Ես թաքցնում էի իմ գյումրեցի լինելը. Ադամ Բարրոյի հարցազրույցը՝ hraparak.am-ին. տեսանյութ

Ես թաքցնում էի իմ գյումրեցի լինելը. Ադամ Բարրոյի    հարցազրույցը՝ hraparak.am-ին. տեսանյութ
Ես թաքցնում էի իմ գյումրեցի լինելը. Ադամ Բարրոյի    հարցազրույցը՝ hraparak.am-ին. տեսանյութ

Երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ աշխարհահռչակ ֆրանսիաբնակ օպերային երգիչ, բաս-բարիտոն Ադամ Բարրոն Գյումրու Յոթ վերք եկեղեցում երեկ հանդես եկավ մենահամերգով՝ այդկերպ հարգանքի տուրք տալով երկրաշարժի զոհերին: Եվրոպայում, թերևս, շատերը չգիտեն, որ նա ազգությամբ հայ է, ծնունդով՝ գյումրեցի:

«Տարիներ առաջ ես թաքցնում էի իմ գյումրեցի լինելը, որովհետև մտածում էի՝ հարցնելու են՝ արդյոք զոհեր ունեցե՞լ եմ երկրաշարժին, թե՞ ոչ: Ես չէի ուզում ասել, որ ծնողներիս եմ կորցրել, որպեսզի խղճահարության տեսարան չառաջացնեի: Բայց այսօր արդեն խոսում եմ» ,- hraparak.am-ի հետ զրույցում անկեղծացավ նա:

Ադամ Բարրոյի պատմելով՝ իր ճակատագիրը Ֆրանսիայի հետ կապեց տատիկը, եւ երբ վերադարձավ հայրենիք, հասկացավ, որ տարիներ անց պետք է նորից մեկնի այն երկիրը, որտեղ իր ցավերն ամոքվել են: «Սիրում եմ Ֆրանսիան, բայց իմ առավոտները նաև Հայաստանով են սկսվում: Սրանք լոկ խոսքեր չեն, քանի որ այս ցուրտ ձմռանն այսօր չէի լինի ձեր կողքին»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը համոզված է, որ Տիրոջ կամքով է հայտնվել այլ երկրում, եւ քանի որ հայ ազգը փոքր է, Տերը տալիս է հնարավորություն, որ անհատների միջոցով մեր ազգը ճանաչելի դառնա: 
Ադամ Բարրոյի վերջին այցելությունը Գյումրի 4 տարի առաջ է եղել: Երբ հարցրեցինք՝ քաղաքը փոխվե՞լ է, պատասխանեց. «Ժամանակ չեմ ունենում, որ տեսնեմ փոփոխությունները: Ֆրանսիացին ասում է՝ երբ թոշակի գնամ, բացահայտումներով կզբաղվեմ»:

Իսկ ահա Գյումրու ու գյումրեցու վերաբերյալ արտիստն իր կարծիքն ունի: «Տեսեք, ես մտել եմ եկեղեցի ու սանհանգույց գնալու խնդիր ունեմ, կամ այլ բանի…, ու  որ դուռը թակում եմ, խնդիր չկա…, այստեղ այդպես է….»:

Մեր դիտարկմանը, թե եվրոպացին շատ ուրիշ է, հակադարձեց. «Ոչ, ասում են՝ ֆրանսիացին ժլատ է: Բայց 19 տարի է ես դեռ չեմ հանդիպել ժլատ եվրոպացիների»: Զրույցի վերջում ընդգծեց. «Կարևորը կյանքի արվեստը հասկանալն է: Պետք է հասկանաս, թե ինչ հետաքրքիր նվերներ է Տիրոջ կողմից ուղարկվում: Կան նվերներ, որ պետք չէ բացել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հ.Գ. Ադամ Բարրոյի համերգից հետո,  փամփուշտներից հրաշալի զարդեր պատրաստող  գյումրեցի արվեստագետ  Արտակ Թադևոսյանը,   իր գործերից՝ Խաղաղության սիմվոլ  խաչը նվիրեց աշխարհահռչակ գյումրեցուն: