Մի էկզոտիկ «հղիության» պատմություն

Մի էկզոտիկ «հղիության» պատմություն

Իհարկե, հրաշալի կլիներ, եթե մի նույնականացվող աղբյուր ճարվեր եւ հաստատեր Էդմոն Մարուքյանի «հղիության» փաստը: Google-ն ինչքան փորփրեցի, բան չգտա: Ծանոթներս խորհուրդ տվեցին դիմել ԱԱԾ համապատասխան ծառայություններին, բայց այնտեղ էլ ասացին, որ Փաշինյանի հետ փոխկապակցված մարդկանց մասին «այդ կարգի» տեղեկություններ չեն տալիս:

Դիմեցի խորամանկության.
- Լավ, ենթադրենք՝ Էդմոնի «հղիության» մասին տեղեկանք չեք տալիս, բայց գոնե գիտե՞ք ումից է «հղի»:
- Այո:
- Կասե՞ք:
-Ոչ, Էդմոն Մարուքյանը վարչապետի հետ փոխկապակցված անձ է, հետեւաբար, այդ ինֆորմացիան պետական գաղտնիք է:
- Շնորհակալություն:

Դուրս եկա ճարտարապետական ավելորդություններից զուրկ այդ շենքից եւ քայլերս ուղղեցի դեպի Էդմոն Մարուքյանի բնակության վայրի պոլիկլինիկա՝ մտածելով, որ այնտեղից մի բան կիմանամ: Չգիտեմ՝ ասել եմ, թե չէ, բայց մեր հարեւան Շմավոնի կինը՝ Շողերը, այնտեղ է աշխատում՝ քիթ-կոկորդի բաժնի քույրն է: Դե, Էդմոնը հայտնի մարդ է, ինչքան չլինի՝ նրան այդ պոլիկլինիկայում տեսած կլինեն: Բայց այնտեղ էլ բախտս չբերեց: Շողերն այդ օրը հերթափոխի չէր: Որոնումներս այսքանով ավարտեցի եւ իջա աշխատանքի, որ հասցնեմ Էդմոնի մասին հոդվածս գրել:

Ճանապարհին ինձ մի միտք էր տանջում՝ ի՞նչ պետք է ասեմ գլխավոր խմբագրին, ինչպե՞ս պետք է բացատրեմ, որ այդ նուրբ թեման հաստատող որեւէ նույնականացվող աղբյուր չեմ ճարել: Կատակ բան չի, չէ՞, վերցնես ու գրես, որ այսինչը հղի է: Գլխավորը հարց կտա՝ ումի՞ց է հղի. ի՞նչ պետք է պատասխանեմ: Բայց մեկ էլ մի միտք շանթահարեց ուղեղս՝ իսկ ինչո՞ւ «հղիության» հղումը հենց Էդմոնին չտալ: Ի՛նչ ԱԱԾ, ի՛նչ պոլիկլինիկա… դուզ՝ Էդմոնին: Ի վերջո ինքն է, չէ՞, Կարպիս Փաշոյանին խոստովանել դա: Իհարկե՝ չի ասել, «հա, ես հղի եմ», բայց շատ նրբորեն եւ գեղեցիկ արտահայտություններով խոստովանել է՝ խոսքին լոռեցու միամտություն խառնելով: Խոստովանել է նաեւ, թե ումից է «հղի»: Վերջ, այդպես էլ կանեմ՝ հղումը կտամ Էդմոնին: Ասեմ նաեւ, որ շատ եմ հավանում Կարպիս Փաշոյանի հարցազրույցները, որոնց ընթացքում նա իր շատախոս հյուրերին լավ խոսացնում է, եւ սրանք իրենց մասին ինչ գիտեն՝ ակամա խոստովանում են ու կրակն ընկնում:

Էդմոնն էլ բացառություն չէ: Նա նախ շոյվեց Կարպիսի հաճոյախոսություններից, թե անցյալ տարվա այս օրերին ինքն է կանխել իշխանափոխությունը` չի թողել, որ խորհրդարան մտած մարդիկ Նիկոլի պոյեզը շուռ տան եւ այլն: Բա պատկերացնո՞ւմ եք, որ պատերազմը չավարտված՝ ես էլ միանայի այդ մարդկանց ու գերագույն գլխավոր հրամանատարից իշխանափոխություն պահանջեի՝ ասում է Էդմոնը՝ դասականին հատուկ ժեստիկուլյացիայով եւ լոռեցու միամիտ աչքերով: Կարպիսն էլ Էդմոնի գովքն անելով, նրան բերում-բերում ու աննկատ կանգնեցնում է օրվա ընդդիմության թեմայի վրա: Եվ այստեղ Էդմոնս մինչեւ վերջ է բացվում: Էդմոն, դու իսկական գտածո ես, բալամ, դու տեղով նույնականացվող աղբյուր ես, ապո ջան:

Բայց մինչ ինձ տանջող հարցին պատասխանելը մի երկու հարց տամ Էդմոնին: Պարոն Մարուքյան, ի՞նչ կապ ունի այսօրվա ընդդիմությունը 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության պասիվ վարքագծի հետ: Նախկիննե՞րը թույլ չէին տալիս ակտիվ լինել, թե՞ ուրիշ պատճառ կար, որի մասին մինչ օրս չգիտի ո՛չ հանրությունը եւ ո՛չ էլ անգամ «Լուսավոր Հայաստանի» ժողովուրդը: Այդ օրերի «ամենաընդդիմադիր» կուսակցությանը խայտառակ ընտրարշավ «պարտադրողը», արդյոք, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ կլասիկ քաղաքական գործիչը հրաժարվեց պայքարից: Նայիր կուսակիցներիդ աչքերի մեջ եւ ասա, Էդմոն, որ նման բան չկա, որ չես վախեցել կամ չես ծախվել ամեն ինչ գնող այս իշխանություններին: Անկախ ամեն ինչից, Էդմոն, վաղը, մյուս օրը, ԼՀԿ-ում կճարվի մի 4-5 ձիգ տղա, ու այդ գործարքը դուրս կգա ջրի երես: Իսկ ի՞նչ է անում Վանաձորում «Լուսավորը», ինչո՞ւ Էդմոնի եղբայրը հրաժարվեց մասնակցել ՏԻՄ ընտրությանը: Հեռուն գնացող հետեւություններ պետք չէ անել, կարծում եմ: Պարզապես Վանաձորի ընտրություններում, որտեղ քաղաքապետի թեկնածու է Լոռու մարզպետը, «Լուսավոր Հայաստանը», Էդմոն Մարուքյանն ու իր եղբայրն անելիք չունեն: Ի՞նչ անեն՝ խանգարեն Նիկոլի դրածոյի՞ն: Բա Էդմոնն ուտող-ուրացող տղա՞ է…

Կարպիսի մոտ հաղորդման ժամանակ Էդմոնի բերանից մի այսպիսի խոսք էլ դուրս թռավ՝ քանի դեռ Հայաստանում ընդդիմության փոփոխություն չի եղել, ես բացառում եմ, որ իշխանության փոփոխություն կլինի: Քանի դեռ ընդդիմությունը կառաջնորդեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, ես բացառում եմ, որ Հայաստանում հնարավոր կլինի իշխանափոխություն անել… Սիրելի ընթերցող, համբերիր, տեղ ենք հասնում: Եվ այսպես անուշ խոսելով՝ Էդմոնը գալիս ու կենտրոնանում է նախկինների փողերի վրա, որոնք դրսում են, եւ շատ բարդ է այդ փողերը հետ բերելը (խեղճ Նիկոլն ի՞նչ անի): Հաջորդ անցումն արդեն կատաստրոֆիկ էր: Էդմոնս մտավ Քոչարյանի կառավարման 10 տարիների մեջ եւ մի 10 րոպե չէր կարողանում հերքել տնտեսության երկնիշ թվերով աճի, խաղաղության պահպանման, ներգաղթի փաստերը: Հակադրելու բան չկար: Մեկ էլ հիշեց, որ 2008թ. մարտի 1-ին կրակել են… Այ, այստեղ մտածեցի` տեսնես ինչո՞ւ է Էդմոնը մոռացության տալիս, որ Նիկոլի օրոք մարտի 1-ի գործ վերաբացվեց, Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեցին, ապա՝ մեղադրանքն ամբողջովին հանվեց, որովհետեւ ամեն ինչ շուռ էր գալիս վարչապետի աթոռին թառած Նիկոլի դեմ:

Հիշո՞ւմ եք՝ մի անգամ Ռոբերտ Քոչարյանն ինչպես վարվեց Արթուր Բաղդասարյանի հետ, երբ իմացվեց, որ սա բրիտանացի ինչ-որ միսիոներների հետ «շպիոն Օնո» էր խաղում: Էդմոն Մարուքյանը, իմ համոզմամբ, հենց այդ հեռանկարից է սարսափում եւ պատրաստ է ամեն ինչի, միայն թե «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը չգան իշխանության: Կարող եմ հարյուրներով թվարկել մարդկանց, որոնք ուղղակի մրսում են Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուց. Ստյոպա Սաֆարյան, Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան, Տիգրան Խզմալյան, Բեւեռի՝ անխտիր բոլոր առաջնորդները, ՔՊ-ի սորոսական բիոմասսան,վերջապես՝ նախագահ Արմեն Սարգսյանը եւ նրա կողքերը վազվզող մեծ ու փոքր շնիկները: Եվ սրանք ամեն ինչ անում են, որ Նիկոլը հանկարծ թախտից չընկնի, այլապես Քոչարյանը որ եկավ, իրենց վիճակը վատ է լինելու: Հիմա հարց՝ իսկ Էդմո՞նն ինչու է մրսում Քոչարյանից: Պատասխանն ինձ համար ակնհայտ է, դուք փորձեք գտնել ձեր պատասխանը: Չմոռանաք դիտարկել նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ-ի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունից հետո Էդմոնի վազվզոցն Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան երթուղով: Ի՛նչ էկզոտիկա կար այդ ամենի մեջ…