Մի քաղաքացու պատմություն

Մի քաղաքացու պատմություն

«2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո իշխանության ղեկի մոտ հայտնված նորերի հանդեպ իմ վերաբերմունքը, կարծում եմ՝ շատ-շատերի նման, ընթացել է որոշակի կերպափոխությունների ճանապարհով՝ արձանագրելով նաեւ անսպասելի բովանդակային փոփոխություններ։ Առաջին օրերի բուռն ոգեւորությունն արագորեն փոխվել է տարակուսանքի ու կասկածի, որոնք, այնուամենայնիվ, որոշ ժամանակ զսպվել են դեռեւս կենսունակ լավատեսությամբ։ Ապա հաջորդել է թերահավատությունը, այնուհետեւ՝ վստահության կորուստը, ի վերջո՝ վերջնական հիասթափությունը։ 2018-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները հազարավոր հայրենակիցներիս նման ես դիմավորեցի արդեն բոլորովին պատրանազերծ՝ մեջս օր օրի ահագնացող տագնապ ու վախ ունենալով երկրի ապագայի ու հեռանկարի համար։ 

Ապրիլյան իշխանափոխությունից կարճ ժամանակ անց՝ 2018-ի աշնանը, արդեն քաղաքացու իմ ուսերին ոչ միայն գաղափարական ու քաղաքական, այլեւ հոգեբանական կորուստների բեռ էի զգում։ Եվ ամենամեծ կորուստն այն զարմանալի փոփոխության ներքին արձանագրումն էր, երբ երկրիս ապիկար իշխանավորների, տգետ կառավարիչների պատճառով կամաց-կամաց սկսեցի ականջ թեքել դեպի այն կողմը, որի դեմ ամբողջ էությամբ ընդվզել էի տարիներ շարունակ։ Ստիպված, չկամենալով, ներքին դիմադրությունս հաղթահարելով՝ ես կատարեցի անցյալի որոշակի սրբագրումներ ու վերագնահատումներ՝ ո՛չ հօգուտ նոր իշխանության։ Եվ հիմա չեմ կարողանում ներել Ն․ Փաշինյանին ու նրա թիմին այն բանի համար, որ իրենց մեղքով կարծես վերադառնում է այն ուժը, որը, ինչքան էլ «նախկին» կամ «մերժված» անվանեն, զանազան մետամորֆոզներով կենդանի է մնացել քաղաքական դաշտում։

Ն․ Փաշինյանն այդ ուժի վերադարձը պիտի փակեր նրանց ոչ թե ասֆալտներին ու պատերին «փռել-ծեփելով», «թաթիկները կտրելով», այլ երկրում իսկապես արդարություն ու օրինականություն հաստատելով, ընդ որում՝ առանց նյարդային ու հոգեկան ցնցումների, առանց տեսարանների ու բեմականացումների, առավել եւս՝ սեփական մենակատարությամբ։ Այդ ամենը պիտի արվեր պետական այրի լրջմտությամբ ու արժանապատվությամբ։ Առանց ցուցադրականության։ Առանց ցինիկ պաթոսի։ Բայց Նիկոլի անհավասարակշիռ վարքից հանրության մեջ խտացավ ատելության այնպիսի մեծ չափաբաժին, որ ատելության «օբյեկտը» հստակ խրամատավորվեց հակառակ կողմում։ Իսկ խրամատից կրակելն արդեն հեշտ է։ Դա մեծագույն սխալ էր, որ թույլ տվեց Նիկոլի իշխանությունը։ 

Իբրեւ մարդ՝ ցավ եմ ապրում, որ հրապարակային իմ դժգոհություններն իշխանությունից կարող են ընկալվել որպես մերկ քննադատություն, մանավանդ՝ մերկապարանոց քննադատություն՝ այն դեպքում, երբ դրանց ենթատեքստերում ավելի շատ խորագույն հիասթափություն է ու իմ խորացող տագնապը։

Ն․ Փաշինյանից ու նրա թիմից վիրավորված է իմ բանականությունը։ Ինձ չեմ կարողանում ներել՝ նորերի ամբողջ ապազգային, շահախնդիր էությունը կանխագուշակել-կռահել չկարողանալուս, չարաչար խաբվելուս համար։

Ն․ Փաշինյանից ու նրա թիմից խորապես վիրավորված է իմ կենսագրության, նաեւ՝ էության մեջ ապրող  մանկավարժը, երբ ականատես եմ դառնում հայոց դպրոցը հիմքից խարխլելու եւ իր առաքելության ճանապարհից հեռացնելու հակազգային քայլերի, որոնք արվում են կրթությունից մղոններով հեռու եւ հայրենիքը Սորոսի ողորմածությանը հանձնած կասկածելի «գործիչների» կողմից։ 

Նիկոլը խաբել է ինձ, եւ ես ներումի խոսք չունեմ։ Հատկապես որ օր-օրի ավելի պարզորոշ եմ տեսնում, թե ինչպես է գիտակցաբար շարունակում ոչ միայն մոլորեցնել իմ գիտակցությունը, այլ նաեւ (քանի որ դա անում է մանկամիտ ու պարզունակ հնարքներով)՝ արհամարհել այն։
ՀՀ քաղաքացի Գ․ Խորիկյան»։

ՀԳ․ Ես խնդրեցի հրապարակագիր բարեկամիս այս խոհերը պատրաստել հրապարակման այն բանից հետո, երբ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հրաժարվեցին մասնակցել անպտուղ ձգվող դատական ֆարսին, մինչդեռ 2 տարի առաջ Ն․ Փաշինյանն ինքնամոռաց բղավում էր՝ «Մարտի 1-ը բա-ցա-հայտ-վա՛ծ է»: 

Սա այն մեծագույն ստերից է, որը ցույց է տալիս՝ վաղուց բացահայտված  է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։