«Հրապարակ». Եթե ուզում եք մեր երկիրը լավ վիճակում լինի, ուրեմն ինձ վստահեք

«Հրապարակ». Եթե ուզում եք մեր երկիրը լավ վիճակում լինի, ուրեմն ինձ վստահեք

«Հրապարակի» զրուցակիցը Տավուշի թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:

- Սրբազան, տեղեկացանք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվել, ի՞նչ նախաձեռնություն է, ի՞նչ նպատակով է կյանքի կոչվել: Անվանումից կարող ենք ենթադրել, որ փորձելու եք կանխել իշխանության ապազգային գործողությունները:

- Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են արվում` բավականին կարեւոր: Զուտ խորհրդապահական իմաստով չեմ ցանկանում հիմա շատ բան ասել, այն, ինչ պաշտոնապես հրապարակվում է, դա է, մինչ կգա ժամը, ամեն ինչ կասեմ:

- Իսկ նպատակի մասին չե՞ք խոսի:

- Դե, եթե նպատակի մասին ասեմ` վերջ…

- Ինչո՞ւ, իշխանափոխության ծրագի՞ր է դա:

- Չէ, ի՞նչ իշխանափոխություն, իշխանություն ե՞րբ է եղել, որ հիմա էլ փոխենք:

- Դե ֆակտո նրանք իշխանություն են:

- Առաջին փուլում նման խնդիր դրված չէ: Եթե ուզում եք, որ մեր երկիրը լավ վիճակում լինի, ուրեմն ինձ վստահեք:

- Իսկ ովքե՞ր են ներգրավված նախաձեռնության կազմում:

- Մեր տավուշցիները` բոլորը Տավուշից են:

- Ասում են՝ նման նախաձեռնություններ նաեւ այլ մարզերում են լինելու` Սյունիք, Գեղարքունիք եւ այլն:

- Հնարավոր է: Ցանկանում ենք, որ այդպես լինի:

- Սա կոնկրետ ո՞ւմ նախաձեռնությունն է, անձամբ Ձե՞ր, թե՞ Մայր Աթոռի:

- Սա տավուշցիների նախաձեռնությունն է:

- Բայց, փաստորեն, Դուք Ձեզ վրա նման պատասխանատվություն եք վերցրել: Ի՞նչը դրդեց եկեղեցուն՝ այդ ծանր բեռն իր ուսերին վերցնել:

- Այստեղ եկեղեցու հարց չկա: Եթե ինչ-որ բան չանենք, վաղն ինքներս մեզ դատապարտելու ենք, որ ոչինչ չարեցինք: Ի՞նչ եղավ Արցախի ճակատագիրը, մենք հիմա բոլորս այդ մեղքի ու արյան մեջ ենք ապրում: Արդեն ոչ մի նշանակություն չունի` ովքեր ենք, որ կառույցից ենք, կարեւորը՝ մեր հայրենիքն է, մեր կյանքը: Մեր ունեցած կյանքը պետք է հնարավորինս պատվով ապրենք: Մեր նոր շարժման առաջնորդությունը «Պատիվ եւ հայրենիք» է կոչվում:

- Բայց եթե իշխանությունն իր բանակով, պետական կառույցներով դեմ է սեփական ժողովրդին, անհատներն, ապա ի՞նչ կարող են անել: Բանը հասել է նրան, որ ոսկեպարցի մի տարեց կին ասում է` հրացանը կվերցնեմ, կգնամ, իմ գյուղը կպաշտպանեմ:

- Դե, մարդիկ զգացմունքային են, դա նորմալ է: Ամեն դեպքում, այս հարցին եկեք շատ ռեալիստաբար չմոտենանք: Բոլորն էլ գիտեն, որ այս իշխանությունը սխալ է, ու մարդիկ, ամեն մեկը՝ յուրովի, ցանկանում է իր ձեւով արտահայտվել, իր դժգոհությունը հայտնել:

- Բայց ի՞նչ կարող են անել առանձին անհատները, երբ զինված ուժերը ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին:

- Չի կարող այդպես լինել:

- Բայց փաստ է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է հողեր հանձնելու մասին:

- Մենք գերագույն գլխավոր հրամանատար չունենք:

- Դե ֆակտո ունենք, ի դեպ` կարող է նաեւ ամեն րոպե մի թղթի տակ ստորագրել ու հանձնել գյուղերը:

- Դե, ամեն ինչ միայն ստորագրությամբ չէ:

- Տավուշում այս օրերին ի՞նչ իրավիճակ է:

- Մարդիկ հավաքվում են: Ամսի 13-ին, ժամը 2-ին Ոսկեպարում մեծ հավաք ենք նախատեսել:

- Իսկ տեղյակ չե՞ք՝ Փաշինյանը երբ է կրկին այցելելու Ոսկեպար:

- Տեղյակ չեմ, նախորդ անգամ էլ 30 րոպե առաջ էի տեղեկացել:

- Տավուշի մարզն ամենաիշխանական մարզերից է, այստեղ գերակշռում են Փաշինյանի աջակիցները, որովհետեւ ինքն Իջեւանից է, հիմա, այս օրերին ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Չէի ասի, թե իշխանականները շատ են, ոչ մի նման խնդիր չկա: Վերջին դեպքերն ամեն դեպքում մարդկանց մտահոգությունները շատացրել են, շատացել է նաեւ պատրաստակամությունն ու հայրենիքի զգացողությունը: