Իրենք ապամոնտաժելու տերն են, իսկ թե քանիսն է տեղադրվել` տեղյակ չեն

Իրենք ապամոնտաժելու տերն են, իսկ թե քանիսն է տեղադրվել` տեղյակ չեն

2023-ի ապրիլին Երևանի ավագանին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների չափորոշիչներում: 

Այսօր քաղաքապետարանը հայտարարել է, որ անցած մեկ տարում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 9600 գովազդ: Մեծ տեղեկատու դաշտով վահանակներից ամբողջությամբ մաքրվել են Բաղրամյան պողոտան ու Կիևյան փողոցը:

«Այն չափորոշիչները, որոնք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձն են ներառում և Երևանում տեսողական այդ աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էին: Այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի պատմամշակութային հուշարձանների ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի տեսքը բացվի»,- ընդգծել է քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: 

Ընդամենը յոթ ամիս է, ինչ քաղաքային իշխանության ղեկին է բազմել Տիգրան Ավինյանը, սակայն երևանցիներն այս ամիսների ընթացքում ՔՊ-ական իշխանության դառը պտուղները հասցրել են վայելել: Նախ կարմիր գծերի ահռելի թանկացումը, սեպտեմբերի 1-ից կթանկանա հանրային տրանսպորտը, չպատճառաբանված ծառահատումներ են իրականացվել եւ տնտեսվարողներին ստիպել են փոխել իրենց ցուցանակները` լրացուցիչ ծախսեր պարտադրելով նրանց: 

Եւ արդյոք այս գործընթացը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում` կապված այն բանի հետ, թե վահանակները որ ընկերությունն է պատրաստում, ով է այսքան փող աշխատելու քաղաքապետարանի այս որոշումից: 

Երևանի քաղաքապետարանից հետաքրքվեցինք, թե վերոնշյալ 9600 ապամոնտաժված վահանակներից քանի՞սն են արդեն վերականգնվել և ո՞ր ընկերությունների կողմից: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների խնդիրներով զբաղվում է իշխանական բարձր պաշտոնյաներից մեկի եղբոր ՍՊԸ-ն: 

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այժմ ապամոնտաժում ենք, կան պաստառներ, որոնք չափորոշիչներին չեն համապատասխանում, բայց հետո տվյալ տնտեսվարողը պետք է նոր էսքիզը մեզ ներկայացնի, մենք հաստատենք, ապա միայն փակցվի այն: Անգամ, եթե համապատասխանում է առկա գովազդը չափորոշիչներին, մինչև համապատասխան թույլտվություն չստանա, չի կարող ոչինչ տեղադրել: Հստակ թվեր այս պահին չեմ կարող ասել: Տրամաբանությունը հետևյալն է` այդ 9600 ապամոնտաժվածից գուցե ոչ մեկն այլևս չի ուզում ունենալ գովազդ: Այսինքն` պարտադիր չէ, որ քանդելուց, ապամոնտաժելուց հետո մարդիկ նորից գան ու դիմեն մեզ: Ինչ վերաբերում է պատվերներին, ապա դրանք անհատ-կազմակերպություններ են ու ամեն մարդ ազատ է ընտրություն կատարել: Ես ոչ մի կազմակերպության ծանոթ չեմ, անգամ անունները չգիտեմ»-նշեց նա: 

Կոստանյանը նշեց նաեւ, որ սահմանվել են չափորոշիչներ, որոնցով սահմանվում է, որ «գովազդը, գովազդի միջոցը պետք է համահունչ լինի Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված է այն»:

Ի դեպ, բացառված է, որ մարդիկ չցանկանան արտաքին գովազդ ունենալ, պատկերացրեք` վարսավիրանոց, դեղատուն, ռեստորան, կամ խանութ, որը ցուցանակ չունի, նման բան պարզապես չի կարող լինել` մանավանդ եթե սպառողների հետ գործ ունեն եւ մարդը պետք է իմանա որտեղից օգտվի, որտեղ գնում կատարի, որտեղ սպասարկվի: Դա բիզնեսի տարրական կանոնն է:

Մենք նաև փոքրիկ զրույց ունեցանք «Ուրարտու» խանութների ցանցի մենեջերի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ փոխվել է գովազդային պաստառը և արդեն համապատասխանում է չափորոշիչներին, սակայն թե որ ՍՊԸ-ին են դիմել` նոր վահանակների համար, աշխատակիցը նշեց, որ տեղյակ չէ: