Ի՞նչ է սպասվում Թուրքիայում մոտ ապագայում

Ի՞նչ է սպասվում Թուրքիայում մոտ ապագայում

Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար այդ երկրի կարեւոր քաղաքներում ավարտվեցին պարտություններով։

Ստամբուլում, նույնիսկ, իշխանության եկավ ընդդիմադիր «Ժողովրդա-Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն, անկախ այն հանգամանքից, որ Էրդողանը փորձում էր կրկնակի ընտրությամբ այն պահել իր ձեռքում։ Սա ցավոտ հարց դարձավ Էրդողանի թիմի համար, քանի որ թուրքական իրականության մեջ տիրապետող մտայնությունների համաձայն, նա ով իշխում է Ստամբուլում, իշխում է ողջ Թուրքիայում։

Քաղաքագիտական եւ վերլուծական շրջանակները սկսել են դիսկուրս Թուրքիայում համապետական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։ Կա ընդհանուր ներքաղաքական հուզում եւ այնպիսի տպավորություն է, ասես Թուրքիայում առաջիկայում պետք է համապետական արտահերթ ընտրություններ տեղի ունենան։ Վերլուծաբան Արիֆ Ասալիօղլուն, «Ռեգնումում» հրապարակած իր հոդվածում առանձնացրել է մի շարք ցուցիչներ, որոնք էլ, ըստ նրա, հուշում են, որ Էրդողանի իշխանության վերջալույսը հեռու սարերի հետեւում չէ։

Բանն այն է, որ ԱԶԿ-ն իշխանության ղեկին է արդեն 17 տարի եւ այժմ իր ամենաթույլ եւ խոցելի ժամանակներն է ապրում։ Էրդողանը կորցնում է ոչ միայն իր ընտրողին, այնպես էլ կողմնակիցներին, որոնց հետ սկսել է իշխանության գալու ճանապարհը։ ԱԶԿ-ի նախկին շատ երեւելի անդամներ հեռացել են նրանից եւ կան ազդակներ, որ նոր կուսակցություններ են հիմնադրում։

Տնտեսական ու ֆինանսական դժվարությունները, ինչպես նաեւ վստահության կորուստը կամաց-կամաց թուլացնում է հողը Էրդողանի եւ նրա թիմի ոտքերի տակ։ Գործող նախագահը նոր կառավարման համակարգով իշխանությունն ստացավ «Ազգայնական շարժում» կուսակցության աջակցությամբ, ինչը նշանակում է, որ ԱԶԿ-ի ձեռքում հիմա մնացել է երկու հաղթաթուղթ՝ տեղայնականությունը եւ ազգայնականությունը։

Իրավիճակն այնպիսին է, որ հասարակ քաղաքու անկում ապրող բարեկեցության պայմաններում ԱԶԿ-ի համար կենսական կարեւորություն է ստացել ազգայնականների աջակցությունը։ Էրդողանն անակնկալ կերպով հանդիպել է դեռ հուլիսի 31-ին ազգայնականների իր դաշնակից կուսակցությունից Դեւլեթ Բախչելիի հետ, ինչը թուրքական քաղաքագիտական շրջանակներին կրկին հուշում է, որ հնարավոր է արտահերթ ընտրություններ տեղի ունենան։

Ընդ որում, ինչը հատկապես ուշագրավ է, հանդիպումը տեղի է ունեցել Բարձրագույն ռազմական խորհրդի նիստի նախօրեին։ Հնարավոր է, որ Էրդողանի թիմում մտածում են, որ կարելի է անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի դեռ տնտեսության անկումը այնպիսի չափերի չի հասել, որ սոցիալական խնդիրները ծառանալով վերաճեն քաղաքականի ու երկիրը կանգնեցնեն ցնցումների առաջ։

Հետաքրքրական է նաեւ այն, որ այդ ինտրիգային հանդիպումը նշանավորվեց Բախչելիի ազգայնականների իր կուսակցությունից հեռանալով ու «Լավ» կուսակցությանը «հարազատ բույնը» վերադառնալու կոչով։ Արտահերթ ընտրությունները կարող են հանկարծակիի բերել Էրդողանի հիմնական մրցակիցներից համարվող նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին եւ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին, որոնք դուրս գալով իշխանության «բույնից» ակտիվորեն զբաղված են կուսակցաշինությամբ։

Բաբաջանն ապագային նայող պրագմատիկ գործիչ է եւ ոչ թե թուրքական անցյալի փառքը գովերգող եւ կարեւորում է կոլեկտիվ մտածողությունը՝ խնդիրների լուծումների որոնման եւ գտնելու ուղղությամբ։ Բացի այդ, իշխանության ներսում եւս ամեն բան հանգիստ չէ։ Ի դեմս կուսակցության Անկարայի տարածքային մարմնի ղեկվար Նեդիմ Յամալիի, ձեւավորվում է ներիշխանական ընդդիմադիր բեւեռը։ Յամալին դեմ է նախագահական կառավարման համակարգին եւ կարծում է, որ այն անիմաստ հավելյալ ռիսկեր եւ անկանխատեսելիություն ու անկայունություն է բերել Թուրքիային։

Էրդողանին լքել է նաեւ ԱԶԿ համահիմնադիրներից Ռուսթեմ Զեյդանը։ Նա էլ ասել է, որ չի հեռանում քաղաքականություն եւ մնում է նրանց կողքին, ովքեր ջանքեր են ներդնում Թուրքիայի քաղաքականության մեջ։ Ներքաղաքական այս խմորումները, զուգորդված տնտեսական անկմամբ, ազգային արժույթի էժանացմամբ, բարեկեցության վայրընթացությամբ, ուշ թե շուտ Էրդողանին հանելու են նախագահական պալատից՝ 2023 թվականից շատ ավելի շուտ, քանի որ իշխանական համակարգը կորցնում է կենսունակությունը։ Ամենայն հավանականությամբ նա կխաղարկի ԱԶԿ եւ ազգայնականներ դաշնակցային ճակատով արտահերթի գնալու խաղաքարտը, փորձելով պահել դիրքերը։

Արիֆ Ասալիօղլու

REGNUM.