յուրի Կոռոլը, սակայն նրա անունը լրահոսում չի շոշափվել։ Իսկ ռուսական ընկերության անունից հանդես է եկել հայազգի գործարար և «Нефтегазстрой» համահիմնադիր Նորայր Պետրոսյանը։ Նա խոստացել է թեղուտցիներին, որ աշխատանքից բոլոր ազատվածները վերադառնալու են ու կրկին գործի են ընդունվելու։ Իսկ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, որը Լոռվա մարզից «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու է, հայտնել է, որ РМК-ն երկար ժամանակ ուսումնասիրություն է կատարել «Թեղուտում»․ «Այնպես չէ, որ հանկարծակի հայտնվեց ու որոշեց հանքը շահագործել ու վերագործարկել։ Երկար ուսումնասիրության արդյունքում նրանք կատարել են իրենց տնտեսական հաշվարկները, հաշվարկել են եկամուտը ու վնասները և եկել են եզրակացության, որ այո, «Թեղուտը» հնարավոր է գործարկել», - ասել է Արեն Մկրտչյանը լրագրողներին։

Սակայն հանքի նախկին աշխատակիցները, Ալավերդու բնակիչները թերահավատորեն են վերաբերվում վերագործարկման մասին լուրերին, դրանք նախընտրական հնարք են համարում։ Եւ իրոք, երեք տարի աշխատած «Թեղուտ» ՓԲ-ի սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերությունը, ահռելի պարտք ուներ ВТБ բանկին՝ մոտ 380 մլն դոլար։ Վերջին վճարումը կատարել է 2018 թվականի ապրիլի կեսերին, և այլևս պարտքի մարում չէր եղել, որից հետո հանքավայրը անցավ բանկին։ Ի՞նչ տնտեսական հրաշք կատարվեց, որ ВТБ բանկը համաձայնեց գործարքին, այսինքն, հավատաց, որ МРК ընկերությունը առնվազն 380 միլիոն դոլար կվճարի իրեն և դեռ եկամուտ կունենա։

ВТБ-ի անանուն աղբյուրը հայտնեց, որ ВТБ բանկի և РМК ընկերության միջև որևէ համաձայնություն չկա, պայմանագիր չի կնքվել։ «Թեղուտի» տնօրեն Միխայիլ Սեմյոնովին հարցրեցինք, թե արդյոք նա տեսե՞լ է РМК ընկերության և ВТБ բանկի միջև կնքված որևէ փաստաթուղթ։ «Ոչ։ Նման փաստաթղթեր չկան։ Դրանք ներկայացված չեն։ Առայժմ «Թեղուտ» գործարանը աշխատում է նախկին ռեժիմով։ Մենք ուսումնասիրում ենք ձեռնարկության հիմնական հզորությունները, հանքավայրի պաշարները, իսկ РМК ընկերության հետ մենք որևէ պայմանավորվածություն կամ հարաբերություններ չունենք»։

Միխայիլ Սեմյոնովին պաշտոնի է նշանակել ВТБ բանկի ղեկավարությունը։ Այս պաշտոնը նա ստացել է սեպտեմբերի 6-ին։ Վերջին մոտ երեք ամիսներին նա ղեկավարում է ձեռնարկության հեռանկարների վերլուծության աշխատանքները, բայց երբ դրանք կավարտվեն, Սեմյոնովը առայժմ չի կարող նշել։ Տնօրենին ևս մի քանի հարց տվեցինք։

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի 380 մլն դոլարը վերադարձնելու համար, եթե ձեռնարկությունը աշխատեր։

-Այս պահին բարդ է գնահատել, թե որքան ժամանակ է պետք դրա համար։ Մենք հիմա ուսումնասիրում ենք հանքի արդյունահանման գործող սխեման, պաշարները, և միայն ուսումնասիրությունների ամփոփիչ վերլուծությունից հետո կկարողանանք խոսել ձեռնարկության եկամտաբերության հեռանկարի մասին ու մշակենք շահագործման մոդելը, որը թույլ կտա, որ ձեռնարկությունը մարի պարտքերը ՎՏԲ բանկի առաջ։

- Կառավարության ներկայացուցիչն ասեց, որ РМК երկար ուսումնասիրություններ է կատարել։ Իրո՞ք, նրանք շատ են եկել գործարան, քանի անգամ։

- Նրանք ուղղակի եկել էին կոմբինատ։ Նախնական փաստաթղթերի հետ չենք ծանոթացել կամ շահագործման մոդելների։ Ես՝ որպես գլխավոր տնօրեն կարող եմ ասել, որ որևէ բազմակողմանի ուսումնասիրություն՝ տնտեսական, տեխնիկական, կամ այլ, նրանք չեն արել։ Ես որպես տնօրեն, կարող եմ չիմանալ մանրամասները։ Գուցե, նրանց ինչ որ փաստաթղթեր են ցույց տվել, բայց ֆիզիկապես նրանք եկել են ընդամենը շաբաթ-կիրակի, ճանաչողական այցով և այդ այցելության արդյունքներով եզրակացություններ անելը վաղաժամ է։

Ռուսաստանցի արկածախնդիրների այցերը զարմանալի չեն։ Նախ, այդ երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավումները ավանդույթ են, և ի վերջո, արկածախնդրությունը բիզնեսմենի հոգեբանության մի մասն է։ Բայց ի՞նչ արկածներ է փնտրում մեր կառավարությունը՝ պաշտոնական ստեր տարածելով։