Աշխարհահռչակ գյումրեցու մտադրությանը անտեղյակ՝ ավագանին որոշում կայացրեց

Աշխարհահռչակ գյումրեցու մտադրությանը  անտեղյակ՝  ավագանին  որոշում կայացրեց

«ԿԱԼԳ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը դիմել էր Գյումրու քաղաքապետարանին, քաղաքապետարանն էլ՝ ավագանուն, որպեսզի քաղաքի Կումայրի պատմական արգելոցի տարածքում գտնվող շինություններից մեկը հատկացվի կազմակերպությանը՝ ԱՄՆ-ում բնակվող աշխարհահռչակ գյումրեցի քանդակագործ-գեղանկարիչ Էմիլ Գազազի (Էմանուել Գազազյան) անվան տուն-թանգարան բացելու նպատակով:«Իր ցանկությունն է Գյումրի վերադառնալ, Գյումրիում հիմնել իր արվեստանոց-ձուլարանը։ Ով մոտիկից ծանոթ է Էմիլին, գիտի բնավորությունը, գիտի իր հնարավորությունները, չնայած աստղաբաշխական արժեքներով են վաճառվում նրա ստեղծագործությունները, բայց ինչ-ինչ մարդկանց ձեռքով են անցել պայմանագրերը, ովքեր նրա արվեստը օգտագործել են ոչ իր օգտին։ Ստացվել է այնպես, որ պայմանագրերի ժամկետն ավարտվել է, հիմա նա ցանկություն ունի գալ Գյումրի, տեղափոխվել ու ստեղծագործել։ Այս պահին առկա են նրա մոտ 50 գործեր, անձամբ եմ տեղափոխման աշխատանքները կազմակերպել, բերել եմ, վերանորոգման հետ կապված էլ, երբ ունեցանք համապատասխան պայմանագիր, կկազմենք նախահաշիվ։ Կա որոշակի գումար, որը նախատեսված է կոսմետիկ վերանորոգման համար»,-Էմիլ Գազազի Գյումրի վերադառնալու ցանկության մասին անակնկալ կերպով հայտնեց   Գայանե Կարապետյանը, ով ներկայացավ որպես  Գազազի ներկայացուցիչ : 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ ԱՄՆ-ում անձամբ այցելել է Գազազի արվեստանոց, հիացել նրա գործերով, որոնք  100 հզր դոլարից պակաս չեն վաճառվում: Նշենք, որ ավագանին վերջին նիստին այս որոշմանը կողմ քվեարկեց, որից հետո քաղաքապետը  հույս հայտնեց, որ «Էմիլ Գազազ» ցուցասրահ-թանգարանի բացումը հավանաբար  կկայանա այս տարվա դեկտեմբերի 6-ին կամ 8-ին: 

Իհարկե, գաղափարը հրաշալի է, բայց արի ու տես, որ ինքը՝ Գազազն այնքան էլ իր ցանկություններից  եւ մտադրություններից տեղյակ չէ: Մեզ  հաջողվեց գտնել Էմիլ Գազազի եւ նրա կնոջ՝ հրապարակումներից մեկին կցված  ֆեյսբուքյան հայտարարությունը, որը եթե անգլերենից թարգմանում ենք, բառացի հետևյալն է. «Մենք՝ Տեր և Տիկին Կազազներս, կցանկանայինք նշել, որ Էմիլ Կազազի համաշխարհային բացառիկ ներկայացուցիչը Մոնետ Կազազն է, և որևէ այլ անձ իրավասու չէ ներկայանալ  որպես Էմիլի ներկայացուցիչ և խնդրել որևէ գործողություն ՝ կապված նրա ցանկությունների կամ աշխատանքների հետ: Խնդրում ենք, կապվել մեզ հետ, Գյումրու և Երևանի քաղաքապետերի կամ վարչապետի հետ, քանի որ նրանք տեղյակ են այդ գործողություններից և Էմիլի ցանկություններից, և այդ հարցը հետագայում կքննարկենք նրանց հետ»:

Տեր եւ Տիկին Կազազների հայտարարությունից հետո, կարծում ենք, Գյումրու քաղաքապետարանն ու ավագանին հետևություններ անելու լուրջ հիմքեր ունեն: Ի դեպ, նշենք, որ Մոնետ Կազազը հենց նկարչի կինն է՝ Մանե Կազազը: