Իտալիան կտրականապես հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» պատուհաս դարձած դասակարգումից և վերադարձավ  «մայր» և «հայր» եզրույթներին

Իտալիան կտրականապես հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» պատուհաս դարձած դասակարգումից և վերադարձավ  «մայր» և «հայր» եզրույթներին

Կա ակտիվ շրջանառվող վարկած, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց ՀՀ իշխանություններին Վենետիկի հանձնաժողովը թույլատրելու է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկել: 

Hraparak.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադառնում է այս հարցին։ Նա նախ շեշտեց, որ երկակի ստանդարտների կողմնակից չէ և երբեք Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքներն ու եզրակացությունները չի գնահատում՝ ելնելով նրանից, թե դրանք որքանով են համահունչ իր սուբյեկտիվ ընկալումներին և իրավիճակային քաղաքական շահերին:

Ըստ իրավաբանի՝ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը կարող էր պիտանի լինել, եթե այն չսահմանափակվեր միայն Սահմանադրության մի քանի, նախապես ընտրված և հանձնաժողովին հրամցված նորմերի համադրությամբ: 

«Հարկ էր հարցադրումներն ընտրել առավել լայն դիապազոնով, որպեսզի ապահովվեր անհրաժեշտ համալիր մոտեցում: Մասնավորապես, չէր կարելի կոնվենցիայով ներմուծվող «զուգընկերների» իրավաչափությունը դիտարկել զուտ Սահմանադրությամբ ամրագրված «ամուսնանալու ազատության» տեսանկյունից և պնդել, թե իբր «զուգընկերների» առնչությամբ կոնվենցիան չի պարտադրում, այլ սոսկ խրախուսում է ներպետական օրենսդրությունում համապատասխան փոփոխություներ կատարելը»,-ասում է Գևորգ Դանիելյանը։

Նա նկատում է, որ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված նորմն ամրագրում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:  Այլ կերպ ասած, հանրահայտ է, որ, անկախ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից, առաջիկայում չի բացառվում, որ միջազգային որևէ մարմին ամրագրի այնպիսի դիրքորոշում, ըստ որի՝ խրախուսվող տարբերակն առնվազն հարկ է պարտադիր կարգով ամրագրել ազգային օրենսդրությամբ, որպեսզի ասենք՝ չխաթարվի ժամանակակից ըմբռնմամբ ընտանիքում բռնության դեմ պայքարի արդյունավետությունը: Պարզ է, որ այդ դեպքում այլևս չենք կարողանալու հղում անել Վենետիկի հանձնաժողովի խիստ վերապահումով արված եզրակացության վրա, քանի որ, Սահմանադրության համաձայն, մենք պարտավոր ենք ղեկավարվել ոչ թե փորձագիտական կազմակերպությունների, այլ բացառապես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով: Գևորգ Դանիելյանի հավելմամբ՝ կան բազում այլ սահմանադրական նորմեր, որոնց համատեքստում ևս Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքն արդեն միանշանակ չէր լինի, այսպիսով, այն ակնհայտ թերի է, ոչ ամբողջական:

Գևորգ Դանիելյանն ասում է․ «Ընդհանրապես, այս հարցով ակնհայտ է Վենետիկի հանձնաժողովից նախապես կանխատեսելի եզրակացություն ունենալու ձգտումը: Այս հանձնաժողովը մշտապես դեմ է արտահայտվել մեր կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների այն նորմին, ըստ որի՝ մենք ամուսնության ազատությունն ամրագրել ենք որպես բացառապես կնոջ և տղամարդու միություն կազմելու իրավունք, ուստի ավելորդ անգամ նույն հարցով այդ հանձնաժողովին դիմելը, թերևս, հիշեցնում է հանրության տրամադրությունները վերաձևավորելու անհեռատես նկրտում: Անկախ ամեն ինչից, հայ մարդն իր հոգեկերտվածքով չի տրվելու այդպիսի էժանագին հնարքների, նա չի հանդուրժելու հայի ինքնությանն ու նրա պետականությանն սպառնացող այդպիսի մեծագույն վտանգ:

Ըստ Դանիելյանի՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հիրավի համալիր ու սպառիչ կլիներ, եթե վերջինիս առաջադրվեին նաև առավել առանցքային հարցադրումներ, օրինակ՝ ինչպե՞ս է փոխհարաբերվում օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, խտրականության արգելքի սկզբունքը, երբ զուգընկերների համար նախատեսվում են արտոնություններ, ինչպե՞ս են երաշխավորվելու Սահմանադրությամբ և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված երեխայի լավագույն շահերը՝ զուգընկերների կազմով ընտանիքներին երեխաներ որդեգրելու դեպքերում։ Իրավաբանը հարցնում է՝ եթե այդչափ ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ է եվրոպական խորհրդարանն այս տարվա  ապրիլի 4-ին դիմել  Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն և այլն:

«Հարկ է նկատել նաև, որ միջազգային փորձը մեզանում խիստ աղճատված է ներկայացվում: Նախ, գիտեք, որ ԵՄ անդամ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան: Նույն` եվրոպական երկրներում արդեն նկատվում են Ստամբուլյան կոնվենցիայով «խրախուսվող» նորամուծություններից հրաժարվելու անթաքույց զարգացումներ: Եվրոպան ուշ, բայց արթնանում է: Բնորոշ է այն, որ սոսկ 2 ամիս անց Իտալիայի կառավարությունը կտրականապես հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» պատուհաս դարձած դասակարգումից և վերադարձավ ավանդական «մայր» և «հայր» եզրույթներին։ Չկրկնվեմ. եվրոպական խորհրդարանը դիմել է Արդարադատության դատարան՝ Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության հարցով»,-ասում է Դանիելյանը։

Ըստ նրա՝ չպետք է անտեսել նաև, որ Վենետիկի հանձնաժողովի հատուկ կարծիքը մի արժեքավոր ծառայություն մատուցեց այնքանով, որ վերջապես հստակ ընդգծվեց, որ կոնվենցիան նույն հարթության վրա է դիտարկում կնոջ ու տղամարդու միջև ամուսնությունը՝ «զուգընկերների» միության հետ, մինչդեռ մեզանում քարոզիչները վստահեցնում էին, որ «զուգընկերների» մասով մեր պնդումներն անհիմն են, որ պարզապես չկան այդպիսի դրույթներ:

Ասվածի համատեքստում մտահոգիչ է նաև, որ կառավարությունը հավանության չի արժանացնում խորհրդարանի պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության կտրվածքով, որոնք անվերապահորեն հետապնդում են կոնվենցիայի հնարավոր ոչ համարժեք մեկնաբանություններից բխող զարգացումները կանխելու նպատակ:

Դանիելյանը հավելում է, որ ցավոք, միաժամանակ, որոշ վերապահում ունի Վենետիկի հանձնաժողովի գործունեության կտրվածքով, ինչը պայմանավորված է ոչ թե դրանց արդյունքների բովանդակային ուղղվածությամբ, այլ վերջին շրջանում դրսևորած վճռականության պակասով:

Մասնավորապես, իրավաբանին անչափ զարմացրել է 2018 թ. հոկտեմբերին իրենց քննարկմանը ներկայացված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և, հատկապես, այն սեղմ ժամկետում կիրառելու վերաբերյալ, թերևս, անհարկի խուսափողական կարծիքը, ինչը բնորոշ չէ անգամ դիվանագիտական դասական լեզվաոճին: Ըստ արդարադատության նախկին նախարարի՝ այսպիսի զգուշավոր գործելաոճը մարդկանց մոտ անհարկի անվստահության տեղիք է տալիս, ուստի շատերն անգամ անցան կտրուկ ձևակերպումների. «Վենետիկի հանձնաժողովը չէ, որ պետք է մեզ թելադրի» և այլն: Բայց և՝ նա չի անտեսում, որ առանձին, իրավական մշակույթի արդեն տարրական կանոնները կոպտորեն անտեսող նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովը չի վարանում հայտնելու իր միանշանակ «ոչը»: