Հակագաղափարախոսության վնասները
Երեւանի ավագանու նիստում երեկ մի հանճարեղ հայտարարություն եղավ: Կարող եմ 100 տոկոսով վստահ ասել, որ 2018-ից այս կողմ Երեւանի ավագանու նիստերում նման միտք չի բարձրաձայնվել: ՀՀ իշխանությանն ուղղված ինչպիսի դիպուկ խոսք, ավելի ճիշտ՝ ինչպիսի ճիշտ խորհուրդ: Ի դեպ՝ հենց իշխանության, «Հանրապետություն» կուսակցությունը հաստատ իշխանություն է, ներկայացուցչի շուրթերից: Հայկ Սահակյան, դու ավագանի չես, դու դեմք ես՝ քո կուսակցության լիդերից էլ հզոր դեմք: Էդ բանը միայն դու կարող էիր ասել եւ ասացիր…
Գաղտնիք չէ, որ Նիկոլի քաղաքական ախոռն այս տարիների ընթացքում բավականին աճել է: Թվական աճը դեռ մի կողմ` զգալի աճ է տվել գաղափարական հողի վրա, ինչը, բնականաբար, հղի է բոլոր գաղափարախոսությունների համար լուրջ վտանգներով: Այնպես որ, երբ Նիկոլն ասում էր, թե իրենք գաղափարախոսություն չունեն, այնքան էլ ճիշտ չէր ասում: Նիկոլի եւ նրա քաղաքական ախոռի գաղափարախոսությունը մեկ բառով կարելի է բնութագրել որպես հակախոսություն: «Հակա»-ով ինչքան բառ գիտեք, կարող եք ասել՝ հակազգային, հակաժողովրդական, հակաժողովրդավարական, հակասոցիալական, հակամարդկային, հակագեղագիտական, հակաիրավական, հակագիտական, հակահիգիենիկ… Եվ այսքան «հակայի» մեջ Նիկոլը, նիկոլենք հանկարծ խոսում են պետության ու պետականության մասին: Այո, դա աբսուրդ է: Չի կարող հակազգային երեւույթը լինել պետության ու պետականության ջատագով: Հակաժողովրդավար եւ հակամարդկային գոյացությունը չի կարող լինել պետության ու կառավարության գլուխ: Նմանին առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է հեռացնել պետությունից էլ, կառավարությունից էլ, այլապես նա կկործանի ամեն ինչ, որ դարերով ստեղծել է ազգը, ինչին իր պայքարի շնորհիվ հասել է տվյալ ժողովուրդը՝ անկախություն, ինքնիշխան պետություն եւ այլն:
Ի՞նչ է ասել «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Հայկ Սահակյանը: Ուրեմն նա ահավոր նեղվել է իշխանությունների հասցեին Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատական (ոմանց կարծիքով՝ սուր) ելույթից եւ արդեն ավագանու մանդատից զրկված Մարությանի հետեւից բղավել. «3 տարում 3 տարբեր կուսակցություն փոխած Հայկ Մարությանն իրավունք չունի խոսել արդարությունից եւ բարոյականությունից: Ես նրան խորհուրդ եմ տալիս վերադառնալ բեմ, որովհետեւ կանացի հագուստը նրան շատ է սազում։ Ժամանակն է, որ ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»: Զգո՞ւմ եք Արամ Սարգսյանի քաղաքական ախոռի ներկայացուցչի ռազմախը… Այս երիտասարդը շատ հեռուն կգնա, հիշեք խոսքս: Տեսեք՝ ինչ է ասում. «Ժամանակն է, որ ամեն մարդ վերադառնա այնտեղ, որտեղից եկել է»: Բա հանճարեղ չի՞… Ես լիովին համաձայն եմ: Իսկապես հրաշալի կլիներ, եթե Հայաստանն այս օրը գցած բոլոր հացկատակները վերադառնային այնտեղ, որտեղից եկել են: Այսինքն՝ ե՛ւ Հայկ Մարությանը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Տիգրան Ավինյանը, ե՛ւ ՀՀ կառավարության ողջ կազմը, ե՛ւ ԱԺ ՔՊ ողջ ֆրակցիան, ե՛ւ Երեւանը կառավարող մեռելածին փոքրամասնությունը… բոլորը: Նիկոլը, օրինակ, վերադառնա «Հայկական ժամանակ», Ավինյանը՝ քոլ-մոլ աճեցնելու, կոռումպացված մինիստրները տաքսի քշեն, ԱԺ ՔՊ ֆրակցիան, Երեւանի ՔՊ-ական ավագանին ցրվեն տներով ու զբաղվեն Հայաստան մտնող «ապրանք» իրացնելով, գրանտներ գրելով: Դե որ ասում է՝ ամեն մարդ, ուրեմն՝ ամեն մարդ: Նիկոլի բոլոր վնգստացող դատավորներն էլ, ԲԴԽ ողջ կազմը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ: Կարեն Անդրեասյանին ընդհանրապես պետք է տանել ու Ջհանգիրյանին հետ բերել: Ջհանգիրյանը գոնե «չիստասերդեչնի» խոստովանում էր, որ իր վզին դրել են…
Կեցցես, Հայկ Սահակյան: Դու ճիշտ ես, ամեն տեղ «պռավալ է», ու մինչեւ ամեն մարդ չվերադառնա այնտեղ, որտեղից եկել է, ոչինչ չի փոխվի: Պարզապես դու մի հարցում սխալ ես թույլ տվել: Կարիք չկար Հայկ Մարությանին ասել, որ «կանացի հագուստը նրան շատ է սազում»: Ախր դրանք ընդամենը կերպարներ են, որոնց Հայկ Մարությանը կերտել է որպես դերասան: Գոնե գիտե՞ս, թե աշխարհում քանի հանճարեղ տղամարդ է կնոջ դեր խաղացել բեմում: Դու վիրավորել ես Հայկ Մարությանին, այն մարդուն, որի ժողգործիքները 2018-ին մաժմժում էին քո քաղաքական հայրերը, որպեսզի նա կանգնի իրենց կողքին: Այսօր, սակայն, երբ Մարությանը ձեզ արդարացիորեն քննադատում է, նրան զրկում եք ավագանու մանդատից՝ հաշվի չառնելով անգամ Հայկ Մարությանի ընտրազանգվածին, որը հաստատ ավելի մեծ է, քան ՔՊ-«Հանրապետություն» կոչվող կոալիցիայի նկարով զանգվածը: Հակաժողովրդավարությունը պոզով-պոչո՞վ է լինում:
Կարծիքներ