Աղետի ազդակը՝ ռուս-թուրքական ավանդական երկփեղկումը

Աղետի ազդակը՝ ռուս-թուրքական ավանդական երկփեղկումը

Ուղիղ երկու դար է՝ հայկական պետության կենսատարածքը տարածաշրջանային երկու խոշորագույն խաղացողների՝ մի կողմից Ռուսական կայսրության, ապա Խորհրդային Միության, ի վերջո՝ Ռուսաստանի Դաշնության, մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության, ապա՝ Թուրքիայի Հանրապետության ազդեցության բաժանման գոտին է։ Թուրքիայի ներկայիս տարածաշրջանային հավակնություններն ըմբռնելու համար պետք է հայացք գցել դեռեւս 19-րդ դարասկզբին սկսված ռուս-թուրքական մի քանի պատերազմների պատմությանը։ Այսօր եւս այդ երկու ուժերի տարածաշրջանային ռազմավարական դիմակայությունը չի անհետացել, որքան էլ կարող է հակառակը թվալ։

Հայաստանը, ինչպես վերջին երկու դարում, նույն երկընտրանքի առջեւ է՝ ռուսական անվտանգության միջավայրից հրաժարվելու դեպքում այն արագորեն կփոխարինվի թուրքականով, որեւէ այլ տարբերակ չի ուրվագծվում: Սակայն, ցավոք, վերջին տարիներին հայ-ռուսական ռազմավարական գործակցությունն ընդլայնվելու եւ զարգանալու փոխարեն միայն խաթարվել եւ աղճատվել է:

Շատ է խոսվում ՀԱՊԿ-ի կարեւորության մասին, մինչդեռ այդ կառույցի հարցում ավելորդ պատրանքներին պետք է հրաժեշտ տալ, այն ընդամենը անվտանգության լրացուցիչ հովանոց է։ Որակապես նոր իշխանությունը հիմնական շեշտադրումը պետք է կատարի հենց հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ոչ թե ՀԱՊԿ-ի վրա։

Տարածաշրջանային համեմատական կայունության փրկօղակն ու թյուրքացման դեմ պայքարի առաջամարտիկները բնականորեն Ռուսաստանն ու Իրանն են։ Ցավոք, Հայաստանի անդամակցած եվրոպական կառույցները՝ ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, անգամ ԵՄ-ն, որի հետ 2017-ին համապարփակ գործակցության պայմանագիր ենք կնքել, ոչ միայն հետաքրքրված չեն հայկական թեմատիկայով, այլեւ բացարձակ ցանկություն չեն ցուցաբերում որեւէ կերպ մասնակցելու տարածաշրջանի հետկոնֆլիկտային կառավարմանը, ավելին՝ մեծացնում են Ադրբեջանի էներգետիկ եւ տնտեսական կյանքին իրենց մասնակցությունը։ Մնում է՝ մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ հետեւություններ անի եվրոպական վարքի այս մոդելից։ 
Հայաստանն ունակ չէ իր դաշնակցին եւ գործընկերներին միավորելու անգամ խիստ գործնական հողի վրա՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության փաստի հիմքով միջազգային ասպարեզում հակաթուրքական կոնսոլիդացիա ձեւավորելու կամ գոնե դրան միանալու, այն դեպքում, երբ ՌԴ-ի, Իրանի, ԵՄ-ի համար ահաբեկչությունն ամենազգայուն թեման է։ Մինչդեռ պատերազմի օրերին այդ երեք ուժերն էլ իրական մտավախություն ունեին, որ ծայրահեղականները ցանկացած պահի կարող են իրենց տարածքում հայտնվել, եւ նույնիսկ հակաահաբեկչական լայնածավալ միջոցների էին դիմում։

Պարտության մեկամյա տարելիցի շուրջ խորհրդածությունները շատ ծանր են ու տխուր։ Արցախն ու ՀՀ-ն չունեն ռազմաքաղաքական խորություն, ռազմաճակատում եւ դիվանագիտական հարթակում անփառունակ պարտության հետեւանքները հաղթահարված չեն, Արցախի կարգավիճակը մոռացված կատեգորիա է, ճանաչման, առավել եւս ՀՀ-ի հետ վերամիավորման օրակարգը՝ իսպառ փակված, Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը՝ արգելված։ Եթե ժամանակին բանակցային գործընթացում ասվում էր, թե հարցը ռազմական լուծում չունի, մենք էլ բանակցությունները չխաթարելու համար չէինք նախաձեռնում Արցախի ճանաչում, հիմա ո՛չ Արցախ կա, ո՛չ ճանաչում, ո՛չ էլ բանակցություններ:
Կա միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ տարածաշրջանում ամրապնդվելու մշտագո ցանկությունը։ Սակայն օբյեկտիվ իրողությունն այն է, որ չնայած ռուսական զորակազմի տեղակայմանը Հայաստանում եւ Արցախում՝ տարածաշրջանում թուրքական ազդեցությունը պատերազմից հետո անգամներով մեծացել է՝ իր հետ բերելով նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ Հայաստան պետության ու հայ ժողովրդի գոյությանը։

Դավիթ Սարգսյան