Այս հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ. Ոստիկանություն

Այս հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ. Ոստիկանություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։

Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։

Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։

Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»։